«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#178, 2011-10-07 | #179, 2011-10-08 | #180, 2011-10-11


ՀԱՎԱԿՆՈՒՄ ԵՆ ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ

Տրանսպորտի եւ կապի նախարարությունում երեկ բացվեցին հյուսիս-հարավ ավտոճանապարհի երեք հատվածների կառուցման միջազգային մրցույթի հայտերը: Մինչ այդ ելույթ ունեցավ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, հիշեցնելով, որ հյուսիս-հարավ ավտոմոբիլային միջանցքն ունենալու է 556 կմ երկարություն եւ Հայաստանի հարավից ձգվելու է մինչեւ վրացական նավահանգիստներ: Այն լինելու է արագընթաց, բետոնյա ծածկով միջազգային չափանիշներին համապատասխանող ավտոճանապարհ: Մանուկ Վարդանյանը հայտնեց, որ այժմ մրցույթ է հայտարարված այդ ճանապարհի Երեւան-Արարատ 37,9 կմ, Երեւան-Աշտարակ 11,4 կմ եւ Աշտարակ-Թալին 41,9 կմ հատվածների կառուցման համար: Ըստ նախարարի, այդ ճանապարհների կառուցումը ընդգրկված է մեկ փաթեթում, որի շինարարությունը պետք է կատարվի Ասիական զարգացման բանկի տրամադրած 500 մլն դոլարի վարկային պայմանագրի տրանշ 1-ի եւ տրանշ 2-ի շրջանականերում: Նախագիծը կազմել է ֆրանսիական «Էջիս ինթերնեյշնլ» ընկերությունը, անցել է փորձաքննություն միջազգային եւ տեղի փորձագիտական կազմակերպությունների եւ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Նախապես հայտ ներկայացնելու ցանկություն են հայտնել 28 ընկերություն, բայց հայտ են ներկայացրել 6-ը:

Ընկերությունների ներկայացրած հայտերի ծրարները բացելուց հետո պարզվեց, որ ճանապարհային միջանցքի վերոնշյալ հատվածները կառուցելու ցանկություն հայտնած 2 իսպանական եւ 4 չինական ընկերություններ ներկայացրել են հետեւյալ առաջարկները` իսպանական Constructora Sanjose ընկերությունն առաջարկել էր 255,6 մլն դոլար, Corsan Corvin Construccion-ը` 275,8 մլն դոլար, չինական COVEG-CRFG consortium-ն առաջարկել էր 217,3 մլն դոլար, China Civil Engineering Corporation-ը` 261,2 մլն դոլար, China Road and Bridge Corp-ը` 308,8 մլն դոլար, Sinohydro Corporation-ը` 236,3 մլն դոլար:

Տեղեկացվեց, որ 20 օրվա ընթացքում մրցութային հանձնաժողովը կուսումնասիրի նրանց ներկայացրած գնային արաջարկներն ու տեխնիկական պայմանները, որից հետո կհայտարարի հաղթող ընկերության անունը:

Ինչպես հայտերի ներկայացումից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, մրցույթին ընկերությունների մասնակցելու համար պարտադիր նախապայման են համարվել առնվազն 5 տարվա աշխատանքի փորձը, 100 մլն դոլար շրջանառությունը, 70 կմ բետոնյա ճանապարհներ կառուցելու փորձը, համապատասխան որակավորման առկայությունը: Այս հատվածներում աշխատանքները, ըստ նախարարի, նախատեսվում են արդեն այս տարվանից, իսկ եկող տարվա գարնանը Թալին-Աշտարակ հատվածից կսկսվեն լայնամասշտաբ շինարարական աշխատանքները: Հյուսիս-հարավի վերոնշյալ երեք հատվածներում շինարարությունը նախատեսվում է ավարտել երկուսուկես տարվա ընթացքում:

Մանուկ Վարդանյանը տեղեկացրեց, որ զուգահեռաբար Ասիական զարգացման բանկի, Համաշխարհային բանկի եւ ճապոնական JAICA կազմակերպության հետ Հայաստանի կառավարությունը բանակցություններ կսկսի ճանապարհային միջանցքի Թալին-Գյումրի եւ Գյումրի-Բավրա հատվածների շինարարության համար: Դրանից հետո աշխատանքներ կսկսվեն ճանապարհի հարավային մասի հատվածների նախագծման ուղղությամբ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4