«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#181, 2011-10-12 | #182, 2011-10-13 | #183, 2011-10-14


ԿԲԱՐԵԼԱՎՎԻ՞ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԱՇՏԸ

Արտակ Շաբոյանը հավաստիացնում է, որ հետեւողական են լինելու

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կառավարության երեկվա նիստը սկսվեց Հայաստանում տնտեսական մրցակցության խնդրի արծարծմամբ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը, հիշեցնելով, որ այս ոլորտում օրենսդրական փոփոխություններ են արվել եւ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին տրվել լրացուցիչ գործիքներ, հարց ուղղեց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին, թե դրանք ի՞նչ փոփոխություններ են բերել մրցակցային դաշտում: Վարչապետը կարեւորեց այս հարցը, քանի որ մրցակցային դաշտի բարելավումը էական նշանակություն է ունենալու 2012-ի պետական բյուջեի ցուցանիշները կատարելու տեսանկյունից:

Պատասխանելով վարչապետի հարցադրմանըՙ Արտակ Շաբոյանը հայտնեց, որ հանձնաժողովը 2011-ի առաջին 9 ամիսների ընթացքում ուսումնասիրել է 13 ապրանքային շուկաներ, որոնք ունեցել են կենտրոնացվածության բարձր աստիճան:

Դրանք են ձվի, սուրճի, կարագի, ցեմենտի, գաջի, տարբեր տեսակի շինանյութերի, ինչպես նաեւ պարարտանյութերի շուկաները: Ըստ հանձնաժողովի նախագահի, «այս տարվա 9 ամիսների ընթացքում մեզ հաջողվել է բացահայտել բազմաթիվ խնդիրներ»: 86 որոշում է կայացվել խախտումների վերաբերյալ, իսկ նախորդ տարիներին այդ թիվը չէր գերազանցում 30-ը: Այդ նույն ժամանակահատվածում տնտեսվարող սուբյեկտները հակամրցակցային գործողությունների համար տուգանվել են մոտ 230 մլն դրամի չափով` 2010-իՙ 37 մլն դրամի, 2009-ի 10 մլն դրամի եւ 2008-ի 9 մլն դրամի համեմատ: Տուգանքի ենթարկվածներից գանձումների չափը մոտ 150 միլիոն դրամ է:

Ըստ Արտակ Շաբոյանի, հանձնաժողովի հիմնական թիրախը խոշոր տնտեսվարող սուբյեկտներն են եւ նրանց հակամրցակցային գործողությունները: «Այն շուկաներում, որտեղ մենք գործողություններ ենք իրականացրել եւ սահմանել պատասխանատվության միջոցներ, այդ խախտումները հիմնականում վերացված են», հավաստիացրեց նա:

«2012 թվականին ինչպիսի՞ իրավիճակ է լինելու ձվի, կաթի, կարագի, ձեթի, պանրի, կաթնամթերքի շուկաներում, որոնց առնչվում է մեր բնակչության մեծ մասը»ՙ Տիգրան Սարգսյանի տված հարցին պատասխանելով, Արտակ Շաբոյանն ասաց, որ այդ շուկաներն այս տարվա ընթացքում ուսումնասիրվել են, մի մասի առումով պատասխանատվության միջոցներ ենք կիրառել, հարուցվել են վարչական վարույթներ: «Այդ շուկաները գտնվում են մեր ամենօրյա հսկողության ներքո, երկու օրը մեկ իրականացնում ենք դիտանցումներ եւ գնային չարաշահումների եւ մնացած այլ խնդիրների հետ կապված: Եթե 2012-ին լինեն չարաշահումներ, մենք կրկին լինելու ենք հետեւողական եւ անկախ նրանից, թե այս տարի ինչպիսի միջոցառումներ ենք իրականացրել չարաշահումների կապակցությամբ, տնտեսվարող սուբյեկտներին կրկին ենթարկելու ենք պատասխանատվության», նշեց հանձնաժողովի նախագահը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ պատրաստակամություն հայտնեց նոր լծակներ եւս տրամադրել, «եթե տեսնենք, որ այն գործիքները, որոնք ձեզ տվել ենք, ծառայում են բուն նպատակին, այսինքնՙ մրցակցային միջավայրը Հայաստանի Հանրապետությունում բարելավվում է»:

Արտակ Շաբոյանը վերոնշյալ ցուցանիշներին անդրադարձավ նաեւ կառավարության նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ: Պատասխանելով լրագրողների հարցերինՙ նա տեղեկացրեց, որ շաքարավազի հումքի գինը համապատասխանում է միջազգային շուկայում գների փոփոխությանը: Ինչ վերաբերում է այս շուկայի մենաշնորհ ունեցող «Ալեքս գրիգ» ընկերությանը, ապա հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ անցյալ տարի այս ընկերությունը 10 անգամ տուգանվել է մեկ այլՙ օղիների հետ կապված անբարեխիղճ մրցակցության համար: Բոլոր դեպքերում ընկերությունը հանձնաժողովի վճիռները բողոքարկել է դատարանում: Դրանց վերաբերյալ հանձնաժողովի որոշումները մնացել են ուժի մեջ, իսկ 3 բողոք դեռ քննարկվում է:

Խոսելով կարագի շուկայում վերջերս բացահայտված խախտումների մասինՙ Արտակ Շաբոյանը տեղեկացրեց, որ այդ շուկայում կան 10 ընկերություններ, որոնց մի մասը, ներմուծելով սփրեդ, այն վաճառել է որպես կարագ, մյուս դեպքերում էլ խանութներն են մատակարարված սփրեդը վաճառել որպես կարագ:

20 մլն եվրոՙ փոքր համայնքների ջրամատակարարման բարելավմանը

Հայաստանի Հանրապետությունը 20 մլն եվրո է ստացել երեք միջազգային կառույցներիցՙ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից, Եվրոպական ներդրումային բանկից եւ Եվրոմիությունիցՙ Տավուշի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի 20 բնակավայրերի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի բարելավման, ինչպես նաեւ Դիլիջան եւ Ջերմուկ քաղաքներում կոյուղու վերականգնման համար: Այդ մասին կառավարության նիստում ասաց ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Նա նաեւ նշեց, որ այս գումարի մի մասը դրամաշնորհ է, որը հատկացվելու է տեխնիկական օժանդակության համար: «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր» անվանումը ստացած այս վարկային համաձայնագիրը երեկ արժանացավ կառավարության հավանությանը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4