ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2011-07-30 | #14, 2011-08-27 | #15, 2011-09-10


ԻՐԱՆԱԿԱՆ ՋՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՌԱՀՎԻՐԱՆՙ ՍՄԲԱՏ ՏԵՐ-ԿՅՈՒՐԵՂՅԱՆ

Որդին մեծարում է հոր եզակի ստեղծագործությունները

Օգոստոսի 12-ին Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ դոկտ. Արմեն Տեր-Կյուրեղյանի «Սմբատի կյանքն ու արվեստը» անգլերեն գիրք-ալբոմի շնորհանդեսը: Դրանից առաջ «Ամերիկայի հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայի» հովանավորած ծրագրի շրջանակներում նրան հյուրընկալել էր «Ամերիկայի հայկական գրադարան-թանգարանը», որտեղ նա հետաքրքական մանրամասնություններ էր ներկայացրել իր հոր կյանքի եւ ստեղծագործության մասին: «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հունիսի 11-ի համարից ստորեւ թարգմանաբար ներկայացվող թերթի խմբագիր Ալին Գրիգորյանի հոդվածին հավելել ենք տվյալներ վերոնշյալ ալբոմից եւ Ազգային գրադարանում կայացած միջոցառումից: Բայց նախ նշենք, որ դոկտ. Արմեն Տեր-Կյուրեղյանը Բերքլիի Կալիֆոռնիա համալսարանի ճարտարագիտության ամբիոնի պրոֆեսորներից է, բազմաթիվ մրցանակների դափնեկիր, սպասված գիտնական-դասախոս տարբեր երկրներում եւ արվեստի մեծ ջատագով ու երախտապարտ որդի, որ ցանկանալով հավերժացնել իր հորՙ իրանահայ ջրանկարիչ Սմբատ Տեր-Կյուրեղյանի հիշատակը, հրատարակել է այդ հոյակապ ալբոմը: Դոկտ. Տեր-Կյուրեղյանը նաեւ Հայաստանի Ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի հիմնադիր անդամներից է եւ նույն համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետի 1991-2007 թվերի դեկանը: Ներկայումս զբաղեցնում է այդ համալսարանի ուսումնական հարցերի գծով փոխնախագահի պաշտոնը:

Առավելաբար իր առաջինՙ Սմբատ անունով ճանաչված արվեստագետը ծնվել է 1913 թվի հոկտեմբերի 19-ին Նոր Ջուղայում, Սպահանի հայկական գաղթավայրում, որը հիմնադրվել էր Շահ Աբբասի կազմակերպած բռնագաղթի հետեւանքով:

Սմբատի հայրըՙ Հովհաննեսը եղել է ժամագործ, ունեցել է չորս զավակ առաջին կնոջիցՙ Սիրվարդ Պետրոսյանից, որի անժամանակ մահվանից մեկ տարի անց, 1902-ին ամուսնացել է Սիրվարդի զարմուհուՙ Թագուհի Հարությունյանի հետ եւ ունեցել եւս յոթ երեխա: 1915-ին, սակայն, Հովհաննեսը ինքն էլ անժամանակ մահացել է տիֆից, կնոջը 31 տարեկանում այրի թողնելով, քանի որ վերջինս 14 տարով փոքր էր ամուսնուց:

Այդ ժամանակ Սմբատըՙ նախավերջինը երեխաների մեջ, եղել է ընդամենը մեկուկես տարեկան: Իսկ վերջին երեխան ծնվել է Հովհաննեսի մահվանից հետո: Թագուհին, լինելով ուժեղ կամքի տեր կին, հավասար սիրով է մեծացրել բոլոր տասը երեխաներին: Մեկը շատ շուտ է մահացել:

Սմբատի արվեստի առաջին ուսուցիչը եղել է Եղիա Եղիջանյանը, այնուհետեւՙ Հակոբ Վարդանյանըՙ Սպահանի «Սարամ-ոլ-Դոլե» գեղարվեստի դպրոցի դասատուն: Բայց նրաՙ որպես անձի եւ նկարչի ձեւավորման գործում վճռական դեր է խաղացել Սարգիս Խաչատրյանը: Մալաթիայում 1886-ին ծնված եւ նախ Հռոմի Արվեստների ակադեմիայում, իսկ հետագայում նաեւ Փարիզի «Էկոլ դե Բոզարում» ուսում առած այս արվեստագետը, որն արդեն հասցրել էր ցուցադրվել Կոնստանդնուպոլսում, Թբիլիսիում, Կահիրեում, Վիեննայում, Փարիզում եւ Լոնդոնում, ժամանելով Սպահան, հիմնել է արվեստի մի դպրոց, որտեղ աշակերտների մեջ նկարչական իր փայլուն ընդունակություններով առանձնացել է Սմբատը:

Նոր Ջուղայի հայկական դպրոցն ավարտելուց հետո, Սմբատը 1929-ին սկսել է հաճախել Սպահանի «Ստյուարդ Մեմորիալ» տղաների անգլիական քոլեջը, որը, սակայն, ֆինանսական դժվարությունների պատճառով մեկ տարի անց ստիպված է եղել թողնել եւ 17 տարեկանում բացել իր փոքրիկ ստուդիա-վաճառատունը Չահարբաղ պողոտայի վրաՙ վաճառելու իր նկարազարդումներով ծաղկամանները, լուսամփոփներ եւ ջրաներկ կտավներ:

1933-ին Սմբատը փակել է ստուդիան եւ բանակ է զորակոչվել երկու տարով: Ծառայության ավարտին վերաբացելով արվեստանոցըՙ նա շարունակել է նկարել բնապատկերներ, գյուղական վայրերի, ծառերի ու առվակների, մարդկանց կենցաղային առօրյային վերաբերող տեսարաններ:

Առաջին անգամ խմբական (16 այլ նկարիչների հետ) ցուցահանդեսի է մասնակցել 1944-ի ապրիլին Սպահանի անգլո-պարսկական ինստիտուտում: Այդ ժամանակ նա դեռ երկու տարի էր, ինչ ամուսնացել էր Արաքս Ավթանդիլյանի հետ: Ծանոթությունը կայացել է այն օրերին, երբ նրա ծնողներից թույլտվություն է ստացելՙ իրենց բնակարանի պատշգամբից նկարելու Սբ Ամենափրկիչ եկեղեցին:

1948-ի ձմռանը ընտանիքը տեղափոխվել է Աբադան, Արաքսի քրոջՙ Թամարի մոտ: Այնտեղ Սմբատը արվեստանոց է վարձել եւ նույնիսկ անհատական ցուցահանդես կազմակերպել ATOC-իՙ անգլո-իրանական նավթային ընկերության մշակութային կենտրոնի գլխավոր դահլիճում, որն արտակարգ հաջողություն է արձանագրել: Գովասանքի խոսքերը մեկը մյուսին են հաջորդել:

Այցելուներից մեկըՙ ATOC-ի խորհրդատու, ճարտարագետ եւ սիրողական մակարդակի արվեստագետ անգլիացի Ստենլի Ֆոստերը հիացմունքով գրել է. «Սմբատ Կյուրեղյանը մի արվեստագետ է, որով բնությունըՙ նրա միակ դասատուն, կարող է հպարտանալ»: Նա նաեւ առաջարկել է ֆինանսավորել Սմբատի 6-ամսյա ճանապարհորդությունը դեպի մերձավորարեւելյան երկրներ եւ Եվրոպա, փոխարենը նրանից նկարչության դասեր առնելու պայմանով:

Նրանք ճանապարհ են ընկել 1949-ի հունիսի 18-ին եւ անցել Իրանից Իրաք, Սիրիա եւ Լիբանան, որտեղ չորս օր մնալուց հետո նավով ուղեւորվել են Նեապոլ, Հռոմ, Վենետիկ, իսկ այնտեղից էլ Շվեյցարիա, Փարիզ եւ Լոնդոն:

Ֆոստերն այնքան է տպավորված եղել Սմբատի գիտելիքներով եւ նրա ստեղծագործություններով, որ տարբեր ատյաններ է դիմել Սմբատին ամեն կերպ աջակցելու խնդրանքով: Հետագայում նա, նույնիսկ «Յի Օուլդ Բոպհաուս» կոչված իր առանձնատունը ընդարձակելով, պատկերասրահի համար նախատեսված մի մասնաշենք է կառուցել տվել եւ այն անվանել «Սմբատ Ստուդիո»: Այդ մասին է վկայում 1962 թ. հունվարի 20-ին նրա գրած նամակը:

Անգլիայից վերադառնալուց հետո Սմբատը մի շարք նորամուծություններ է մտցրել իր ստեղծագործություններում: Նրա վրձնահարվածները դարձել են ավելի համարձակ, ինքնավստահ, առավել արտահայտչական: Գույներն առավել կենսունակ, հյութալի եւ թափանցիկ: Հետզհետե ամրապնդել է իր համբավը որպես ջրանկարիչՙ ստեղծելով գեղեցիկ բնանկարներ, որտեղ պատկերված են հասարակ մարդկանց առօրյան, սովորական կյանքը: Մտերիմ ընկերներից մեկըՙ իրանցի Նազարի-Նուրին, նրա մասին արտահայտվելիս խոստովանել է, որ «Սմբատը մտերմիկ հարաբերությունների մեջ է իրանական հողի եւ արեւի հետ: Նա իրանական պատմության արձանագրողն է եւ նրա հասարակ ժողովրդի կյանքը նկարագրողը»:

Օգտագործելով նաեւ այլ արտահայտչամիջոցներ (գուաշ, յուղաներկ, գծանկար, կոլաժներ նոր տարվա քարտերի եւ սովորական իրանական կամ հայկական օրաթերթերի վրա եւ այլն) նա այնուամենայնիվ գերապատվությունը տվել է ջրաներկին: Վերջինիս գույների թափանցիկությունն ու օգտագործման անմիջականությունը (մինչեւ չորանալը) սազական էին նրա հախուռն բնավորությանը:

Որպես նորամուծություն, սովորական լուսանկարներից հատվածներ (հիմնականում դեմքեր) կտրատելով եւ տեսարանի մնացած մանրամասներն իր երեւակայությամբ ջրաներկով ամբողջացնելով, նոր տարվա բացիկներ է պատրաստել եւ ուղարկել ծանոթների, որոնք հիացել են նրա մտքի թռիչքներով: Որպես նորամուծություն, նաեւ սկսել է նկարել օրաթերթերի վրա, երբեմն թողնելով, որ մի քանի հայերեն կամ պարսկերեն տողեր երեւան իր կտավներում: Միտքը ծագել է այն բանից հետո, երբ մի գույնից մյուսն անցնելու համար վրձինը թերթի վրա մաքրելուց հետո նկատել է, որ մի փոքր շտկումներ մտցնելով կարելի է հետաքրքական ու գունեղ նկարներ ստանալ:

Դոկտ. Արմեն Տեր-Կյուրեղյանը դրանց անվանել է «սմբատիզմներ», պահպանելով ժամանակին «նկարչության ո՞ր ուղղությունն է ներկայացնում այդ ոճը» հարցին հոր (որն այդ միջավայրում ոչ մի ուղղության էլ չէր հետեւում) տված պատասխանը:

1960-ական թվականների սկզբներին Սմբատն արդեն ճանաչված նկարիչ է եղել Իրանում եւ նույնիսկ համարվել «ջրանկարիչների վարպետ»:

1954-ին նրան հանձնարարել են նկարել այդ ժամանակվա երկրի վարչապետ Ֆ. Զահեդիի դիմանկարը: Մի քանի տարի անց նաեւ Եփրեմ խանիՙ իրանական սահմանադրական շարժման հայազգի առաջնորդի դիմանկարը: Երկու դիմանկարներն էլ այժմ գտնվում են թանգարաններում, ընդ որում երկրորդը Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի առաջնորդական դահլիճում:

1957-58 թվերին եւ ավելի ուշՙ 1963-ին նա մի շարք ցուցահանդեսներ է կազմակերպել Աբաժանում եւ Խուզիստանի այլ քաղաքներում: Իսկ 1964-ին մասնակցել Թեհրանի չորրորդ բիենալեին:

1965-ին Ռաս Թանուրայում (Սաուդյան Արաբիա) ապրող եւ «Արամկո» նավթընկերությունում աշխատող ամերիկացի զույգիՙ տեր եւ տիկին Հոուարդի հրավերով այցելել է Սաուդյան Արաբիա, որտեղ մնացել է վեց ամիս:

1970-ականներին հետաքրքրությունն արեւմտյան ոճի ջրանկարչության նկատմամբ աճել է Իրանում: Երեւան են եկել հայազգի այլ նկարիչներՙ Հակոբ Վարդանյանը, Երվանդ Նահապետյանը: 1978-ին երեք հայորդիները եւ նաեւ մեկ իրանցի երիտասարդ նկարիչՙ Մուսթաֆա Մոինին համատեղ ցուցահանդես են կազմակերպել Թեհրանում, իսկ 1991-ին Նազարի-Նուրիի ջանքերով կոթողական մի ալբոմ է լույս ընծայվելՙ նվիրված Իրանի ջրանկարիչներին, որտեղ վերոնշյալ երեք հայերից բացի ներկայացված են եղել նաեւ Միշա (Միքայել) Շահբազյանը եւ Ալի-Աքբար Սանաթին: Ալբոմը, որի 40 վերատպություններից 19-ը Սմբատի կտավներինն էր, նրան բնորոշում էր որպես Իրանում արեւմտյան ոճի ջրանկարչության զարգացմանը նպաստող ռահվիրա:

1976-ին Սմբատն ու Արաքսը այցելել են Լոս Անջելես եւ չորս տարի անցՙ 1980-ին վերջնական բնակություն են հաստատել Մ. Նահանգներում: 1981-ին Սմբատը Գլենդեյլում բացել է իր արվեստանոց-պատկերասրահը:

Անհատական թե խմբական ցուցահանդեսներում նրա ստեղծագործությունները ցուցադրվել են Լոս Անջելեսում (1976, 1980, 1982, 1985, 1991 թթ.), Բերքլիում (1980, 1981 թթ.), Սան Ֆրանցիսկոյում (1980, 1982, 1987 թթ.), Բոստոնում (1985 թ.), Փասադենայում (1982 թ.), Նյու Յորքում (1991, 1993 թթ.) եւ Տորոնտոյում (1987 թ.):

Սմբատը Նկարիչների միության հրավերով այցելել է Հայաստան 1991-ի մայիսին, սիրահարվել է հայկական բնաշխարհին եւ հունիսի 1-10-ը ցուցահանդես կազմակերպել Ազգային պատկերասրահի գլխավոր դահլիճում:

1993-ի աշնանը վերջին անգամ այցելել է Իրան եւ գրկաբաց ընդունվել ծանոթ արվեստասերների կողմից:

Վախճանվել է 1999-ի հունիսի 9-ին: Թոռնուհինՙ Նաիրիան (դոկտ. Տեր-Կյուրեղյանի դուստրը, որն այդ ժամանակ 16 տարեկան է եղել) իր ուսուցչուհու քաջալերանքով գրել է ալբոմում. «Թաղմանը եւ հետագայում հոգեհացի ժամանակ, երբ նրա մասին էին արտահայտվում իր ազգականներն ու մտերիմները, ես գիտակցեցի, որ շատ քիչ եմ ճանաչել նրան, ապրելով նրանից հարյուրավոր մղոններ հեռավորության վրա: Հասկացա, թե ինչքան միամիտ եմ եղել, կարծելով, որ նա դեռ երկար կապրի եւ միշտ կլինի իմ կյանքի մի մասնիկը: Այժմ ափսոսում եմ, որ ավելի մոտիկից չեմ ճանաչել եւ չեմ գնահատել նրա թանկագին ձիրքը» («Ասպարէզ», նոյ. 18, 1999):

Ըստ դոկտ. Արմեն Տեր-Կյուրեղյանի կազմած ալբոմի տվյալների, իր ստեղծագործական կյանքի ընթացքում Սմբատը շուրջ 10 հազար էսքիզներ, բնանկարներ, նատյուրմորտներ եւ գծանկարներ է ստեղծել, որոնց մի մասը գտնվում է Իրանի, մյուսըՙ Հայաստանի թանգարաններում: Զգալի մասը, սակայն, անհատական հավաքածուներում:

1999-ի հոկտեմբերի 3-ին Թեհրանի «Արարատ» մշակութային կենտրոնի «Կոմիտաս» դահլիճում կայացել է հետահայաց ցուցահանդես եւ հուշ-երեկոՙ նվիրված Սմբատին:

Պատրաստեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Նկար 1. «Ինքնադիմանկար», 1979

Նկար 2. «Թեյարան ճանապարհաեզրին», 1962

Նկար 3. «Մրգի զամբյուղ պարսկական գորգի վրա», 1987

Նկար 4. «Գորգագործները», 1997

Նկար 5. «Որսորդական պիտույքներս», 1951


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4