«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#194, 2011-10-29 | #195, 2011-11-01 | #196, 2011-11-02


ՄԱՆԿԱՊԻՂԾՆԵՐԻ ՍՏԵՐՋԱՑՈՒՄ ՔԻՄԻԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ

Ծայրահեղ միջո՞ց, թե՞ արդարացված պատիժ

Համաձայն վիճակագրական տվյալների` 2008-ին Հայաստանում մանկապղծության 63 դեպք է գրանցվել, 2009-ին` 73, 2010-ին` 50 դեպք: Սեռական ոտնձգությունների 70 տոկոսը կատարվել է երեխաների նկատմամբ: Վերջին 3 տարվա ընթացքում հանրության ուշադրության կենտրոնում էին երկու աղմկահարույց գործերի: Առաջինը վերաբերում էր Նուբարաշենի հայոց լեզվի ուսուցիչ Լյովա Սարգսյանին, որը նույն դպրոցի մանկահասակ աղջիկերի նկատմամբ սեռական ոտնձգություն էր կիրառել: Դատարանում նա խոստովանեց իր մեղքը, ներողություն խնդրեց եւ սեռական ոտնձգություններ կատարելու համար դատապատվեց 5 տարի ազատազրկման: Մյուսը ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանն է, ում դատավարությունը շարունակվում է: «Մեթալ փրինս» ընկերության 70-ամյա սեփականատերը մեղադրվում է Ախթալայում անչափահաս տղաների նկատմամբ բռնի սեռական գործողություններ կատարելու մեջ: Եթե մեղադրանքը հաստատվի, գործարարին սպառնում է 8-15 տարվա ազատազրկում:

Վերլուծելով փաստերն ու վիճակագրությունը համարելով մտահոգիչՙ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն ու իրավաբան Դավիթ Թումասյանն առաջարկում են տեստոստերոնի միջոցով ստերջացնել մանկապիղծներին: Նրանք առաջարկում են քրեական օրենսգրքում կատարել փոփոխություն, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների շարքը համալրել նորով` «քիմիական եղանակով ստերջացում»: Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովի քննարկմանն ու առաջին ընթերցմամբ ընդունվել:

Ներկայացնելով քիմիական եղանակով ստերջացումըՙ իրավաբանն ասում է, որ սեռական ոտնձգություն կատարած մարդուն ներարկում են տեստոստերոն` մեկ տարի ժամկետով, որը ամլացնում է նրան եւ զրկում սեռական ցանկություններից: «Առաջին անգամ մանկապղծություն կատարած մարդուն ներարկում չի արվի: Նրա հետ կսկսեն աշխատել հոգեբանները, կբացատրեն, որ տեստոստերոնի ներարկումը կատարելը բխում է իր շահերից: Առաջին հանցագործության ժամանակ անձը կարող էր հրաժարվել կամ կամավոր ընդունել ստերջացումը: Սակայն երկրորդ անգամ նույն հանցագործությունը կատարելիս նրան հարկադրաբար կստերջացնեն», երեկ տեղի ունեցած քննարկմանն ասաց Թումասյանը: Նա վստահեցնում է, որ կիրառվող միջոցը չի հանգեցնի ֆիզիկական առողջության վնասմանը, չի առաջացնի հոգեկան խանգարում:

Մինչդեռ մասնագետները դեմ են օրենքում նման փոփոխություններին: Սեքսոպաթոլոգ Ռուզաննա Ազատյանը բացասական վերաբերմունք ունի ստերջացման մեթոդի վերաբերյալ: Նա վստահ է` անչափահասների նկատմամաբ սեռական ոտնձգություն իրականացնողները սեռական խանգարումներ ունեն: «Դա հիվանդություն է, եւ ամլացնելով հնարավոր է, որ նրանց մեջ այդ ագրեսիան ավելի մեծանա»:

Հոգեբան Մարինե Պետրոսյանն էլ լուրջ հետազոտության չի հանդիպել, որի հիման վրա հնարավոր լինի օրենքը տեղայնացնել կամ հարմարեցնել մեր հասարակությանը:

Ստերջացումը կիրառվում է ԱՄՆ-ում, Գերմանիայում, Շվեդիայում, Դանիայում, Մեծ Բրիտանիայում, Չեխիայում, Լեհաստանում եւ Կանադայում: Ստերջացման մեթոդը կիրառելու հարցը նաեւ ռուս օրենսդիրների օրակարգում է:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4