«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2011-08-24 | #148, 2011-08-25 | #149, 2011-08-26


ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՌԱՏՈՆ ՓԱՍԱԴԵՆԱՅՈՒՄ

Հայկական ինքնությունը հաստատող չորրորդ ավանդական փառատոնը կայացել է հուլիսի 31-ին Փասադենայի (Կալիֆոռնիա) «Հաղթանակի այգում», կազմակերպությամբ Փասադենայի Հայկական համայնքի կոալիցիոն հանձնախմբի եւ հանդիսավարությամբ Մարի Ագուլյանի:

«Արմինյն միրոր-սփեքթեյթրի» հաղորդմամբ ավելի քան երեք հազար հանդիսատես է ներկա գտնվել միջոցառմանը, որն սկսվել է Ամերիկայի եւ Հայաստանի ազգային օրհներգերի կատարմամբ, եւ քանի որ հանդիսությունը համընկել է Փասադենայի հիմնադրման 125-րդ տարեդարձի հետ, ապա քաղաքային եւ վարչական շրջանի բարձրաստիճան ներկայացուցիչներՙ քաղաքապետ Բիլ Բոգարտի գլխավորությամբ տարեդարձի տորթը կտրել են Արա Սահակյանի «Ծնունդդ շնորհավոր, Փասադենա» երգի հնչյունների ներքո:

Տեղի է ունեցել գեղարվեստական ծրագիր, հայկական ճաշատեսակների համտեսում, դասական ավտոմեքենաների ցուցահանդես եւ կարատեի պաշտպանական շարժումների ցուցադրում:

Ըստ թերթի լրատվության, առաջին հայըՙ Մ. Փաշկյանը 1889-ին է հաստատվել այնտեղ քաղաքի հիմնադրումից ընդամենը երեք տարի անց: Նրա ապրած շենքը մինչեւ օրս կանգուն է մնում «Կոլորադո Բուլվարի» վրա: Ներկայիս Փասադենայում գործում են 6 հայկական եկեղեցիներ, 4 հայկական դպրոցներ եւ երեք մշակութային կազմակերպություններ: 30 հազարի հասնող համայնքն ունի նաեւ երկու հայկական թերթ:

Հայկական համայնքի կոալիցիոն հանձնախումբը կազմված է դպրոցների, եկեղեցիների եւ մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներից: Նպատակն է համախմբել համայնքի անդամներին, բարելավել կրթական համակարգը եւ ավելի լավ պայմաններ ստեղծել քաղաքի հայ բնակչության համար: Նաեւ հանձնախումբը մտադիր է այդ նույն «Հաղթանակի այգում» կանգնեցնել հայերի ցեղասպանությանը նվիրված մի հուշակոթող: Այդ առթիվ 6 արվեստագետներ իրենց էսքիզներն են ցուցադրել միջոցառման ժամանակ եւ ստորագրահավաք է տեղի ունեցել (կոթողի կանգնեցման թույլտվություն ստանալու համար), որի տակ առաջինը ստորագրել է քաղաքապետը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4