«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#182, 2011-10-13 | #183, 2011-10-14 | #184, 2011-10-15


ԿՈՈՊԵՐԱՑԻԱՆ ԿԲԱՐՁՐԱՑՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ

«Հայագրոֆորումի» բացմանը հավաստիացրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը

Հայ ֆերմերների առաջին համաշխարհայինՙ «Հայագրոֆորում» համաժողովի բացումը երեկ տեղի ունեցավ Երեւանում: Հանդես գալով համաժողովում, վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ այս ոլորտում առկա են նկատելի հիմնահարցեր եւ նույնքան նկատելի ձեռքբերումներ: Ճյուղի զարգացման համար նա կարեւոր է համարել երկրի տարածքային համաչափ զարգացումը, գյուղատնտեսության արդիականացումը:

Տեղեկացնելով, որ Հայաստանում շուրջ 340 հազար գյուղացիական տնտեսություն կա եւ 430 հազար հեկտար մշակովի հող, վարչապետը փաստեց, որ մեկ տնտեսությանը բաժին ընկնող հողատարածքների ծավալը բավականին փոքր է: Նա նշեց, որ Հանրային խորհրդի, գյուղացիական տարբեր մասնագիտական միավորումների եւ գիտահետազոտական ինստիտուտների հետ քննարկման արդյունքում ստեղծվել է գյուղատնտեսության զարգացման հայեցակարգը, որտեղ ներառվել են ոչ միայն գյուղատնտեսության, այլեւ գյուղի զարգացման հիմնահարցերը: «Կառավարության առջեւ ծառացած խնդիրներից մեկն էլ գյուղը ժամանակակից ենթակառուցվածքներով ապահովելն էՙ ճանապարհների, խմելու եւ ոռոգման ջրի համակարգերի կառուցումը եւ այլն», ասաց Տիգրան Սարգսյանը:

Վարչապետն ընդգծեց, որ 2012-ին Հայաստանի 55 համայնքներում Համաշխարհային բանկի օժանդակությամբ ներդրվելու են կառավարման նոր մեխանիզմներ եւ ձեւավորվելու են կոոպերատիվներ: «Խթանվելու է կոոպերացիան, ինչը կբարձրացնի գյուղատնտեսության արդյունավետությունը տարեկան առնվազն 30 տոկոսով», հավաստիացրեց Տիգրան Սարգսյանըՙ ավելացնելով, որ պետությունը գյուղտեխնիկայի ձեռքբերումը համաֆինանսավորելու է 50 տոկոսով:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4