«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#148, 2011-08-25 | #149, 2011-08-26 | #150, 2011-08-27


ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ. ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԲԱԿՆ ՈՒ ՇԱՏՐՎԱՆՆ ԷԼ ԿԿԱՌՈՒՑԱՊԱՏԵՆ

Թեպետ Մկրտիչ Մինասյանը ոչ միայն ճարտարապետների միության նախագահն է, այլեւ Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի բակի, շատրվանների նախագծողներից մեկը, սակայն ընդամենը մեկ շաբաթ առաջ է, այն էլ մամուլից, տեղեկացել, որ քաղաքապետարանի նախագծով եւ կառավարության որոշմամբ մետրոյին հարակից տարածքում 7-հարկանի 4-աստղանի հյուրանոց է կառուցվելու: Մինասյանը Հայաստանում չի եղել, սակայն ո՛չ քաղաքապետարանը, ո՛չ էլ մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը ճարտարապետների միությանը չեն տեղեկացրել իրենց հերթական «խիզախ» քայլի մասին: Կառավարության որոշմամբ նախատեսվում է կառուցել միջազգային դասի չորսաստղանի հյուրանոց, որը ներառելու է ընդունելության եւ խորհրդակցության սրահ, մարզադահլիճ, խաղասրահ, ռեստորան եւ սրճարան:

Մինասյանը իրավացիորեն հավելում է, որ դա այն վայրը չէ, որտեղ կարելի է կառուցել նման հյուրանոց: «Փորձ կարվի բակը` իր շատրվաններով, նույնպես մտցնել այդ կառույցի շրջանակներում»: Մինասյանը բացատրում է, որ նման հյուրանոցի համար անհրաժեշտ է ավելի մեծ տարածք, որպեսզի ապահովվեն այցելուների պահանջները: «Չկան մեքենաների համար նախատեսված կանգառի հատված, սրահներ, ռեստորաններ, սրճարան կառուցելու համար սահմանված տարածքը բավարար չէ»: Մետրոյի 5 րոպե պարբերականությամբ կրկնվող ցնցումները նույնպես բարենպաստ չեն նման կառույցի համար:

Մինասյանը հիշեցնում է, որ շատրվաններն ու բակը կառուցվել են 1981-ին եւ մի քանի տարի անց հայտնվել են անմխիթար պայմաններում: Տարածքն անհրաժեշտ է բարեկարգել, ոչ թե տեղում հյուրանոց կառուցել: Ի դեպ, բակն ու շատրվանները ժամանակին արժանացել են պետական մրցանակի:

ճարտարպետը հավելում է, որ մինչ որոշում կայացնելը անհրաժեշտ էր մանրամասն հաշվարկել, որովհետեւ նման փոքր հատվածում հյուրանոցային համալիր կառուցելն անհնար է առանց մետրոյի բակի կառուցապատման: «Որոշումը հապշտապ էր եւ ոչ բազմակողմանի քննարկված»:

Մկրտիչ Մինասյանը հիշում է, որ 3 ամիս առաջՙ Հանրային խորհրդի քննարկման ժամանակ Երեւանի քաղաքապետարանի ավագանի, ճարտարապետ Լեւոն Իգիթյանն ասել է, որ շուտով մետրոյի այդ կայարանը կքանդեն եւ կազատվեն դրանից: Ճարտարապետը մտավախություն ունի, որ նախկինում կառուցված կառույցների ապամոնտաժումը եւ դրանց փոխարեն նոր բարձրահարկերի կառուցումը դառնում են վատ սովորույթ:

Թեպետ քաղաքապետարանում քաղաքաշինական խորհուրդը հավանություն է տվել նախագծին, սակայն Մինասյանը շեշտում է, որ խորհուրդը որպես այդպիսին ուժ չունի, որովհետեւ կարող է խորհուրդ տալ, իսկ եթե անգամ բացասական կարծիք արտահայտի, միեւնույնն է, որոշումն ընդունում են գլխավոր ճարտարապետն ու քաղաքապետը: Ըստ լուրերի, հյուրանոցի տերը գործարար Սամվել Կարապետյանն է: Մինասյանը հարգում է թե՛ Սամվել Կարապետյանին, թե՛ քաղաքապետին, մեղադրում է նրանց խորհուրդ տվողներին, որ մերկապարանոց հայտարարություններ են անում, թե կառուցապատման համար խնդիրներ չեն ծագի, իսկ եթե ծագեն, ապա հեշտությամբ կլուծվեն:

Ավելինՙ Մինասյանին իր աղբյուրները հայտնել են, որ Սամվել Կարապետյանը չի պնդել, որ հյուրանոցը կառուցվի հենց այդ վայրում. դա իրեն առաջարկել են:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4