«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#192, 2011-10-27 | #193, 2011-10-28 | #194, 2011-10-29


ՆԱԽԱՐԱՐ ՕՀԱՆՅԱՆ. ԱՅՍՈՒՀԵՏԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԿԱՆՉՎԵՆ ԲԱՆԱԿԻ ՀԱՍՑԵԻՆ ՀԵՐՅՈՒՐԱՆՔՆԵՐ ԵՎ ԿԵՂԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱՐԱԾՈՂՆԵՐԸ

Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած կոլեգիայի նիստում քննարկվել են զինված ուժերի հրթիռային զորքերի եւ հրետանու մարտական պատրաստության վիճակն ու հրետանու ուսումնանյութական բազայի կատարելագործման ուղիները: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձել է նաեւ բանակում վերջին շրջանում տեղի ունեցած արտակարգ պատահարներին եւ խիստ ցուցումներ է տվել հրամանատարներին` արտակարգ պատահարների կանխարգելման աշխատանքները կատարելագործելու վերաբերյալ:

«Հասկանում եւ ընդունում ենք արտակարգ պատահարներից հետո հասարակության կողմից բանակին ուղղված կառուցողական քննադատությունը, ավելին` այդ քննադատությունը օգտակար է, եւ պետք է դասեր քաղել դրանից, սակայն անընդունելի ենք համարում որոշ խմբերի կողմից բանակի խնդիրների միտումնավոր եւ ամենօրյա շահարկումը: Այսուհետեւ պաշտպանական գերատեսչությունը առավել խիստ մոտեցում է ցուցաբերելու բոլոր նրանց նկատմամբ, ովքեր բանակը վարկաբեկում են ամեն գնով, եւ եթե այդ մարդիկ կեղծ տեղեկություններ եւ հերյուրանքներ տարածելով փորձեն վնաս հասցնել բանակին, իրավական դաշտում նրանց պատասխանատվությունը լինելու է անխուսափելի», հայտարարել է նախարարը:

Երեկ բանակում զոհվածների զինվորների խնդրին է անդրադարձել Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը : Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատների հետ հանդիպումից հետո յուրաքանչյուր դեպքի մասին պաշտոնական նամակով նա դիմել է զինվորական դատախազին, զինվորական ոստիկանության պետին, գլխավոր դատախազին, ՊՆ քննչական ծառայության պետին եւ առողջապահության նախարարին:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4