«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#194, 2011-10-29 | #195, 2011-11-01 | #196, 2011-11-02


ԹՌՉԿԱՆԻ ՋՐՎԵԺՆ ԱՎԵԼՈՐԴ ՋՈՒՐ ՉՈՒՆԻ

Բնապահպանության նախարարության դիմաց հավաքված շուրջ 100 երիտասարդներ` բնապահպաններ, ակտիվիստներ, նախարարից պահանջում են օրենքով սահմանված կարգով դադարեցնել Թռչկանի ջրվեժի ՀԷԿ-ի շինարարությունը: «Թռչկանի ջրվեժի ոչ մի կաթիլ ավելորդ չէ», «Թռչկանը չի լռելու», «Հեռու Թռչկանից» եւ այլ կարգախոսներով նրանք պահանջում են բնապահպանության նախարար Արամ Հարությունյանիցՙ գործել ոչ թե ընդդեմ, այլ հանուն բնության: «Մենք ուզում ենք Թռչկանի ջրվեժի շառաչյունը հասցնել բնապահպանության նախարարին», ասում էին ակցիայի մասնակիցները:

Բողոքի ակցիային մասնակցում էին նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները` Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Թեպետ Ջրվեժի մոտակայքում ՀԷԿ կառուցող «Ռոբշին» ընկերությունը հայտարարել է աշխատանքների կասեցման եւ տեխնիկայի դուրսբերման մասին, սակայն բնապահպաններն ու ակիվիստները համոզված են` խորամանկ քայլ է, հասարակության ուշադրությունը շեղելու միջոց: Նրանք պահանջում են, որ ՀԷԿ-ի կառուցնան աշխատանքների դադարեցումն ամրագրվի օրեքով:

Կարծում ենքՙ «Ռոբշին» ընկերության հայտարարությունը նպատակ ունի հանդարտեցնելու կրքերը, մոռացության տալու խնդիրը եւ ՀԷԿ-ի կառուցումը տեղափոխելու առավել հանգիստ ժամանակահատված: Որովհետեւ երկու շաբաթ առաջ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանին, այնուհետեւ «Ազգ» օրաթերթին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ասել է, որ իրենք սահմանափակումներ են մտցնում, որպեսզի հնարավորություն տան կառուցապատողին շարունակելու աշխատանքները: «Հակառակ պարագայում իրենք վարկային ռեսուրսներ ունեն ներգրավված, եւ հնարավոր է, որ դատական գործընթացների առաջ կանգնենք», ասել է նախարարը: Նախարարությունը մի քանի սահմանափակում է մտցրել, այն էՙ 400-500 լիտր/վայրկյան արագության ցուցանիշը գերազանցելու պարագայում միայն ավելացված ջուրը վերցնել: Նաեւ կարգելվի ամռան ամիսներին ՀԷԿ-ի գործածումը, սակայն բնապահպանները չեն համաձայնում` «Թռչկանն ավելորդ ջուր չունի», ասում են նրանք:

Բնապահպանները նախարար Հարությունյանից պահանջում են, որ «Ռոբշին» ընկերությանը ՀԷԿ-ի կառուցման իրավունք տվող բոլոր փաստաթղթերը ճանաչվեն ուժը կորցրած, վերականգնվի տարածքում բնությանը հասցված վնասը, քայլեր ձեռնարկվեն Թռչկանի ջրվեժի` որպես բնության ջրագրական հուշարձանի, անձնագիրը կազմելու եւ հաստատելու ուղղությամբ:

Թեպետ կառավարության թիվ 3-րդ մասնաշենքի բոլոր պատուհանները զբաղված էին, նախարարությունների աշխատակիցները պատուհաններից էին հետեւում բողոքի ակցիային, սակայն բնապահպանության նախարարությունից որեւէ մեկը չարձագանքեց կոչին եւ չմոտեցավ ակցիայի մասնակիցներին: Դա ակտիվիստներին չվրդովեցրեց: Թռչկանի ջրվեժի վերաբերյալ խորհրդարանական լսումներ պետք է լինեն: «Նախարարությունը ստիպված կլինի մեզ լսել»:

Հիշեցնենք, որ Թռչկանի ջրվեժի մոտակայքում արդեն մի քանի օր բնապահպաններն ու ակտիվիստները անժամկետ նստացույց են սկսել եւ խոստանում են հեռանալ ջրվեժի տարածքից միայն այն ժամանակ, երբ օրենքով կդադարեցվի շինարարությունը: «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնությունը ստորագրահավաք է սկսել: Մի քանի օրվա ընթացքում կոչին միացել է 5000 մարդ: Նրանք շարունակելու են ստորագրահավաքը եւ արդյունքները ներկայացնելու են կառավարությանը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4