«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#152, 2011-08-31 | #154, 2011-09-02 | #155, 2011-09-03


ՕԳՏԱԳՈՐԾԵՆՔ ՀՀ ԵՎ ԼՂՀ ՃԻՇՏ ՔԱՐՏԵԶ

Մի խումբ հասարակական կազմակերպություններ («Ժառանգ» ՀԿ, «Արմատ» ակումբ, «Հայրենապաշտ» ՀԿ, «Հայֆոն», Times.am լրատվական գործակալություն, «Voskanapat» վերլուծական կենտրոն, «Ռազմավարական մշակումների կենտրոն» ՀԿ) որոշել են այս օրը նշել որպես Հայաստանի եւ Արցախի միասնական քարտեզի օր: Ըստ նախաձեռնող խմբի անունից հաղորդագրություն տարածած Աննա Եղիազարյանի` նախաձեռնության կարիքը զգացվել է այն պատճառով, որ հայոց պետականության ճիշտ սահմանները չճանաչելը համատարած երեւույթ է Հայաստանում: Նախաձեռնող խումբն այսօր իրազեկման գործողություններ է իրականացնելու Երեւանում` հիշեցնելով Արցախի եւ Հայաստանի իրական սահմանների մասին եւ փորձելով չեզոքացնել շատերի ուղեղներում դաջված եւ վաղուց գոյություն չունեցող եւ ԽՍՀՄ փլուզմամբ պատմության գիրկն անցած Հայկական ԽՍՀ «բարակ վզով օրիորդին» եւ ԼՂԻՄ ուրվագիծը: Սոցիալական ցանցերում այժմ ձեւավորվել են խմբեր, որոնք քննարկում են ճիշտ սահմաններով քարտեզների տարածումն ու քննարկումը, հատկապես որ Հայաստանում գործող մի շարք կազմակերպություններ եւ նույնիսկ պետական հաստատություններ դեռեւս օգտագործում են ոչ ճիշտ` վաղուց գոյություն չունեցող ԼՂԻՄ սահմաններով քարտեզ: Ա. Եղիազարյանը նշել էր, որ Հ2 հեռուստաընկերության եղանակի տեսության եթերում (սա պատգամավոր Լարիսա Ալավերդյանն արդեն մի քանի տարի է ասում է) եւ գյուղնախարարության կայքում հին ԼՂԻմ-ի քարտեզն է ներկայացված: Այսօր նախաձեռնության հեղինակները ճիշտ քարտեզներ են նվիրելու դպրոցականներին, իսկ համացանցում այդպիսի քարտեզների տարածումը թափով ընթանում է: Նախաձեռնողները կոչ են անում բոլորին` միանալ նախաձեռնությանն ու կիրառել Հայաստանի եւ Արցախի ճիշտ քարտեզներ:

Ի դեպ, երեկ «Ճիշտ քարտեզ» նախաձեռնությանն արձագանքել է Հ2 հեռուստաընկերությունը` հավաստիացնելով, որ ներկա դրությամբ հենց դրանով են զբաղվում (Լարիսա Ալավերդյանի ականջը կանչի` մարդը երկար զբաղվում էր, օրինակներ էլ բերում էր ու Հ2-ին էլ մատնացույց էր անում, բայց բան դուրս չեկավ, ֆեյսբուքահայերը մեկ-երկուս խոսեցին ու... հաղթեցին»: Մի խոսքով` նախաձեռնության ներկայացուցիչ Հարություն Ծատրյանը երեկ եղել է Հ2-ում, որտեղ նրան ընդունել է հեռուստաընկերության ներկայացուցիչ Կարեն Հակոբյանը եւ խոստացել մինչեւ սեպտեմբերի վերջ խնդիրը լուծել: Սակայն երեկ ցերեկվա դրությամբ դեռ գյուղնախարարությունը չէր արձագանքել կոչին:

Մի խոսքով, սովորական հայեր, լսեք ֆեյսբուքահայերին ու ճիշտ քարտեզ օգտագործեք:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4