«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2011-08-18 | #144, 2011-08-19 | #145, 2011-08-20


ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ՄԱՍԻՆՙ ՀԱՐՎԱՐԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Հարվարդի համալսարանի Մաշտոցի անվան հայկական ուսումնասիրությունների ամբիոնի, մերձավորարեւելյան լեզուների եւ քաղաքակրթությունների բաժնի, ռուսական եւ եվրասիական ուսումնասիրությունների Դեյվիս կենտրոնի, Հարվարդի հայկական ընկերության, Ժամանակակից հայկական ուսումնասիրությունների եւ վավերագրության Զորյան ինստիտուտի, ինչպես նաեւ Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայի (ՆԱԱՍՐ) համատեղ հովանավորությամբ, առաջիկա սեպտեմբերի 14-ին, ըստ ստացված հաղորդագրության, Հարվարդի համալսարանի կառավարման եւ միջազգային ուսումնասիրությունների կենտրոնում տեղի է ունենալու Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանի արդի հայկական պատմության Ռիչարդ Հովհաննիսյանի անվան ամբիոնի նորանշանակ վարիչ, դոկտ. Սեպուհ Ասլանյանի դասախոսությունը «Հնդկաց օվկիանոսից մինչեւ Միջերկրական ծով: Նոր Ջուղայի հայ առեւտրականների ճանապարհորդությունները» թեմայով, հիմնված իր հեղինակած եւ Կալիֆոռնիա համալսարանի հրատարակած նույնանուն գրքի նյութերի վրա:

Գիրքը մեծապես գնահատվել է գրաքննադատների կողմից: Այոնա քոլեջի դասախոսներից պրոֆ. Ջորջ Բուռնությանը «Եզակի եւ լավագույնս ուսումնասիրված աշխատություն» է որակել, որը «գերազանցում է Նոր Ջուղայի հայ առեւտրականների մասին նախօրոք գրված բոլոր հրատարակությունները»: Գիրքը նաեւ «Կալիֆոռնիայի համաշխարհային պատմության գրադարանի» կողմից ընտրվել է, որ վերահրատարակվի որպես առաջին գիրքը իրենց նոր մատենաշարի, որին տվել են «Հեղինակային դրոշմ» անունը: Այդ մատենաշարում նախատեսում են հրատարակել աչքի ընկնող գիտնականների առաջին գրքերը:

Դոկտ. Ասլանյանը իր դոկտորականը գերազանցությամբ պաշտպանել է Կոլումբիա համալսարանում 2007-ին: Համաշխարհային եւ հայկական արդի պատմության վաղ շրջանի մասնագետ է: Նախկինում դասավանդել է Կոռնելի եւ Լոնգ Բիչի համալսարաններում: Հեղինակ է բազմաթիվ հոդվածների, որոնք հրատարակվել են «Journal of World History», «Journal of the Social and Economic History of the Orient» եւ այլ պարբերականներում:

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4