«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2011-11-02 | #197, 2011-11-03 | #198, 2011-11-04


ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ. ԲԱՆԱԿՈՒՄ ՄԱՀՎԱՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԵՊՔ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ Է

Հոկտեմբերի 29-ին ԼՂ Հադրութի շրջանի զորամասերից մեկի տարածքում գտել էին 19-ամյա Արմեն Մոզրովյանի դին: Վերջինս բանակ էր զորակոչվել Արթիկի զինկոմիսարիատից: ՊՆ-ի պաշտոնական վարկածովՙ զինվորը հանկարծամահ էր եղել, եւ կատարված դիահերձմամբ պարզվել էր, որ մահը վրա է հասել սրտի պսակաձեւ անոթների շրջանառության սուր խանգարման հետեւանքով:

Երեկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով բանակում հանկարծամահ եղած զինվորի դեպքին, հավաստիացրեց, որ նա եղել է բացարձակապես առողջ: Նախարարի ներկայացմամբ` Մոզրովյանը զորամասի լավ ծառայողների ցանկում էր, եւ հրամանատարությունը պատրաստվում էր նրան սերժանտի կոչում տալ: Հարցին, թե ինչպես է պատահում, որ անառողջ երիտասարդներին բանակ են տանում, նախարարը ընդգծել է, որ բժշկական համակարգը գործում է անձամբ իր եւ առողջապահության նախարարի վերահսկողության տակ, եւ երիտասարդները եռաստիճան ստուգում են անցնում:

Դիտարկմանը, թե Մոզրովյանի մահը չի՞ նշանակում, որ երբեմն ոչ առողջ զինվորներին են զորակոչում բանակ, Օհանյանը հավելել է. «Գոյություն ունի բժշկական հանրապետական հանձնաժողով, որի աշխատանքը շատ խիստ վերահսկողության տակ է: Բազմաթիվ անգամ իրականացրել ենք համատեղ միջոցառումներ: Եթե բացթողումներ արձանագրել ենք, համապատասխան քայլեր ենք կատարել: Եռաստիճան բուժզննում են անցնում մեր զինծառայողները»: Նա հավաստիացրեց, որ բանակում մահվան դեպքերի բացահայտման վերաբերյալ տարվում են լուրջ աշխատանքներ: Նախարարի խոսքերով, նախորդ տարիների համեմատությամբ զինված ուժերում մահացության դեպքերի նվազում է արձանագրվել: «Սակայն յուրաքանչյուր մեկ դեպք մեզ համար ողբերգություն է, անընդունելի»:

Նախարարը կրկին շեշտել է, որ բանակը բաց է հասարակության առաջ: «Ովքեր ուզում են մեզ օգնել, մենք իրենց ընդառաջում ենք, ովքեր ուզում են այն իրավիճակում, որ մերթընդմերթ լինում է բանակում, աջակցել, մենք իրենց հետ աշխատում ենք: Մենք աշխատում ենք յուրաքանչյուր հասարակական կազմակերպության հետ օրինական դաշտում: Բայց, եթե լինում են հերյուրանքներ, անձնական վիրավորանքներ, հակաօրինական քայլեր, ապա փորձում ենք դրանց իրավական արձագանք տալ օրինական դաշտում»: Սեյրան Օհանյանը նշել է, որ կան անձինք, ովքեր փորձում են շահարկել առկա վիճակն ու բանակի հասցեին վարկաբեկիչ տեղեկություներ տարածել: Նախարարը անուններ չի տվել, սակայն վստահեցրել է, որ այդ գործողություններին արձագանքելու է: «Իսկ թե ի՞նչ մեթոդներով»ՙ պատասխանել է. «Կարծում եք անօրինական քայլերի՞ եմ գնալու»:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4