«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2011-11-03 | #198, 2011-11-04 | #199, 2011-11-05


ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ԾԱՆՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ

Քաղաքապետի ընտրությունը` նոյեմբերի15-ին

Երեւանի քաղաքապետարանում կայացած ավագանու արտահերթ նիստում որոշվեց Երեւանի նոր քաղաքապետի ընտրության օրըՙ նոյեմբերի 15-ին, ժամը 11-ին: Ավագանու նիստում քաղաքապետի պաշտոնակատար եւ քաղաքապետի միակ թեկնածու Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ նոյեմբերի 2-ին նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարական է տվել նաեւ ավագանու անդամությունից: Մյուս նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը շարունակում է մնալ ավագանու անդամ: Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարական էր ներկայացրել հոկտեմբերի 28-ին: Նա նշել էր, որ քաղաքապետի պաշտոնից հեռանում է այլ աշխատանքի տեղավորման եւ անձնական խնդիրների պատճառով: Կարապետյանը տեղափոխվելու է Մոսկվա եւ աշխատելու է «Գազպրոմ» ընկերությունում: Ըստ ռուսական լրատվամիջոցների` Կարապետյանը կդառնա Ալեքսեյ Միլլերի տեղակալը. սովարաբար այդ պաշտոնը զբաղեցնողները ստանում են ամսական 154.000 դոլար աշխատավարձ, որը Կարեն Կարապետյանն իր հարցազրույցներից մեկում որակեց «աստղաբաշխական»:

Ինչ վերաբերում է Երեւանում կայանալիք քաղաքապետի ընտրությանը, ապա նոյեմբերի 15-ին որեւէ արտառոց բան չի կատարվի: Ըստ էության, կատարվելիքն ընդամենը պաշտոնական, իրավական արարողություն կլինի: Ինչպես եղավ անցյալ տարի, երբ Բեգլարյանի հրաժարականի պատճառով քաղաքապետ ընտրվեց Կարեն Կարապետյանը: Ավագանիում թվաքանակով երկրորդը համարվող ԲՀԿ խմբակցությունը, ինչպես նախորդ տարի, այս անգամ էլ որեւէ թեկնածու չի առաջադրել: Անցյալ տարի նրանք կողմ քվեարկեցին Կարեն Կարապետյանի օգտին, սակայն արտահայտեցին դժգոհություն: Նրանք կողմ էին, որ ավագանու մասին օրենքում փոփոխություններ կատարվեն, եւ քաղաքապետի հրաժարականից հետո կայացվեն նոր ընտրություններ ոչ թե ավագանու մակարդակով, այլ` երեւանցիների:

Եթե անգամ նոյեմբերի 15-ին ԲՀԿ-ն չմասնակցի ընտրություններին, Տարոն Մարգարյանն էլի կհաղթի, որովհետեւ իշխող կուսակցությունը իշխող է նաեւ քաղաքապետարանում եւ կրկնակի գերազանցում է ԲՀԿ-ին:

Հետեւաբար դեռեւս Տարոն Մարգարյանի առաջադրման օրվանից արդեն կարելի էր երեւանցիներին աչքալուսանք տալ նոր քաղաքապետի կապակցությամբ: Մինչդեռ Մարգարյանին դժվար փորձություն է սպասում: Գոնե առաջիկա մի քանի ամսում նա բախվելու է լուրջ խնդրիՙ համեմատության: Այս կամ այն գործը կատարելիս Մարգարյանին համեմատելու են հատկապես նախկին քաղաքապետի հետ: Նա ոչ միայն պետք է ապացուցի, որ լավ մենեջեր է, կարող է Երեւանը կառավարել, այլեւ հարկ եղած դեպքում կարող է կոշտ միջոցների դիմել: Միաժամանակ նա պետք է կարողանա այնպես աշխատել, որ ավելի վերեւներում չանհանգստանան, որ Մարգարյանը կարող է ապամոնտաժել իրենց խանութները կամ գծատերերից պահանջի ավելի լավ աշխատել, իսկ մերձքաղաքային որոշ երթուղայիններից պահանջի օրենքի սահմաններում Երեւան չմտնել: Բացի դրանիցՙ Մարգարյանը պետք է կարողանա սոցիալապես անապահով խավերի` կրպակատերեր, բացօթյա առեւտրով զբաղվողներ, այսպես ասածՙ «սիրտը շահել»: Նրանք ամենից շատ էին տուժել Կարապետյանի ղեկավարության օրոք: Այս առումով Մարգարյանին դժվար ժամանակներ են սպասում:

Սակայն առավել դժվար կլինի աշխատանքը 2012-ին, երբ Մարգարյանը զբաղված կլինի ընտրությունների կազմակերպմամբ, ռեսուրսների գնահատմամբ ու կատարմամբ: Մեկ միլիոն բնակչություն ունեցող Երեւանը բոլոր կուսակցությունների առաջնային թիրախն է, իսկ ՀՀԿ-ն ամեն ինչ պետք է անի` հատկապես քաղաքապետի օգնությամբ, երեւանցիների ձայներից առավելագույնին արժանանալու: Կկարողանա՞ այդ ամենը կատարել, ցույց կտա ժամանակը:

Թեպետ Մարգարյանը քաղաքապետարանի անցուդարձին ու ներքին խոհանոցին, կարծում ենք, պետք է ծանոթ լինի ու իմանաՙ ինչպես աշխատել, որ կուսակցությունը գոհ մնա: Սակայն բացի կուսակցության գոհունակությանն արժանանալուց, Մարգարյանը պետք է կարողանա բարելավել երեւանցու կյանքը, լուծել առաջնահերթ խնդիրներ` տրանսպորտ, վերելակների խնդիր, աղբահանություն: Նախորդ քաղաքապետի պարագայում պարզ դարձավ, որ Երեւանին մինչ կոսմետիկ վիրահատության ենթարկելը նախ պետք է բուժել: Կարծում ենքՙ այս հարցի լուծման ուղղությամբ էլ Մարգարյանին դժվար ժամանակներ են սպասում:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. Երեկ մենք փորձեցինք զրուցել Երեւանի ավագանիում ԲՀԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Գասպարյանի հետ: Քաղաքապետարանի 4 վարչություն զանգահարելուց հետո կարողացանք պարզել խմբակցության քարտուղարության հեռախոսահամար, սակայն ապարդյուն, Գասպարյանը տեղում չէր: Գրասենյակի աշխատողը` երիտասարդ տղա, երեւի չէր հասկանում, որ ոչ թե «քուչայում է» գտնվում, այլ քաղաքապետարանում, եւ լրագրողների զանգերին ու հարցերին «քուրո ջան»-ի մակարդակով էր պատասխանում: «Քուրիկ ջան, իրա հեռախոսը ես չեմ կարա տամ ու չգիտեմՙ էսօր ստե կլինի, թե չէ, դուրս ա եկել արդեն», պատասխանեց երիտասարդը:


Նկար 1. Քաղաքապետի պաշտոնակատարը եւ նախկին քաղաքապետը


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4