«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2011-11-02 | #197, 2011-11-03 | #198, 2011-11-04


ԹՌՉԿԱՆԸ ՓՐԿՎԵՑ

Ջրվեժը կհամարվի հատուկ պահպանվող տարածք

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի օրակարգում երեկ ընդգրկեց Թռչկանի ջրվեժի հարցը: Տիգրան Սարգսյանը ներկաներին հիշեցրեց բնապահպանների ահազանգի մասին, որ ՀԷԿ-ի կառուցման համար կառավարության որոշումը վտանգում է ջրվեժի ապագան: Սարգսյանը շեշտեցՙ նախագահի հանձնարարականով բնապահպանության նախարարությունն ուսումնասիրել է խնդիրը եւ որոշումներ կայացրել, համաձայն որոնց ռիսկերը չեզոքացվել են: «Սակայն բնապահպանները բարձրացրին մեկ այլ հարց. որպեսզի ապագայում ջրվեժին վտանգ չսպառնա, նրանք առաջարկում են հստակ կարգավիճակ տալ այդ հողատարածքին: Այդ պարագայում պետության կողմից երաշխավորված կլինի, որ ապագայում էլ որեւէ վտանգ չի սպառնա ջրվեժին, եւ այն ջրային ռեսուրսները, որոնք առկա են, այլ նպատակով չօգտագործվեն», ասաց վարչապետը` առաջարկելով որոշում սահմանել, որի համաձայն ջրվեժի տարածքը կօգտվի հատուկ պահպանվող տարածքի ռեժիմից:

Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ բնապահպանների, ակտիվիստների եւ մամուլի պայքարով բնապահպանական տարածք է փրկվում: Մի քանի ամիս առաջ հասարակական երկամյա բողոքի արդյունքում կառավարությունն անվավեր ճանաչեց 2007-ին ընդունած «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում «Գիլան» պետական արգելավայր ստեղծելու եւ այդ արգելավայրը մինչեւ 60 տարի վարձակալության, մինչեւ 10 տարի գյուղատնտեսական գործունեության եւ կառուցապատման իրավունքով «Հովազաձոր» ՍՊԸ-ին տրամադրելու որոշումները:

Ցավալի է, որ երկու դեպքում էլ հանուն բնության պահպանության որեւէ քայլ չձեռնարկեց բնապահպանության նախարարությունը: «Խոսրովի անտառ» արգելոցի պարագայում Արամ Հարությունյանը շեշտում էր, որ փաստաթղթում իր ստորագրությունը չկա, եւ մասնակցելով քննարկումներինՙ խոստումներ էր տալիս, որոնք այդպես էլ իրականություն չէին դառնում: Թռչկանի ջրվեժի պարագայում Հարությունյանը այլընտրանք էր առաջարկում, որ ջրվեժի հարեւանությամբ ՀԷԿ-ի կառուցման շինարարությունը չդադարեցվի: Նա առաջարկում էր ջրվեժի ջուրը օգտագործել միայն, երբ ջրի արագությունը կգերազանցի 400-500 լիտր վայրկյան արագությունը: Նա նաեւ առաջարկում էր, որ ամռան ամիսներին ՀԷԿ-ը չգործի: Թե ինչպես պետք է նախարարությունը հետեւեր, որ միայն սահմանված նիշից հետո ջրվեժի ջուրն օգտագործվեր, նախարարը չէր մանրամասնում:

Այս պահին դժվարությամբ եմ հիշում մի դեպք, երբ գոնե վերջին 2 տարվա ընթացքում նախարարը դեմ գնար ինչ-որ օլիգարխի շահերին եւ պաշտպաներ բնությունն ու բնության շահերը` մինչդեռ նրա գործառույթը կառավարությունում հենց դա է: Դա չեղավ ոչ այն ժամանակ, երբ Արգիճի վտակի վրա ՀԷԿ էին կառուցում եւ Մարտունու շրջանի շուրջ 30.000 բնակիչ պետք է մնար առաց ոռոգման ջրի, իսկ Սեւանը կորցներ կենսաբազմազանությունը, դա չեղավ այն ժամանակ, երբ որոշվեց Հրազդանում երկաթի, Տաթեւի երկաթի, Կապանում ուրանի եւ այլ հանքերի շահագործումը: Դժվար է հիշել մեկ դեպք, երբ բնապահպանական խնդիրների մասին առաջինը ահազանգել կամ կառավարության նիստերի ժամանակ բարձրացրել է նախարարը: Այս դեպքում, ինչի՞ համար է բնապահպանության նախարարը, եթե պետք է նախագահի կամ վարչապետի հանձնարարականներից հետո միայն ուսումնասիրվեն ռիսկերը ու ընդունված որոշումները չեղյալ համարվեն:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4