«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2011-11-02 | #197, 2011-11-03 | #198, 2011-11-04


ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆԵՐ ՏԱԼԻՍ ԿԱՄ ՊԱՀԱՆՋՈՒՄ

Գլխավոր հարցն այդպես էլ մնում է անպատասխան

Հայաստանի ներքաղաքական կյանքում մեկ շաբաթվա ընթացքում կատարվող փոփոխություններն անհասկանալի են հասարակության լայն շերտերի համար: Պաշտոնանկ են լինում քաղաքական գործիչներ, որոնցից մի մասին ժողովուրդն է ընտրել, սակայն ոչ ոք չի բացատրում պաշտոնանկությունների իրական պատճառները: Մինչդեռ հասարակությունը պետք է իմանա, թե ինչ է կատարվում իր երկրում, ինչու է հանրապետության նախագահը բարձր պաշտոններից ազատում անձանց առանց որեւէ հիմնավոր բացատրության: Ինչո՞ւ է իր ընտրած կուսակցությունը խորհրդի նիստում որոշումներ կայացնում, սակայն դրանք չեն հրապարակվում: Մինչդեռ լռությունը կամ անտեղյակությունը ծնում է բազմաթիվ ենթադրություններ, գուցեներ, երեւակայական տեսակետներ, որոնց պատճառով հասարակությունն ընկնում է ենթադրությունների գիրկը: Իսկ ենթադրությունները տարբեր են: Հրաժարականները ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության արդյո՞ւնք են, կամ կա՞ն արդյոք դրանք ընդհանրապես, թե՞ ոչ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին լիկվիդացնելու փո՞րձ են, խորհրդարանական ընտրությունների սեմին վերադասավորո՞ւմ, թե էլի մեկ ուրիշ բան, որից հասարակությունն անտեղյակ է: Փաստորեն ձեւավորվում է մի իրավիճակ, երբ երկրի ներսում կատարվում են լուրջ փոփոխություններ, բայց երկրի փաստացի տերը` ժողովուրդը, «բեխաբար է»: Յուրաքանչյուրն իր ենթադրությունն ու վերլուծությունն ունի, սակայն գլխավոր հարցը` ինչո՞ւ են հրաժարական տալիս կամ պահանջում, մնում է անպատասխան:

Երեկ մամուլի ակումբներում քաղաքական, հասարակական տարբեր գործիչներ տեսակետներ էին ներկայացնում, թե ինչով է պայմանավորված հրաժարականների շքերթը, որը գուցե շարունակվի: «Ինչո՞ւ հենց հիմա», «ինչո՞ւ հենց այս պահին» հարցերին նրանցից ոչ ոք հստակ պատասխան չտվեց:

ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանի մեկնաբանությամբ` կադրային փոփոխությունները պայմանավորված են մեկնարկած նախընտրական գործընթացներով: «Որքան մոտենան ընտրությունները, այնքան հավանական են կադրային փոփոխությունները»:

«Ժառանգության» պատգամավոր Լարիսա Աալավերդյանը ներքաղաքական դաշտում կատարվողն անվանում է նյարդերի պատերազմ: Նա վստահ է, որ վերջին օրերի հրաժարականների հիմքում մեծ բիզնեսի ռեսուրսները կորցնելու վտանգն է: «Բիզնեսի համար թթվածինը փակելու վտանգն է: Այստեղ «ով ում մարդն է» տրամաբանությունն է գործում: Սա մեր քաղաքական էլիտայի հետամնացությունն է վկայում»:

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի գնահատմամբ` քաղաքականությունը Հայաստանում միջկլանային պայքար է, որի գործիքն ինտրիգն է: «Պաշտոնանկություններ դեռ կլինեն, քանի որ մթնոլորտը թանձրանում է, եւ բոլորը դավադիրներ են փնտրում: Այս վարչակարգն ինքն իրեն մսխելու գործընթացի մեջ է հայտնվել, եւ այդ ընթացքը շարունակվելու է»:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի եւ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրաժարականների միջեւ ներքին կապ է տեսնում: Նրա խոսքովՙ իշխանական թեւում կա մի հատված, որ դեմ է գործող իշխանություններին:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4