«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2011-08-18 | #144, 2011-08-19 | #145, 2011-08-20


ՀՅԴ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Եվ հրաժարվել մասնակցել ի պատիվ վերջինիս լոսանջելեսյան ճաշկերույթին

ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ ՀՀ Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսությունը «Բեւեռլի Հիլթն» հյուրանոցում ի պատիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տոնական հանդիսավոր ճաշկերույթ է կազմակերպելու: ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեն երեկ խիստ գնահատականներով հայտարարություն է ընդունել` մերժելով կազմակերպության մասնակցությունը լոսանջելեսյան ճաշկերույթին:

«Անկախության 20-ամյակի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությունը, առավել եւս ի պատիվ իրեն կազմակերպած տոնական հանդիսավոր ճաշկերույթը, ստվեր կգցի անկախության գաղափարին եւ կնսեմացնի մեր ժողովրդի արդարության վերականգնման համար մղած պայքարը», ասված է «Ազգ»-ին ուղարկված հայտարարության մեջ:

Կոմիտեի գնահատմամբ` անկախության տոնակատարությունը չի կարող առիթ հանդիսանալ փառավորելու հեղինակազրկված պաշտոնատարներին, տվյալ դեպքումՙ ՀՀ նախագահին, ում վարած քաղաքականության հետեւանքով քսանամյա անկախ Հայաստանն ամեն օր ավելի ու ավելի է խեղդվում փտախտի տիղմում: Որպեսզի ապահովվի հանցավոր վարչակարգի վերարտադրությունը, ժողովրդավարությունն ու ժողովրդավարական արժեքները շարունակում են ոտնահարվել:

Կոմիտեն բացասական է գնահատում քաղաքացիական հասարակության զարգացման արգելակումը, դատական համակարգի արդարության եւ անկախության բացակայությունը: «Այդ ամենը ներկայիս նախագահի օրոք ստեղծել են բարոյահոգեբանական այնպիսի անառողջ մթնոլորտ, որ խախտվել է հայ մարդու հավատքը պետության եւ պետականության նկատմամբ»: «Չենք կարող փառավորել մի նախագահի, որ Արցախի հիմնահարցի լուծման բանակցությունները վարելու ամուր դիրքերը վաղուց զիջել է եւ բազմիցս հայտարարել ԼՂՀ-ի սահմանադրությամբ ամրագրված տարածքներ զիջելու իր պատրաստակամությունը: Խոր մտահոգությամբ կհետեւենք բանակցային նոր զարգացումներին, որոնք յուրաքանչյուր պահի կարող են տագնապի առջեւ կանգնեցել հայ ժողովրդին ու վտանգել Արցախի անկախ հանրապետությունն ու ժողովրդի անվտանգությունը: Չենք կարող փառավորել նախագահի, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը տարավ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունների նվաստացուցիչ եւ պարտվողական ճանապարհով, ծանր կորուստների առջեւ դնելով մեր ժողովրդին»:

Հայտարարությունը երեկ Երեւանից մեկնաբանել է ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

«Հայտարարությունն արտահայտում է կենտրոնական կոմիտեի դիրքորոշումը եւ թերեւս արդյունք է գաղութում առկա որոշակի տրամադրությունների: Հասկանալի է, որ ՀՀ-ում կուտակվել են բազմաթիվ հիմնահարցեր, առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ: Բայց 20-ամյա տարեդարձը մեր ընդհանուր հաղթանակի եւ ձեռքբերումների ամրագրումն է: Մենք իրավունք չունենք այս մակարդակի միջոցառումներում, անձնավորված հարաբերություններով եւ հուզական քայլերով առաջնորդվելու, այլ առիթը պետք է օգտագործենք` մնալով հանդերձ մեր սկզբունքային դիրքերում` նման միջոցառումներով արտահայտելու մեր միասնականությունն ու համախմբվածությունը», հայտարարել է Կիրո Մանոյանը:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4