«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#193, 2011-10-28 | #194, 2011-10-29 | #195, 2011-11-01


ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ. «ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԲՈԼՈՐ ԿՐՊԱԿՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԱՊԱՄՈՆՏԱԺՎԵՆ»

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանին պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության պատասխանատուն զեկուցել է, որ մայրաքաղաքի շուկաներում եւ ստորգետնյա անցումներում կատարված ստուգայցերով արձանագրվել են մի շարք թերացումներ: Պարտավորությունները խախտող տնտեսվարողների հանդեպ կիրառվել են վարչական տույժեր: Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը հանձարարել է համատեղ աշխատանքային խումբ ստեղծել, որպեսզի նոյեմբերին ստուգումներ իրականացվեն շուկաներում:

Խորհրդակցության ժամանակ քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ նախադպրոցական եւ դպրոցական հաստատություններում ջեռուցման համակարգերի խնդիրը հիմնականում լուծվել է: Այժմ աշխատանքներ են ընթանում, որպեսզի մինչեւ ձմեռ մայրաքաղաքի 12 մանկապարտեզներ ապահովվեն ջեռուցմամբ: Տարոն Մարգարյանը շեշտել է, որ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում առկա ինքնակամ, ապօրինի, ինչպես նաեւ հողամասերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի պայմանագրի ժամկետները լրացած կրպակների ապամոնտաժումը շարունակվելու է: «Շարունակելու ենք բանակցությունները սեփականատերերի հետ եւ ներկայացնելու ենք հարցի լուծման ընդունելի առաջարկներ: Աբովյան փողոցի բոլոր կրպակները պետք է ապամոնտաժենք», ասել է Մարգարյանը:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4