«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#185, 2011-10-18 | #186, 2011-10-19 | #187, 2011-10-20


Ո՞ՒՄ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՅԳՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՍՐՃԱՐԱՆԸ

«Ազգ» օրաթերթն առաջինն էր, որ անդրադարձավ Ուսանողական այգում կատարվող ծառահատումներին եւ շինարարությանը: «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները մեր օրաթերթում տպագրված հոդվածից հետո կազմակերպեցին ստորագրահավաք, որին մասնակցեց 20.000 մարդ: Նրանք պահանջում էին դադարեցնել Ուսանողական այգու տարածքում բետոնապատ երկու սրճարանների շինարարությունն ու այգին բերել նախկին տեսքին: Այս պահանջին միացան նաեւ ԳԱԱ բազմաթիվ ակադեմիկոսներ, Բյուրականի աստղադիտարանի տնօրենն ու աշխատակազմը:

Նախաձեռնության անդամները 116 քաղաքացիների հայցը ներկայացրին դատարան` Ուսանողական այգու տարածքում անօրինական շինարարությունը դադարեցնելու պահանջով, սակայն հայցը բոլոր դատարաններում մերժվեց: Սահմանադրական դատարանն էլ մերժեց քննության առնել նախաձեռնության ներկայացուցիչների դիմումը:

Երեկ «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունից «Ազգ»-ին հայտնեցին, որ Ուսանողական այգու Տերյան փողոցի կողմից կառուցվող հսկայական շինությունը պատկանում է ՀՀ նախագահի թիկնազորի պետ Վաչե Ղազարյանի կնոջը` Ռուզաննա Բեգլարյանին: Համաձայն արդարադատության նախարարության իրավաբանական պետական ռեգիստրի գործակալության տեղեկանքի` Ռուզաննա Բեգլարյանը 2009-ին դարձել է Ուսանողական այգին կառուցապատող «Արմեն» ՍՊԸ-ի հիմնադիրը: Հենց այդ ժամանակահատվածում այգում մեկնարկեց շինարարությունը: Տարիներ շարունակ այգու տարածքում գործել է փայտե սրճարանը («Յոլկի-Պալկի»), որը վարձակալության ժամկետի ավարտից հետո կարելի էր առանց որեւէ դժվարության ապամոնտաժել: Սակայն այժմ այգու տարածքում կառուցվող սրճարանը մի քանի հարկանի բետոնապատ շինություն է, որը գրավում է երկու անգամ ավելի մեծ տարածք, քան Երեւանի քաղաքապետարանի տրամադրած հատակագծային մակերեսում: Սրճարանը Վիկտոր Համբարձումյանի արձանի ու փոքր աստղադիտարանի հարեւանությամբ է: Տարածքը համարվում է պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտի: Հետեւաբար մինչ սրճարանի կառուցման թույլտվություն տրամադրելը քաղաքապետարանը պետք է սահմանված կարգով հարցը համաձայնեցներ ՀՀ մշակույթի նախարարության հետ, ինչը չի արվել:

Թե իրականում ով կամ ովքեր են կառուցվող եռահարկ սրճարանի տերը կամ տերերը, մենք հետամուտ ենք մեր կողմից վերջնականապես եւ պաշտոնապես պարզելու: Մինչ այդՙ անընդունելի ենք համարում, որ համապատասխան իշխանությունները «խուլ ականջ» են ձեւանում հասարակության եւ հատկապես երիտասարդության մի մեծ շերտի պահանջինՙ դադարեցնել շինարարությունը եւ ապամոնտաժել կառույցը, այգին վերադարձնելով երիտասարդությանը:

Հիշեցնենք, որ Ուսանողական այգին մայրաքաղաքի եզակի պահպանված այգիներից էր, հանրային սեփականություն եւ չէր կարող վարձակալությամբ տրամադրվել որեւէ մեկին, առանց հանրային եւ մասնագիտական քննարկման: Սակայն վարձակալություն ասվածն էլ հարաբերական է, որովհետեւ «Արմեն» ՍՊԸ-ն, վարձակալելով այգու տարածքը, իրականացրել է ծառահատում, ամրապինդ շինարարություն սկսել: Հարց է առաջանում, մի՞թե վարձակալության ժամկետի ավարտից հետո վարձակալները քանդելու են եռահարկ հսկայական շինությունը:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4