«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#149, 2011-08-26 | #150, 2011-08-27 | #151, 2011-08-30


ՕՄԲՈՒԴՍՄԵՆ-ՆԱԽԱՐԱՐ, ՌԱՈՒՆԴ 2. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԱԿՈՐԴ

Թեպետ երեկ ԿԳ նախարարությունը հաղորդագրություն էր տարածել` խոստանալով հրապարակել իրավական բոլոր հիմքերը, որոնք կապացուցեն, որ դասագրքերի մրցույթում մարդու իրավունքների խախտման որեւէ դեպք չի եղել, սակայն մինչ երեկո ԿԳ նախարարությունից որեւէ հավաստիացում չստացանք:

Այն չկար նաեւ նախարարության պաշտոնական կայքէջում` www.edu.am : Նախարարության հիմնավորումներին է սպասել նաեւ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Սակայն, պատասխանի չսպասելով, տարածել է հերթական հայտարարությունը.

«ՄԻՊ-ի առաջարկըՙ կանոնակարգել կրթության եւ գիտության նախարարության կողմից անցկացվող մրցութային համակարգը, ցավալիորեն վերածվեց անընդունելի բանավեճի, կարելի է արձագանքել, որ պետական որոշ մարմիններում սեփական սխալներն ու բացթողումները ընդունելու կամքի բացակայությունը բարեփոխումների ամենամեծ խոչընդոտն է: ՄԻՊ-ը կրկին փաստել է, որ նախարարությունը խախտել է մարդու իրավունքը եւ ոչինչ չի ձեռնարկում այդ խախտումը վերացնելու ուղղությամբ»:

ՄԻՊ-ի ներկայացմամբՙ քաղաքացի Հովհաննես Բարսեղյանը պաշտպանի գրասենյակին դիմում բողոք է ներկայացրել, որ 7-9-րդ դասարանների երկրաչափության դասագրքերի մրցույթն ընթացել է մրցակիցների միջեւ անհավասար պայմաններում: «Անձը, լինելով մրցութային հանձնաժողովի անդամ, եղել է շահած գրքի թարգմանչի կողմից նախկինում ներկայացված եւ շահած գրքերի մասնագիտական խմբագիրը: Անթույլատրելի է կոլեգիալ կազմի անդամի առնչությունը որոշումների կայացման գործընթացին, քանի որ նա նախկինոմ գործել է ի շահ այդ գործընթացի մասնակիցներից որեւէ մեկի, կամ առկա են այլ հանգամանքներ, որոնք վկայում են կոլեգիալ կազմի անդամի ուղղակիորեն կամ անուղղակի շահագրգռված լինելու մասին, ինչը կասկած է հարուցում տվյալ գործի առնչությամբ նրա անաչառության մասին»: Ներկայացնելով մի շարք մանրամասներ եւս, ՄԻՊ-ը հավելում է, որ այսքանով եզրափակում է օմբուդսմեն-նախարար վեճը, քանի որ Հայաստանում բազմաթիվ են մարդու իրավունքներ խախտած քաղաքացիները եւ պետք է զբաղվի նրանք խնդիրներով:

Օմբուդսմենի հայտարարությունից կես ժամ անց հրապարակվեց նախարարության հայտարարությունը:

«Մրցույթին ներկայացված դասագրքերի հեղինակները չեն հանդիսանում մրցույթի մասնակիցներ ու պայմանագրային հիմունքներով քաղաքացիաիրավական հարաբերություններ են ունեցել միայն հրատարակչական կազմակերպությունների հետ, իսկ դասագրքերի մրցույթի իրական մասնակիցները, որպես պայմանագրային հարաբերությունների սուբյեկտներ հանդիսանում են հրատարակչական կազմակերպությունները: Հետեւաբար, տվյալ գործընթացում հեղինակների պարագայում մարդու իրավունքների խախտում չէր կարող լինել:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4