«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#194, 2011-10-29 | #195, 2011-11-01 | #196, 2011-11-02


ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԽԱՎԻ ՀԱՄԱՐ

1921 թ. կառուցված Հովհաննես Հովհաննիսյանի անվան գրադարանը Էջմիածնի եզակի մշակութային կառույցներից է: Գրադարանն այսօր ունի շուրջ 90.000 կտոր գրականություն, սպասարկում է 1400 ընթերցողի: Գրադարանի շենքի անբարեկարգ վիճակին «Ազգ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է: Էջմիածնի քաղաքապետարանի աջակցությամբ այսօր գրադարանը նոր տեսք ունի` վերանորոգվել է, ջեռուցվում է: Մեկ ամիս առաջ էլ քաղաքապետարանից ստացել են 1000 կտոր գիրք` հիմնականում մասնագիտական եւ գեղարվեստական գրականություն:

Երեկ տեղի ունեցավ գրադարանի ուսումնական կենտրոնի բացումը: Այն նախատեսված է սոցիալապես անապահով խավի, ազատամարտիկների երեխաների համար: Կենտրոնում երիտասարդներն անվճար կսովորեն համակարգչային գործ, կօգտվեն ինտերնետից: «Մենք պետք է օգնենք սոցիալապես անապահով խավին, որպեսզի նրանք էլ տեղեկացված լինեն, կարողանան օգտվել տեղեկատվական տեխնոլոգիաներից: Այս ուսումնական կենտրոնը կծառայի նաեւ համայնքում մասնագետների պատրաստմանը: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Էջմիածինը բոլոր առումներով դառնա ժամանակակից քաղաք», ուսումնական կենտրոնի բացման արարողությանն ասաց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը : Նա նշեց, որ քաղաքապետարանը նաեւ էլեկտրոնային տարբերակով է ընդունում եւ պատասխանում քաղաքացիների հարցերին: Թեպետ այսօր քաղաքապետարանն ունի իր պաշտոնական կայքէջը, սակայն էլ. փոստով դիմողները քիչ են: «Պատճառը չիմացությունն է, որ պետք է շտկվի»:

Գրադարանի փոխտնօրեն Իվետա Գրիգորյանն էլ նշեց, որ Էջմիածնի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում` www.ejmiatsin.am կա հատուկ էջ նվիրված գրադարանի պատմությանը: Այժմ գրադարանի աշխատակիցները արխիվացնում են գրադարանի ինֆորմացիան: Նրանք վստահեցնում են, որ գրադարանի էջը կլինի հարուստ ու հետաքրքրական:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4