«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2011-08-17 | #143, 2011-08-18 | #144, 2011-08-19


ԱՐՄԵՆ ՏՈՆԵԼՅԱՆԻ ՆՈՐ ԽՏԱՍԿԱՎԱՌԱԿԸՙ «ԻԾԱՇԱՐՈՒԿ»

Չորս տասնամյակների երաժշտական բեղմնավոր կյանք վարած երգահան եւ դաշնակահար Արմեն Տոնելյանը, որն այդ ընթացքում համագործակցել է Սոնի Ռոլինզի, Բիլի Հարպերի, Չեթ Բեյքրի եւ Մոնգո Սանտամարիայի հետ, «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի (օգոստոսի 6, 2011) փոխանցմամբ վերջերս հայտարարել է, որ իր նոր «Իծաշարուկ» («Heapfrog») խտասկավառակը թողարկվելու է առաջիկա սեպտեմբերի 13-ին:

Հոլանդացի տենոր-սաքսոֆոնահար Մարկ Մոմաասի, կիթառահար Մայք Մորենոյի, վետերան բասիստ Դին Ջոնսոնի եւ թմբկահար Տայշոն Սորեյի մասնակցությամբ կազմված տաղանդավոր նվագախմբի հետ կատարված նրա այս իններորդ ալբոմի մասնագետների գնահատմամբ վերահաստատելու է բարձրագույն մակարդակի իմպրովիզատորի նրա համբավը:

«Ջազի բնագավառում հին ոճերի կրկնություններն այնքան շատ են մեր օրերում, որ ես մտածեցի մի քայլ առաջ գնալու մասին, ինչպես ասում ենՙ մի ոտքը ավանդականի ոլորտում պահելով հանդերձ, մյուսը մեկնել դեպի ապագան: Ինձ ոգեւորում են իմ մտահոգություններն այն մասին, թե ուր է գնում աշխարհն այս օրերին», ասում է Տոնելյանը:

Արմեն Տոնելյանը ծնվել է Քուինզում (Նյու Յորք), 1950-ին: Ջազի հետ առնչվել է 12 տարեկանից, բայց ավելի լուրջ սկսել է զբաղվել դրանով դաշնակահար Ռիչի Բայրակի եւ Մոնգո Սանտամարիայի հետ հանդիպումներից հետո: Ղեկավարել է մի շարք առաջնակարգ նվագախմբեր: Հավատարիմ մնալով իր հայկական արմատներին նա Ջորջ Ավագյանի համագործակցությամբ թողարկել է հայկական ժողովրդական երգերի ջազային մեկնաբանությունների մի հավաքածուՙ «Լսիր սրտիս ձայնը» խորագրով: Հաճախակի այցելել է Հայաստան եւ 2002-ին դասավանդել Երեւանի պետական երաժշտանոցում:

Տոնելյանի ղեկավարած «Դիկ Օտս» նվագախումբը սեպտեմբերի 23-ին եւ 24-ին երկու շնորհանդեսային համերգներով ներկայացնելու է նոր ալբոմը «Ֆայրհաուսում» (Նյու Հեյվն) եւ «Կորնելիա սթրիթ» սրճարանում:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4