ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2011-08-27 | #15, 2011-09-10 | #16, 2011-09-24


ՊՈԵԶԻԱՆՙ ԳԱՀԸՆԿԵ՞Ց...

ՆՈՒՇԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Կար ժամանակ, երբ պոեզիան նստած էր արվեստների գահին... Համենայնդեպս մե՛ր ըտանիքում: Հայրս եւ մայրս ինձ ու քրոջս ուղղակի պարտադրում էին ամեն օր մի նոր բանաստեղծություն կարդալ, նույնիսկ անգիր անել: Չէինք դժգոհում: Կարդում էինք սիրով, հետո նույնիսկ մրցում, պարզելու համար, թէ մեզանից ո՛վ էր ավելի լավ ասմունքում:

Հիմա, այդ օրերը վերհիշելով, փորձում եմ հասկանալ...Ինչո՞ւ հենց բանաստեղծություն եւ ինչո՞ւ ամեն օր... Ինչո՞ւ օրինակ, մեզ չէին պարտադրում ամեն օր նկարել, պարել կամ երգել... Ինչո՞ւ էր հենց բանաստեղծությո՛ւնն այդքան կարեւորվում` դառնալով մեր առօրյայի անբաժան մասը:

Ծնվել եւ մեծանում էինք Հալեպ քաղաքում եւ ամեն անգամ, երբ Սեւակ, Չարենց, Վարուժան կամ Դուրյան էինք կարդում, ակամա հայտնվում էինք Հայրենիքում: Հայրենիքը չէր պայմանավորվում միայն տարածքով: Հայրենիքը գիտակցական աշխարհ էր, որը յուրաքանչյուր բանաստեղծական տողի ու բառի հետ, մեր զգայարանների վրա հստակ ու անջնջելի սիրո նորանոր շերտեր էր ավելացնում:

Այսքանըՙ որպես նախաբան:

Օրեր առաջ կարդում էի Թ. Ս. Էլիոթի «Պոեզիայի սոցիալական նպատակը» հոդվածըՙ «Ընտրանի ամերիկյան եւ անգլիական պոեզիայի» գրքից (թարգմ. եւ ծանոթ.ՙ Արտեմ Հարությունյան):

Հոդվածում հանդիպեցի տողերի, որոնք վերեւում նշված իմ մտորումերի հաստատումն էին կարծես: Մեջբերեմ. «Այն մասին, որ պոեզիան ավելի սերտորեն է կապված հարազատ հողին, քանՙ արձակը, վկայում է եվրոպական լեզուների պատմությունը: Սկսած վաղ միջնադարից` լատիներենը ծառայել է որպես փիլիսոփայության, աստվածաբանության, գիտության լեզու: Լեզվի ազգային դիմագիծ ստանալու գործում մեծ դեր խաղաց պոեզիան: Եվ դա բնական է, եթե հաշվի առնենք, որ պոեզիայի կարեւորագույն խնդիրը զգացումներ ու ապրումներ արտահայտելն է: Օտար լեզվով մտածելն ավելի դյուրին է, քանՙ զգալը: Այդ իսկ պատճառով, արվեստի ո՛չ մի տեսակ նման համառությամբ չի պաշտպանում իր ազգային առանձնահատկությունը, որքան պոեզիան»:

Ահա հենց այս մեջբերումը եկավ, խառնվեց իմ մտքերին, ու ես որոշեցի գրել մի խնդրի մասին, որից տարիներ շարունակ խուսափում էի... Խուսափում էի, որովհետեւ բանաստեղծ եմ, այն էլ վաղուց արդեն Հայաստանում ապրող եւ ստեղծագործող բանաստեղծ:

Երբեմն, երբ ցավը շատ խորն է լինում ու հիվանդությունն այնքան արմատավորված, որ բուժման ելքերը գրեթե ՉԿԱ-ի են հավասար, նախընտրում ես լռել: Լռել, որովհետեւ վերջին տարիներին մենք շատ ենք խոսում այնպիսի երեւույթների մասին, որոնք առաջնային ու ահազանգային լինելով հանդերձ, միեւնույն էՙ պտտվում են մի շատ փոքրիկ օղակում եւ ոչ մի կերպ այդ շրջանակի սահմաններից դուրս չեն գալիս... Օղակն էլ գնալով սեղմվում է` ներսում գտնվողին գլխապտույտ ու սրտխառնուք պատճառելով: Հոռետեսությունը զսպում է լեզուդ, թեպետ միտքդ շարունակում է թափով գործել: Սարսափելի է...Իսկ թե հիմա ինչո՛ւ եմ գրում, խոստանում եմ բարձրաձայնել հոդվածիս վերջում:

Բանաստեղծություններիս երրորդ գիրքը, որը «Փրինթինֆո» հրատարակչատան շենքից թարմ-թարմ դուրս եկավ 2008 թվականին, բավականին գրավիչ իր պարունակությամբ ու տեսքով, իմ վերջի՛նը պիտի լիներ: Գիրքը հրատարակել էի, սակայն որոշել էի այլեւս բանաստեղծություններ չգրել... Կամ չգրել ընդհանրապես: Փաթեթավորված հինգ հարյուր օրինակ գրքերս բարձրացրի տուն, դրեցի հատակին, ձեռքս վերցրեցի մի օրինակն ու սկսեցի ընթերցողի աչքով զննել... Կկարդայի՞ արդյոքՙ եթե չլինեի հեղինակը... Կգրավե՞ր ինձ...Կթերթեի՞ էջերը մինչեւ վերջ, թե՞... Կշպրտեի մի կողմ, ինչպես շատ ու շատ գրքեր են շպրտվում այսօր... Հարցիս որպես պատասխան ընթերցեցի ինքս ինձ ու... հանգստացա: Վատ բան չէի արել: Գոնե այդքանըՙ թաքուն խոստովանեցի: Կապոցից տասը օրինակ վերցրեցի ու դուրս եկա տնից ներաշխարհս խաղաղված, ինքս ինձնից գոհ ու մի քիչ էլ հուզված: Այս գրքի վերջինը լինելու որոշումս ուղեղիս մեջ դրոշմածՙ շարունակում էի կարոտել...

Կարոտել մի բան, որն սկսել էի չկորցրած կորցնել:

Քայլերս ուղղեցի դեպի առաջին գրախանութը, որտեղ իմ նախկին գրքերից մի քանի օրինակ ցուցադրվել ու վաճառվել էին: Ծիծաղե՞մ, թե լաց լինեմ... Ո՞րն է ավելի ազնիվ... Մի քանի օրինակ ասվածը, տարին մոտ տասը գիրք է ընդամենը... Չորս-հինգ գրախանութ, որոնցից յուրաքանչյուրը հազիվ 3-7 օրինակ է ընդունում ընդհանրապես եւ եթե ամեն գրախանութից լավագույն դեպքում տասը գիրք գնվի, ապա տարեկան քառասուն-հիսուն գիրք վաճառված կլինի...

...Մի խոսքով, սա ասում եմ փաստելու համար, որ բանաստեղծները բիզնեսից բնավ չեն հասկանում, իսկ եթե հասկանում են, ուրեմն... Էհ, ավելի լավ է չասել: Հրատարակելու համար հազարներ ես ծախսում, հետո գիրքդ աջ ու ձախ, քիչ թե շատ մտավորական, ընթերցասեր ընկերներիդ ես նվիրում ու այդպիսով ինքդ քեզ բավարարված համարում... Անշուշտ գրքերդ գրախանութներին չես բաժանում ծախսածդ ետ բերելու նպատակով: Այդ մասին մտածելն առնվազն միամտություն կլինի... Պարզապես բաժանում ես, որպեսզի գոնե մի քանի հոգի էլ պատահաբար, քո շրջապատից դուրս, հանկարծ եթե սխալվե՜ն եւ որոշեն պոե՛զիա կարդալ, գոնե չասեն չկա... Չասե՛ն չունենք... Չասեն մեռել ես: Այսքա՛նը:

Ինչեւէ` չերկարեմ... Երեք օրինակ մի գրախանութին, յոթ օրինակ մյուսին, հետո...Մերժում: «Անի» գրատունն էր, որն այսօր փակվել է... Չկա՛: Գիրքս մերժեցին ընդունել: Ասածս թող վերամբարձ չթվա... Տհաճ զարմանքով լցվեցի... Միգուցե անտաղանդի մեկն եմ... Միգուցե գիրքս արժանի չէր ընթերցողին մատուցվելու... Միգուցե... Ես ինձ երբեք չեմ գերագնահատել... Բայց... Մերժել առանց նույնիսկ կարդալո՞ւ... Առանց իմանալո՞ւ... Առանց թերթատելո՞ւ... Մերժել պարզապես այն բանի համար, որ պոեզիայի գի՞րք ես առաջարկում...

Ապշած կանգնել եմ գրախանութի կենտրոնում եւ ուզում եմ հասկանալ: Պատասխանը մեկն է: Պոեզիա չի՛ վաճառվում: Փորձում եմ պահպանել քաղաքավարության կանոններն ու մարդավարի զրուցել, բայց դիմացինս բութ համառությամբ շարունակում է անտեսել... Մոտենում եմ գրադարակներին: Իրոք, ժամանակակից պոեզիայի գրքեր գրեթե չկան... Մեկերկու հեղինակՙ յուրաքանչյուրից մեկ գիրք, այն էլ այնպիսի խուլ անկյունում դրված, կարծես ժամանակակից բանաստեղծներին ընդդիմանալու հատուկ պատվեր էին այստեղ կատարում:

Ցուցադրված գրքերից ունեի, սակայն այդ օրինակները վերցրեցի եւ գումարը «մերժողիս» դիմաց դրեցի:

- Տեսնո՞ւմ էք, պոեզիա առնող կա, - ասացի, եւ մանրը նվեր թողնելովՙ դուրս եկա փողոց: Ընդվզումս երեւի այնքան անսպասելի էր, որ դուրս չեկած, ականջիս հասավ վաճառողուհու նվնվան ձայնը.

- Ա՜յ մարդ...Դե չի վաճառվում է՛լի... Հո զոռով չի... Ես ի՞նչ մեղք ունեմ...

Վերջին բառերը ճակատիս խրված սղոցի նման խանգարում էին ինձ մտածել, շնչել, ապրել ու զգալ... «Ես ի՜նչ մեղք ունեմ...»

Ինքս ինձ հաղթահարելով հաջորդ գրախանութն էլ կարողացա մտնել: Չորս օրինակ վերցրեցին, ու այսպիսով երեւանյան գրախանութների ցուցակը եզրափակվեց, իսկ ես շտապեցի հասնել տուն, տուն, որտեղ մոլորված ինձ էին նայելու ծնված, փաթեթավորված, սակայն ապրելու իրավունք չստացած տարիների իմ ապրումներն ու խոսքը ամփոփող չորս հարյուր իննսուն օրինակները:

Անցնենք առաջ:

Մեզանում կա մի արմատացած կարծիք, թե իբր ճշմարիտ գրողը կամ ընդհանրապես արվեստագետը պետք է ստեղծագործի ի՛ր համար... Վերլուծե՞լ ենք երբեւէ այս տողերը... Սրանից ավելի հիմար ու դաժան տեսություն ես չեմ պատկերացնում: Սա մի աննկարագրելի մազոխիզմ է, որը ո՛չ միայն չի համապատասխանում ստեղծագործող մարդու էությանը, այլեւ աններելիորեն կասեցնում է ստեղծագործողի եւ հասարակության մերձեցման բնականոն ընթացքը:

Հնարավո՞ր է հավատալ այս տեսությանը: Արդյո՞ք սա նման չէ միակողմանի սիրո, արդյո՞ք սա ինքնախաբեություն չէ...

Մարդն, առհասարակ, զգացական իր կառուցվածքով ընկերակից փնտրող էՙ իր արարքների գնահատականն ակնկալող:

Երբ առաջին անգամ երեխան ջուրն է նետվում լողալու, գլուխը ջրից բարձրացնելովՙ առաջինն իր ծնողի՛ն է որոնում, նրա քաջալերական հայացքից ոգեւորվելու եւ արածը շարունակելու համար: Կամ, օրինակ, գրատախտակի վրա կավիճով նկարող երեխան իր ստեղծագործության ժամանակավոր լինելը գիտակցելով հանդերձ` նկարում ու անպայման սպասում է տան անդամներին, որպեսզի ցուցադրի իր աշխատանքը: Մի բառ, մի ժպիտ կամ մի խոսք է լսում որպես գնահատական, որից հետո հեշտությամբ ջնջում է իր նկարը, արդեն հաջորդը ստեղծելու տրամադրությամբ... Այսինքն, խնդիրը ստեղծագործելու ընթացքի՛ մեջ է եւ հենց դա՛ է կարեւոր յուրաքանչյուր արվեստագետի համար, որ ընդամենը գնահատողի վերաբերմունքին է սպասում ստեղծագործական իր ճանապարհը շարունակելու համար: Իսկ այսօր, գրողը, մասնավորապես բանաստեղծը, գրումջնջում է, առանց գնահատված կամ նկատված լինելու որեւէ լուրջ ակնկալիքի: Շեշտում եմ: Լո՛ւրջ ակնկալիք... Թե չէ մանրմունր ներքին կամ արտաքին շարժումներ, մանավանդ տեխնոլոգիաներով հագեցած այս դարում, բոլորն են ի վիճակի ստեղծել: Դրանք սակայն, հիմնականում վերածվում են շինծու միջոցների, որոնք էլ իրենց հերթին շատերի վրա այլ անդրադարձ են ունենում: Բացատրեմ:

Եթե գրողը այն տեսակին է պատկանում, որ այս կամ այն շուկայական թելադրանքին հարմարվելով ձեւափոխվում է, ապա նա իր գրականության մեջ սկսում է էժանագին ներկայացման տարրեր ներմուծելՙ պոեզիան վերածելով «շոու»-ի, հնարավոր բոլոր միջոցներով ընթերցողի հետաքրքրությունը գրավելու համար: Ոմանց բանաստեղծություններում հանդիպում ես պոռնոգրաֆիկ «հանդուգն» պատկերների, մեկ ուրիշի մոտ հայհոյանքով համեմված բառերի շարանի, շատերի մոտ էլ հայոց լեզուն ստորացնելը ու պոեզիան փողոցային էժանագին աղջկա նմանեցնելը, որին ո՛վ ասես կարող է մոտենալ, դա էլ «տարբերվելու» մի ա՛յլ տարբերակ է դառնում, որին հիմնականում հանդիպում ենք արվեստագետ հորջորջվող այն խղճուկների մոտ, ովքեր մտքով ու ասելիքով տարբերվելու շնորհքի իսպառ բացակայության պայմաններում, փորձում են գոնե շպարով` երեւույթով տարբերվել... Իսկ դաշտը կարծես թե ավելի քան նպաստավոր է դրա համար:

Ճշմարիտ ու լուրջ արվեստի հավեսը չկա, տրամադրությունն ու ժամանակը չկա... Գիտակցությունը չկա ու չկա...

Հարցը, սակայն, ժամանակակից պոետների գրած կամ չգրածի մասին չէ, մանավանդ, որ վերեւում նշված օրինակները զուտ հայկական գրական շուկայի մենաշնորհը չեն: Ամբողջ աշխարհում նկատվող երեւույթներ են սրանք, որոնք բնականոն զարգացում ապրող երկրներում մաղվում, քննադատվում կամ գնահատվում են, ժամանակի ընթացքինՙ միա՛յն լավագույններին պահելով պատմության մեջ:

Խոսքս վերաբերվում է արվեստների, իսկ տվյալ պահին գրականության ճշմարիտ արժեւորման բացակայությանը Հայաստանում:

Գրող-ընթերցող-քննադատ կապը խզված է: Չկա՛... Իսկ կապը վերականգնելու կամ ստեղծելու համար նախ պետք է լինեն գրողը, ընթերցողն ու քննադատը:

Սկսենք առաջինից: Ունե՞նք գրողներ: Այո՛, հաստատ ունենք եւ գրական ասպարեզում նույնիսկ բազմազանություն ունենք:

Կա՞ն ընթերցողներ... Այստեղ արդեն սկսվում է թուլանալ շղթանՙ վերջնականապես քանդվելով քննադատների բացակա՛ ներկայության պատճառով:

Ո՛չ ոք իրավունք չունի գրական շուկայի չգոյությունը վերագրել գրողի կամ գրականության չգոյությանը: Դա սուտ է, դա գավառական մակարդակի մահանա է եւ ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը գրողի վրա բարդելու տգետ փորձ:

Ժամանակի պոետն ու պոեզիան չեն կարող ամբողջովին կայանալ ու հաստատվել, առանց շղթայի մյուս երկու օղակներիՙ ընթերցողի ու քննադատի... Մինչդեռ մեզանում քննադատները շարունակում են պեղել հինը, կամ պարզապես գլուխները ջայլամի նման թաքցնելՙ ընթերցողին թողնելով գրական խայտաբղետ դաշտում կողմնորոշվելու «մենաշնորհը»:

Սոցիալական, տնտեսական, քաղաքական, շուկայական, չգիտեմ էլ ինչական պայմանները մեր ժողովրդի ապամշակութացումը արդարացնող ու վերջին տարիներին մեզ հոգնեցնելու չափ կրկնվող պատրվակներ են դարձել: Չգիտեմ... Գոնե նման բիրտ ապամշակութացումը նպաստե՞լ է արդյոք վերը նշված ոլորտների զարգացմանն ու բարելավմանը... Եթե իմանայի, որ առանց գրականության, առանց պոեզիայի եւ ընդհանրապես առանց ճշմարիտ արվեստի գոյության հաց վաստակելն ավելի կհեշտանար, հավատացնում եմ, կմիանայի մեր մշակույթը սպանողների բանակին ու արածիս համար չէի զղջա... Բայց քանի գնում, վատանում է վիճակը, ինչքան ապրում ենք, այնքան բողոքում ենք ու արդյունքում մեր միա՛կ ունեցվածքն ու հարստությունը, որ Մշակույթն է, քավության նոխազի կարգավիճակում ենք դնում:

Որպեսզի չխճճվենք տեսական բանավեճերի մեջ, փորձեմ հստակեցնել իմ վերաբերմունքը:

Ես կարծում եմ, որ պոեզիայից հեռանալը, հենց հայրենիքից ու ազգային արժեքներից հեռանալն է:

Այո՛, այսքան կարճ ու այսքան հստակ:

Այն ժողովուրդը, որ դադարել է կարդալ իր Բանաստեղծի խոսքըՙ դադարել է սիրել իր Հայրենիքը: Ինձ թվում էՙ հայրենիքն ու պոեզիան նույն բարձրության վրա դնելով, ամենեւին չենք սխալվում: Եթե գրականությունը միա՛կն է արվեստներից, որ լեզվով է արտահայտվում, մեր դեպքում հայո՛ց լեզվով, ապա գրականությունից հեռանալը, առաջին հերթին լեզվից հեռանալու փաստն է, իսկ լեզվից հեռանալը, անկասկած, հայրենիքից հեռանալ է նշանակում:

Պատկերացրեք, որ Հայաստանից արտագաղթը այդքան ծայրահեղ մտահոգիչ չէր դառնա, եթե վստահ լինեինք, որ հայ մարդը արտագաղթելուց հետո անգամ շարունակելու է հայերեն կարդալ...Այո՛... Հացը վաստակել օտար ափերում, սակայն հոգեւոր հացը ստանալ ի՛ր Բանաստեղծից, ի՛ր Երաժշտից, ի՛ր Նկարչից... Այս պարագայում, դրսում ապրելով հանդերձ, նա կառչած կմնար իր հողին ու իր ինքնությանը: Իսկական արտագաղթն այսօր հայ մարդու ֆիզիկական բացակայությունը չէ՛ իր հայրենիքից, այլ հայ մարդու արտագաղթն է իր հոգեւոր արժեքներից, իր լեզվից, իր պոեզիայից, իր երաժշտությունից ու իր գրականությունից.... Հենց ա՛յս արտագաղթն է, որ ցավալիորեն դատարկում է մեր հողը մեզանից ու մեր էությունից:

Հակառակ դեպքում ո՞րն է Հայաստանում ապրող, սակայն իր մշակույթից արտագաղթած հայի եւ նույն Հայաստանում ժամանակավորապես բնակվող օտարերկրացու տարբերությունը:

Չէ՞ որ երկուսն էլ ֆիզիկապես ներկա են նույն տարածքում... Տարբերությունը մի՞թե մշակույթը չէ... Լեզուն չէ՞... Տարբերությունը իմ ու նրա պոետները չե՞ն... Իմ ու նրա երաժշտությունն ու գրականությունը չե՞ն...

Այսպես եթե շարունակեմ, ասելիքները վերջ չեն ունենա...Իսկ որպես վերջաբանՙ գոնե խնդրի լուծման ի՛մ տարբերակը առաջարկեմ:

Եթե ուզում ենք (իսկ ես վստահ եմ, որ բոլորս ենք ուզում), որ հայ մարդը դադարի հողից հեռանալու մասին մտածել, ապա պարտավոր ենք այս երկրում վերականգնել, ստեղծել ու պահպանել մեր Մշակույթը եւ որպես Մշակույթի մի ճյուղ, որն ամենաշատն է ձուլված «հայրենիք» բնինՙ պոեզիան:

Այդ քայլն այսօր չի արվում, որովհետեւ պոեզիայի կարեւորումը նախեւառաջ պահանջում է խորունկ ընկալում:

Պոեզիան չի՛ կարող գոյատեւել մի երկրում, ուր հեռուստատեսության տկարամտությունն ու սահմանափակ կլիշե դարձած ֆիլմերն ու հաղորդումներն են գերիշխում: Մի երկրում, որտեղ օրաթերթերն ու ամսագրերը տպագրում են ամեն ինչ, բացի պոեզիայից, որտեղ գրաքննադատները վախենում են առաջինը լինելու պատվին արժանանալ ու մատնանշել նրանՙ ով միգուցե մեր վաղվա մեծությունն է լինելու կամ քննադատել մյուսին, ով պոեզիայի անվան տակ գրում է ինչ խելքին փչի: Պոեզիան չի կարող ծաղկել մի երկրում, որտեղ գրախանութները գրականության մատուցման նոր ու հետաքրքրական ձեւեր մշակելու փոխարեն, զբաղված են սովորական առեւտրով ու վաճառքով (բացառությունները միշտ հարգելի են), ինչպես որեւէ կոշիկի խանութ կոշիկ կվաճառեր...

Կառույցները կան, սակայն այդ կառույցների մեծ մասը չեն ծավալում ա՛յն աշխատանքը, որի համար իրականում կոչված են:

Մշակութային շուկան, երբ դուրս գա այսօրվա ճղճիմ ու խղճահարույց վիճակից, երբ մշակույթի գործիչն ու արվեստագետը դադարեն դիտվել որպես հասարակության ամենաաղքատ ներկայացուցիչ, երբ վերականգնվի սերն ու պատկառանքը գրողի նկատմամբ, հավատացնո՛ւմ եմ, այս հողից ու երկրից դուրս եկողների թիվը կտրուկ կնվազի եւ իր ինքնությամբ հպարտ հայ մարդը, թեկուզ ո՛չ այնքան բարեկեցիկ, բայց կշարունակի ապրել ի՛ր Հայրենիքում:

Հ.Գ. Ինչպես վերեւում խոստացել էի, ներկայացնեմ այս նյութին անդրադառնալու իմ գլխավոր պատճառը:

Տարիներ առաջ, երբ տպագրեցի իմ երրորդ գիրքը, գրողների ամենաերիտասարդ սերնդին էի պատկանում... Այսօր արդեն ինձանից ավելի երիտասարդները կան, ովքեր գրում են, գրում են լավ, երբեմն նույնիսկ շատ լավ, ճանապարհներ են փնտրում իրենց ասելիքը տեղ հասցնելու համար ու սեփական ջանքերով փորձում են նոր ու հետաքրքրական գրական դաշտ ստեղծել:

Ես պարզապես հավատո՛ւմ եմ նրանց... Այսքանը:

...Իսկ ի տարբերություն վերեւում նշված բոլոր բացթողումների, որոնք ցանկության պարագայում ուղղելի են, ես անուղղելիորեն շարունակում եմ գրել եւ արդեն հրատարակության եմ պատրաստում իմ չորրորդ գիրքը: Մեկ խոսքով, չգրելու իմ խոստումը դրժում եմ...

2011 թ. Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4