«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#194, 2011-10-29 | #195, 2011-11-01 | #196, 2011-11-02


Ի՞ՆՉ ԿՏԱ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՄԱԿ-Ի ԱԽ-Ի ՈՉ ՄՇՏԱԿԱՆ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հայ իրականությունը վերջին շրջանում հուզված է ՄԱԿ-ի ԱԽ-ին Ադրբեջանի ոչ մշտական անդամակցությունից: Ինչ-որ տեղ դա կարելի է արդարացված համարել. այսպես թե այնպես` արտաքին ֆոնն իր գործն անում է: Խորքային իմաստով, սակայն, դժվար է ընդունել որոշ գործիչների հոռետեսությունը: Առաջիկա երկու տարում, միանգամայն հասկանալի պատճառներով, Ադրբեջանը շոշափելի շահ չի ունենա ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամությունից: Դա հասկանում են նույնիսկ Բաքվում: Այդ առթիվ, մասնավորապես, քաղաքագետ եւ խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի անդամ Ռասիմ Մուսաբեկովն ասել է, որ «ՄԱԿ-ի ԱԽ-ում եղանակ են ստեղծում գերտերությունները»: Եվ դա իրատեսական ընկալում է կամ` փաստի արձանագրում:

Կշահի թերեւս Իլհամ Ալիեւը, որ դրանով ներքաղաքական իրավիճակը լիովին վերահսկելու եւ մոտալուտ նախագահական ընտրությունների հետ կապված հարցեր լուծելու եւս մի լծակ կունենա: Այդպիսի նախանշաններ արդեն իսկ կան. քարոզչությունը կատարվածը համարում է «միջազգային ասպարեզում Ադրբեջանի հեղինակության վկայություն»: Իսկ դրանից մինչեւ ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամությունն Իլհամ Ալիեւի «միջազգային հեղինակության առհավատչյա» ներկայացնելը կես քայլ է:

Նման փորձի պակաս Ադրբեջանում չկա: Այդուհանդերձ` «ինչո՞ւ Ադրբեջանը դարձավ ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամ» հարցին միանշանակ պատասխան դժվար է գտնել: Փաստ է, սակայն, որ դա այդ երկրի «հեղինակության» արձանագրում չէ: Ոչ էլ ինչ-որ «գործարքի» արդյունք: Թեեւ իսլամական կամ «թուրքական համերաշխության» գործոնը հաստատ դեր ունեցել է:

Տպավորությունն այնպիսին է, որ տվյալ հարցում միջազգային հանրությունն «ընդառաջել է» ադրբեջանական հավակնոտությանը: Բայց, ըստ երեւույթին, սա այն դեպքն է, երբ «զինվորի զոհաբերությունը որակական առավելություն է բերում»: Ուզենք թե ոչ` Ադրբեջանն իր կոմունիկացիոն եւ էներգետիկ հնարավորություններով արդեն իսկ աշխարհաքաղաքական հետաքրքրություն է ներկայացնում: Իսկ դա պաշտոնական Բաքվի մոտեցումներում տրանսֆորմացվում է որպես «մեր կշիռը պետք է փոխհատուցվի» մտածողության: Այստեղ, ինչ խոսք, Ադրբեջանն առաջնային է տեսնում Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը:

Միաժամանակ, թվում է, առավելապաշտական դիրքորոշումը, որ դրսեւորում է Իլհամ Ալիեւը, լրջորեն հակասում է համաշխարհային քաղաքականության մեջ «եղանակ ստեղծող» երկրներին: Կամ գուցե հակասում է տարածաշրջանի մասին նրանց հեռագնա ծրագրերին: Եվ այս իրավիճակում նրանք փորձել են ՄԱԿ-ի ԱԽ-ին Ադրբեջանի ոչ մշտական անդամակցության միջոցով որոշակիորեն «գոլորշի բաց թողնել»: Խոսքը տարածաշրջանի կայունությունը մոտիկ ապագայում երաշխավորելու` գերտերությունների ցանկության մասին է:

Հնարավոր է` դա երկուստեք դիվանագիտական խաղ է: Այնուամենայնիվ, պատկերացումը կարծես այնպիսին է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամի կարգավիճակով Ադրբեջանն ավելի ընկալունակ կգտնվի: Մի բան ակնհայտ է. Բաքուն չի կարող էականորեն ազդել աշխարհաքաղաքական որեւիցե որոշում ընդունելու-չընդունելու վրա, ոչ էլ հնարավորություն կունենա ՄԱԿ-ի ԱԽ-ում ինքնուրույն լոբբիինգ իրականացնելու:

Իրավիճակն Իլհամ Ալիեւի համար կարող է ունենալ քարոզչական նշանակություն: Մասնավորապես «ինչո՞ւ պատերազմ չի սկսվում» հարցին, որ, հավանաբար, կառաջադրի ադրբեջանական ընդդիմությունը` նախագահական ընտրությունների ժամկետները մոտենալուն զուգահեռ, իշխող էլիտան կունենա Ադրբեջանի նոր կարգավիճակով հիմնավորվող պատասխան. «Հո չի՞ կարող ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամ երկիրը դիմել արկածախնդրության, երբ ունի խնդիրն իր օգտին լուծելու դիվանագիտական հնարավորություն»:

Այս իմաստով պետք է սպասել, որ առաջիկա երկու տարում Ադրբեջանը ՄԱԿ-ի ԱԽ-ում մի քանի «ներկայացում կբեմադրի», որոնք կզուգակցեն հիստերիայի դրսեւորումների հետ: Բայց սկզբունքորեն ոչինչ չի փոխվի, քանի դեռ «եղանակ ստեղծող» երկրներն ընդհանուր հայտարարի գալուց շատ են հեռու: Մանավանդ` ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներում սպասվող ընտրական գործընթացների եւ աշխարհաքաղաքական ավելի լուրջ մարտահրավերների նկատառմամբ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4