«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2011-08-30 | #152, 2011-08-31 | #154, 2011-09-02


ՔԱՂԱՔԱՊԵՏ-ԿՐՊԱԿԱՊԵՏ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Այսօր ԱԺ-ում կքննարկվի կրպակատերերի հարցը

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշումը` մայրաքաղաքը մաքրել կրպակներից, առաջացրել է հասարակաության որոշ խավի դժգոհություն: Ըստ քաղաքապետարանի տվյալների` ապամոնտաժվել է մի քանի հարյուր կրպակ, նույնքան էլ դեռ պետք է ապամոնտաժվի: Քաղաքապետի որոշումը քննադատել էր մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը` փաստելով, որ դա հարվածում է հատկապես անապահով խավին:

Որոշման սահմանադրական եւ իրավական ակտերի հարցն է երեկ քննարկվել Քաղաքացիական ազգային նախաձեռնությունում` մասնակցությամբ կրպակատերերի, փաստաբանի եւ ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանի :

«Քաղաքապետը հայտարարում է, որ նոր կրպակների վարձակալությունը չպետք է թույլատրվի, պետք է ապամոնտաժվեն լքյալ կրպակները, եւ կենտրոնական փողոցներում, կանաչ գոտիներում կրպակների գործունեությունը պետք է դադարեցվի: Այսինքնՙ կրպակների գործունեությունն ընդհանրապես արգելվում է: Քաղաքապետը մեղքը գցում է բնակիչների վրա` ասելով, որ նրանք են բողոքել», ասում է պատգամավորը` առաջարկելով հանրաքվե անցկացնել` պարզելու, թե որն է քաղաքի շահն եւ ով է այն սահմանում: Սաֆարյանի փոխանցմամբ` վարչական տարբեր շրջաններ տարբեր տեսակի ծանուցումներ էին ուղարկել կրպակատերերին: Սկզբում ասվել է, որ ոչ թե ապամոնտաժում են, այլ գույքագրում, հետո, որ քաղաքապետը ապամոնտաժման հանձնարարական է տվել: Ավելի ուշ պարզվել է, որ քաղաքապետը գրավոր հանձնարարական չի տվել, եւ կրպակատերերի հարցը լուծվել է բանավոր: «Սրան զուգահեռ, բացառության կարգով, «Պրես Ստենդի» կրպակները շարունակվում են տեղադրվել մայրաքաղաքի փողոցներում», ասում է Սաֆարյանը:

Նրա մեկնաբանությամբ` ներկայիս քաղաքապետն ու քաղաքապետարանը փոխել են խաղի կանոնները երեւանցիների նկատմամբ: «2009-ին Երեւանի ընտրված քաղաքապետը նման ծրագիր չի ներկայացրել, եւ մարդիկ նրան ընտրել են: Կարեն Կարապետյանը նրա թիմից էր, նրանք միմյանց շարունակությունն են, հետեւաբար նա չէր կարող նման որոշում կայացնել: Երեւանցիներն ընտրել են մի քաղաքապետի, որը նման ծրագիր չի առաջարկել»:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը , որը համաձայն է պաշտպանել կրպակատերերի իրավունքները նաեւ դատարանում, հավելում է, որ քաղաքապետը պետք է գրավոր հանձնարարականով ներկայանար. բանավոր խոսքը որեւէ ուժ չունի: «Չկա հանձարարական, իրավական ակտ, որով կրպակները ապամոնտաժվեն»: Փաստաբանի գնահատմամբ` ապամոնտաժումը պետք է իրականացվեր միայն օրենքի մակարդակով: «Եթե որոշում է ընդունում, ապա պետք է հղում կատարի օրենքի: Քանի որ նման օրենք չկա, գրավոր հանձնարարական չի տվել: Գրավոր հանձնարարականի բացակայության պարագայում քաղաքացին չի կարող դատարանում վիճարկել»: Հայրապետյանը հավելում է, որ քաղաքապետը խախտել է սահմանադրությունը, կառավարության որոշումներն ու հողային օրենսգրքի մի շարք օրենքներ: Մասնավորապես արգելվում է դադարեցնել վարձակալությունը եւ առանց փոխհատուցման թողնել քաղաքացուն: «Եթե քաղաքացուն զրկում են սեփականությունից, ապա պետք է օրենք լինի, ոչ թե կառավարության կամ քաղաքապետի որոշում: Պետք է տարածքը համարվի գերակա շահ եւ քաղաքացին փոխհատուցում ստանա: Ըստ օրենքի, 3 ամիս առաջ պետք է քաղաքացուն ծանուցում ուղարկեն եւ այդ ընթացքում փոխհատուցման ծավալի շուրջը բանակցեն», ասաց Հայրապետյանը` հավելելով, որ բազմաթիվ քաղաքացիներ ունեն սեփականության վկայականներ, կան քաղաքացիներ, որոնց 99 տարով վարձակալության ժամկետ է տրամադրվել, սակայն նրանց կամ զգուշացրել են, որ կրպակը ապամոնտաժելու են, կամ արդեն ապամոնտաժել են»:

Կրպակատերերի շահերը պաշտպանելու նպատակով ստեղծվել է կազմկոմիտե, որի նախագահ Արեւիկ Ղազարյանը ներկայացնում է 2006-ին Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի ստորագրած եւ կառավարության հաստատած որոշումը, ըստ որի, եթե տարածքի վարձակալության ժամկետը լրացել է, կամ իրավական թերի հիմքերի վրա է, ապա նրանց իրավունք է տրվում մինչեւ 2015 թ. դեկտեմբերի 31-ը աշխատեցնել իրենց կրպակները:

Քննարկմանը ներկա բազմաթիվ կրպակատերեր հավելեցին, որ մի քանի տարի առաջ դիմել են թաղապետարաններին` վարձակալության ժամկետը երկարաձգելու: «Սակայն Զախարյանի ստորագրությամբ որոշումը ցույց տվեցին` ասելով, որ հանգիստ կարող ենք աշխատեցնել կրպակները մինչեւ նշված ժամկետը: Մենք էլ հավատացինք ու ամեն ամիս վճարել ենք գույքահարկն ու հողահարկը: Սակայն երբ այդ որոշումը տարանք քաղաքապետարան, ասացին, որ Կարապետյանն արգելում է կրպակների վերավարձակալումն, ու դա էլ բանավոր հանձնարարական է»:

Հավաքված մի քանի տասնյակ կրպակատերերը մտահոգված ենՙ որտե՞ղ պետք է աշխատի 20 տարի կրպակում աշխատած նախկին բժիշկը կամ ուսուցիչը: Արդյո՞ք քաղաքապետարանը էլիտար սուպերմարկետում պետք է տարածք տրամադրի կոշկակարին, փականագործին, ժամագործին, բանալի պատրաստողին: Սաֆարյանի մեկնաբանությամբՙ քաղաքապետի որոշումը տանում է առեւտրի մոնոպոլիզացման: Փաստաբանին էլ զարմացնում է, որ ոստիկաններն առանց որեւէ փաստաթղթի կրպակ են ապամոնտաժել: «Մենք պահանջում էինք, որ փաստաթուղթ ցույց տային, բայց նրանք պատասխանում էին, որ բանավոր հանձնարարական է, քաղաքապետն է պահանջել», ասում են կրպակատերերը:

Այսօր Ազգային ժողովում տեղի կունենա քաղաքապետի եւ խորհրդարանական խմբակցությունների հանդիպումը` կրպակների ապամոնտաժման խնդրի վերաբերյալ:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. - Երեկ «Ազգ» օրաթերթին էր դիմել Շենգավիթի բնակիչ Աշոտ Հովհաննիսյանը: Նա պնդում էր, որ ունի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական: «Սակայն երկու շաբաթ ոստիկանությունից գալիս են, սպառնում, որ ես քանդեմ կրպակս, թե չէ իրենք կքանդեն: Վերջնաժամկետ են տվել մինչեւ կիրակի: Սա հանցագործություն է, ոստիկանությունը չարաշահում է իր դիրքերը, որովհետեւ ես կրպակն աշխատացնում եմ ըստ օրենքի», ասաց Հովհաննիսյանը` խնդրելով ոստիկանապետին եւ դատախազությանըՙ ուշադրություն հրավիրել իր խնդրին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4