3 տարի անց խոստումը կատարվեց
2008-ի նոյեմբերի 12-ի համարում «Ազգ» օրաթերթը անդրադառնալով Էջմիածնի Մակար Եկմալյանի անվան երաժշտական դպրոցին, գրել էր, որ կրթօջախը կանգնած է փլուզման վտանգի առաջ: Երաժշտական դպրոցը կառուցվել էր 1945-ին, սակայն 1971-ից չի վերանորոգվել: Տանիքը կաթում էր, պատերը խոնավությունից փտել են, ճաքել: Մի քանի անգամ դպրոցն իր ուժերով թեթեւակի վերանորոգվել է, ներկել են դասարանները, սակայն դրանք կոսմետիկ հարդարանքներ են եղել: Դպրոցն արդեն 18 տարի չի ջեռուցվում: Վտանգված են երաժշտական գործիքների գոյությունը:
Հոդվածի հրապարակումից երկու օր անց քաղաքապետարանից ստացանք հաղորդագրություն` համաձայն որի քաղաքապետարանը միջոցառումներ է ձեռնարկել ապահովելու կրթօջախի ջեռուցումը: «Մակար Եկմալյանի անվան երաժշտական դպրոցի ճակատագիրը մեզ էլ է անհանգստացնում եւ մենք այժմ ուղիներ ենք որոնում դպրոցում շինարարական աշխատանքներ իրականացնելու համար: Իսկ ջեռուցման հետ կապված բոլոր խնդիրները կարելի է լուծված համարել: Ձմռանը կրթօջախը կջեռուցվի»:
Երեկ, Էջմիածնի քաղաքապետարանից «Ազգ» -ին տեղեկացրին, որ Էջմիածնի քաղաքապետարանի եւ կառավարության համատեղ ջանքերով վերանորոգվել է երաժշտական դպրոցը: Վերանորգվել են տանիքը, պատուհանները, պատերը:
«Ազգ» օրաթերթը բազմիցս անդրադարձել էր նաեւ քաղաքի երկու կարեւոր մշակութային շենքերին` Հովհաննես Հովհաննիսյանի տուն թանգարանին եւ Մշակույթի պալատին: Երկու օջախներն էլ կանգնած էին փլուզման եզրին: Կրկին կառավարության հետ համատեղ վերանորոգվել է Մշակույթի պալատի տանիքը, այժմ շինարարակամ աշխատանքներ են ընթանում շենքի վերանորոգման ուղղությամբ: Մոտ մեկ ամիս է ինչ սկսվել են նաեւ Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանի վերանորոգման աշխատանքները:
Հ. Հ.