«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2011-09-02 | #155, 2011-09-03 | #156, 2011-09-06


1000-ԴՐԱՄԱՆՈՑ ՕՐԱԳՐԻ ԲԻԶՆԵՍ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

Այս տարի հանրապետության բոլոր միջնակարգ դպրոցների առաջին դասարանցիներին անվճար տրամադրվելու է օրագիր` նվիրված ՀՀ անկախության 20-ամյա հոբելյանին: Այս տեղեկությունից հետո բազմաթիվ ծնողներ սեպտեմբերմեկյան գնումների ցուցակից ջնջել են «օրագիր» բառը:

Սակայն սեպտեմբերի 2-ին ծնողներին տեղեկացրել են, որ աշակերտներից յուրաքանչյուրը պետք է 1000 դրամ գումար տա` դպրոցի օրագրերը գնելու համար: Ծնողների վրդովմունքին` այս տարի օրագրերը պետք է պետությունը տրամադրի, բացատրել են, որ դա կարող եք պահել, իսկ դպրոցի 1000-դրամանոց օրագրով պետք է երեխաները գան դասի: Նման դեպք մասնավորապես գրանցվել է Երեւանի թիվ 11 դպրոցում: Երեկ վերոնշյալ դպրոց հաճախող աշակերտների մի քանի ծնողներ զանգահարել էին «Ազգ»-ի խմբագրություն: Նրանց փոխանցմամբ` դպրոցի տնօրենը պարտադրել է, որ բոլոր աշակերտները օրագիր գնեն:

«Սա առաջին տարին չէ: Խանութում օրագիրը վաճառվում է 500 դրամով, իսկ մեզ վաճառում են 1000 դրամով: Երբ զանգահարեցի կրթության եւ գիտության նախարարության թեժ գիծ, սկսեցին հարցաքննել, թե ո՞վ եմ, ի՞նչ եմ անում, ո՞ր դասարանում է սովորում երեխաս: Իսկ դա ի՞նչ կապ ունի, ես զանգահարել եմ թեժ գիծ, որպեսզի դուք իմանաք, թե ինչ է կատարվում դպրոցում: Ծնողներին ստիպում են օրագրեր գնել: Իմ անունը ճշտելու փոխարեն դուք պետք է մարդ ուղարկեք եւ պարզեք, թե ինչ է կատարվում», ասել է ծնողը: Սակայն, ի պատասխան, թեժ գծից ասել են. «Հո ավտոմատը չեն դրել վզիդ ու գումար ուզում», եւ կախել են լսափողը:

«Սա նվաստացուցիչ է, վիրավորական է, երբ դպրոցներում նման մակարդակի մարդիկ են աշխատում: Այդ 1000 դրամները գնում են ինչ-որ մեկի գրպանը: Հաշվե՛ք, թե դպրոցում քանի աշակերտ է սովորում: Յուրաքանչյուրը պետք է վճարի 1000 դրամ: Կստացվի ահռելի գումար, որ ոչ պետության բյուջե է գնում, ոչ էլ դպրոցի», ասացին ծնողները:

Մի քանի օր առաջ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հետուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում հայտարարեց, որ աշխատանքային տետրեր գնելը պարտադիր չէ: Երեկ ծնողները այլ բան ասացին: Դասի ժամանակ ներս է մտնում տնօրենությունից որեւէ մեկն ու երեխաներին բաժանում աշխատանքային տետրեր: «Իմ երեխային 16 աշխատանքային տետր են բաժանել: Նրանցիցի յուրաքանչյուրն արժե 450 դրամ: Սակայն այդ աշխատանքային տետրերով նրանք չեն աշխատում: Հիմնականում սովորական տետրերով են աշխատում: Անցյալ տարի էլ գնեցինք, բայց երկու էջ գրեցին ու վերջ: Սա ուղղակի բիզնեսի նոր ձեւ է», ասաց ծնողներից մեկը:

Ընդհանրապես կամավորության սկզբունքով աշխատանքային տետր գնելը, ինչպես ասում է նախարարը, պետք է վերանա: Հույս ունենք, նախարարությունից կարձագանքեն այս հրապարակմանը, նախաքննություն կանցկացվի եւ բիզնես ծավալող տնօրենները կպատժվեն:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4