«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2011-10-21 | #189, 2011-10-22 | #190, 2011-10-25


ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԵՐՔԻՆ ՎԵՃԵՐԸ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Հոկտեմբերի սկզբներին լրատվական ծառայությունները հաղորդեցին, որ Ստամբուլում տաքսու թուրք մի վարորդ դաժան ծեծի է ենթարկել մի կնոջ եւ դուրս շպրտել նրան մեքենայից իմանալով, որ նա հայ է: Ադրբեջանցի մի ստահակ-զինվոր Հունգարիայում մի քանի տարի առաջ կացնի հարվածով նենգաբար սպանեց հայ մի սպայի, որն այնտեղ զինվորական վերապատրաստման ծրագրին էր մասնակցում: 1955-ի սեպտեմբերի 6-ին թուրք ամբոխը խուզարկումներ եւ թալան իրականացրեց հայերին եւ հույներին պատկանող բնակարաններում եւ գործատեղերում` սպանելով շատերին: Ամբոխին հրահրել էր այն ստահոդ լրատվությունը, թե իբր Աթաթուրքի ծննդյան վայրը Սալոնիկում ռմբակոծման էր ենթարկվել: Հետագայում, անշուշտ, պարզվել էր, որ այդ բոլորը կառավարության ձեռքի գործն էր եւ նպատակ ուներ ամբոխին դրդել նման գործողությունների:

Նման դեպքերն, իրոք, ինքնաբերաբար տեղի չեն ունենում: Երկու երկրներում էլ (Թուրքիայում եւ Ադրբեջանում) գործում է հակահայկական քարոզչությունը, որն անընդհատ վառ է պահում ատելությունը ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական ուժերի աջակցությամբ, որպեսզի հարմար պահին օգտագործվի քաղաքական նպատակներով: Թուրքիայի հանգուցյալ նախագահ Թուրգուտ Օզալը մի առիթով սպառնացել էր հայերին` ասելով, որ կօգտագործվեր, օրինակ, «այն դեպքում, երբ հայերը կմոռանան 1915-ի դասը»: Իսկ Թուրքիայի նախկին պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլը բրյուսելյան կոնֆերանսի ժամանակ հոխորտացել էր, թե Թուրքիան ներկայումս միացյալ այդքան մեծ տարածք չէր զբաղեցնի, եթե Առաջին համաշխարհային պատերազմի օրերին եւ դրանից հետո հայերին եւ հույներին վտարած չլիներ երկրից:

Պաշտոնական անձանցից կարելի է հիշել նաեւ անցյալ եւ ներկա վարչապետներ Թանսու Չիլլերին եւ Թայիփ Էրդողանին, որոնք նույնպես սպառնացել են, որ կվտարեն երկրում հյուրընկալվող հայ գործավորներին:

Հարց է ծագում, թե ինչո՞ւ է ատելության այս արշավը շարունակվում 1,5 միլիոն հայերին սպանելուց եւ նրանց պատմական բնօրրանին տիրանալուց հետո: Պատասխանը հստակ է եւ աներկմիտ: Թուրքերն ապրում են հարատեւ վախի մեջ, հարատեւ վախի մթնոլորտում, որովհետեւ բազմել են 1,5 միլիոն հայ անմեղ զոհերի ոսկորների վրա: Նրանք նաեւ վախենում են, որ 1920 թվականի Սեւրի պայմանագիրը կարող է վերականգնվել եւ սասանել իրենց ոտքերի տակ գտնվող հողատարածքը:

Այստեղ հեգնականն այն է, որ քիչ թվով հայեր են հավատում, որ չվավերացված պայմանագիրը մի օր կարող է ուժի մեջ մտնել, մինչդեռ թուրքերի համար սպառնալիքն ու վախը մշտապես առկա են եւ իրական:

Երբեմն հանգստացած շունչ ենք քաշում, որ 90-ից ավելի երկար տարիների տաբու համարվելուց հետո վերջապես ցեղասպանության ճանաչման հարցը Թուրքիայում մի փոքր տեղաշարժ է կատարում: Սակայն չպետք է մոռանանք, որ դեռեւս բավական հզոր ուժեր կան, որոնք ընդդիմանում են ցեղասպանության ճանաչման կողմնակիցներին եւ հայերին փոխհատուցում կատարելու նրանց աղերսներին:

Նման հզոր ուժերի արտահայտություններից մեկը երեւան եկավ վերջերս թուրքական «Թարաֆ» թերթում խիզախ լրագրող Մուրադ Բելգեյի հոդվածի շնորհիվ: Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Երեւանում նախագահ Սարկոզիի հայտարարությանը չափազանց թույլ կերպով արձագանքելու համար Թուրքիայի արտգործնախարարությանը քննադատելուց հետո Բելգեն քննադատում է նաեւ սովորույթի ուժով շարժվող ցեղասպանությունը ժխտողներին, որոնք, իր համոզմամբ, ղեկավարվում են գլխավոր քաղաքական կուսակցությունների կողմից:

Նրանք, ովքեր իրենց արդարացնում են ասելովՙ «Մենքՙ թուրքերս, լավ ժողովուրդ ենք: Մենք կոտորածներ կամ ցեղասպանություն չենք գործել», թող կարդան պահպանողական գրող Նիհալ Աթսըզի գիրքը, որն այդ թեմային է անդրադառնումՙ սկսելով քրդական խնդրից: Բելգեն այդ գրքից ծավալուն մեջբերումներ է անում, հատկապես այն մասերը, որոնք բնորոշում են թուրք ժողովրդի մտածելակերպն ու հոգեբանությունը: «Քրդերը կտեղահանվեն եւ երկրի երեսից կսրբվեն, եթե շարունակեն օգտագործվել օտարների կողմից եւ եթե շարունակեն հետապնդել քրդական հայրենիք հաստատելու իրենց երազանքը: Հայերին 1915 թվին եւ հույներին 1922-ին ոչնչացնելով թուրքական ցեղը ցույց տվեց, թե ինչ կարող է անել բոլոր նրանց, ովքեր պահանջներ են ներկայացնում այս հողերի հանդեպ, հողեր, որոնք մենք նվաճել ենք արյան գետեր թափելով»:

Բելգեն շարունակում է մեջբերումները նույն գրքից. «Նույնիսկ եթե Թուրքիայի որեւէ շրջանում նրանք 100-տոկոսանոց մեծամասնություն դառնան, միեւնույնն է, սեփական կառավարություն հաստատելու իրենց (քրդերի) երազանքը երազանք էլ մնալու է, ինչպես Բյուզանդիան վերականգնելու հույների երազանքը եւ Մեծ Հայաստան կառուցելու հայերի երազանքը:

Այդ պատճառով էլ նրանք պետք է հեռանան այս երկրից նախքան խնդիրներ առաջացնելը Թուրքիայի համար: Ո՞ւր գնան: Ուր ուզում են: Կարող են գնալ Իրան, Հնդկաստան, Պակիստան կամ Բարզանի (Իրաքյան Քուրդիստան): Կամ էլ ՄԱԿ-ին կարող են խնդրել, որ իրենց համար տարածք հատկացնի Աֆրիկայում: Եթե մեր բնավորության, խառնվածքի մասին ինչ-որ բան են ցանկանում իմանալ, ապա թող իրենց հայ ընկերներին հարցնեն եւ տեղեկանան, թե ինչքան համբերատար է թուրքը մինչեւ զայրանալը եւ առյուծ դառնալը»:

«Աթսըզի նման մարդկանց համար նման գործողություններն ու արարքները Թուրքիայի մեծության եւ հզորության մասին են վկայում», գրում է Բելգեն եւ հոդվածի վերջում խորհուրդ տալիս կառավարությանըՙ այդ հարցի վերաբերյալ ճկունություն ցուցաբերել:

Թուրքական գոռոզությունը դեռ մի գործոն է, որի հետ հաշվի պետք է նստել: Ժխտողականությունը դեռ շարունակում է մնալ պետական քաղաքականություն, որովհետեւ թուրք ղեկավարներն այնքան միամիտ չեն, որ չգիտակցեն, թե ինչ է հետեւելու ճանաչմանը: Թուրքական հասարակության շրջանում ծավալված ցեղասպանության վեճերին զուգահեռ հետեւանքների շուրջը վեճերն էլ չեն դադարում: Ինչպես հայերը, այնպես էլ միջազգային հասարակայնությունը, անկասկած, չի բավարարվելու սոսկ ճանաչումով եւ պահանջելու է փոխհատուցում: «Ցեղասպանության» եզրի ընդունումն ու օգտագործումը իրավական հետեւանքներ են ենթադրում, մի բան, որ ցարդ վախեցրել է թուրք ղեկավարներին:

Աշխարհի որ երկրում էլ լինի, նախագահական աթոռի թեկնածուներն առատ խոստումներ են տալիս, բայց ընտրվելուց հետո ամբողջովին մոռանում են դրանց մասին: Նախագահ Սարկոզին կարող է ապացուցել իր անկեղծությունը ցեղասպանութան հարցի վերաբերյալ տված խոստմանը, քանի դեռ զբաղեցնում է իր այդ պաշտոնը: Այլապես իր ընդդիմախոսըՙ սոցիալիստների թեկնածու Ֆրանսուա Հոլանդը արդեն իսկ նույն խոստումն է տվել (հայերին), եւ Սենատում ձախակողմյան կուսակցություններն արդեն իսկ մեծամասնություն են կազմել: Ֆրանսիային ընդամենը մի քայլ է մնում ճանաչելու ցեղասպանությունը եւ ապա քրեականացնելու դրա ժխտումը: Դա, իհարկե, այդ երկար եւ տքնաջան գործընթացի վերջը չի լինելու: Ավարտը Թուրքիայի ձեռքերում է, որտեղ «գորշ գայլերը» եւ Աթսըզի նման ծայրահեղ ազգայնականները շարունակում են մեծ ազդեցություն ունենալ թուրք հասարակության մտայնության վրա: Բայց մխիթարական է, որ վեճն այժմ նոր հարթության վրա է ծավալվում: Դա այլեւս հայերի եւ թուրքերի միջեւ չէ, այլ իրենցՙ թուրքերի եւ թուրքերի միջեւ է, եւ որ այդ գործընթացում Բելգեյի նման մարդիկ են հայտնվում ու պաշտպանում ցեղասպանության ճանաչման դատը:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4