«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2011-11-04 | #199, 2011-11-05 | #200, 2011-11-08


«ՄԵՐ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՀԱՎԱՏՔԻ ՄԵՋ Է»

Հրեշտակապետաց եկեղեցու օծում եւ «Գարեգին Բ» կենտրոնի հիմնարկեք

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի գահակալության 12-ամյակի եւ ծննդյան 60-րդ տարեդարձի միջոցառումներ սկսվեցին շաբաթ առավոտյան Էջմիածնում` մասնակցությամբ Հայ եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի պատվիրակությունների, Մայր աթոռի բարերարների ու միաբանների: Վեհափառի աղոթքով սկիզբ դրվեց «Գարեգին Ա» հոգեւոր-կրթական կենտրոնի շինարարությանը: Հիմնարկեքի արարողությանը մասնակցում էին նաեւ բարերաները` տեր եւ տիկին Հայկ եւ Էլզա Դիդիզյանները : «Կառուցվող կրթական կենտրոնը պետք է ծառայի եկեղեցականների եւ ուսուցիչների վերապատարաստության կարեւոր առաքելությանը, աստվածաբանական, եկեղեցագիտական եւ հայագիտական խորհրդաժողովների անցկացմանը: «Գարեգին Ա» կրթական կենտրոնի գործունեությունը կարեւոր ներդրում է լինելու նաեւ գիտության ասպարեզի զարգացման, նշանակալի նոր ձեռքբերումների արձանագրման գործում», ասաց Վեհափառը:

Կառույցը կառանձնանա ժամանակակից եւ հին ճարտարապետության միաձուլմամբ: Կմիահյուսվեն հին եւ նոր ճարտարապետական տարրերն, ու կառույցը կդառնա հոգեւոր կենտրոնի մի մասնիկը», «Ազգ» օրաթերթի հետ զրույցում վստահեցնում է ճարտարապետ Արտավազդ Նազարեթյանը : Հոգեւոր կենտրոնի հարեւանությամբ է «Խրիմյան Հայրիկ» հիվանդանոցը, որը վերանարոգումից հետո կվերածվի թանգարանի: «Քարի ընտրությունն ու ճարտարապետական լուծումներն այնպես են ընտրվել, որ երկու կառույցները դառնան մեկ ամբողջություն:

Հայկ Դիդիզյանը ասում է, որ այսօր իրեն մաքրված է զգում, հոգին` թեթեւացած, խիղճը` հանգիստ: Բարեգործական բազմաթիվ ծրագրերի է մասնակցել, սակայն հոգեւոր կենտրոնի կառուցմանը սպասել է անհամբերությամբ: Պատճառն այն է, որ իր անունով հոգեւոր կենտրոն կառուցելու խնդրանքով մահվան մահճում բարերարին դիմել է Գարեգին Ա կաթողիկոսը:

«Եթե չկարողանայի այդ խնդրանքը կատարել, չէի կարողանա հանգիստ ապրել: 12 տարի անց Վեհափառի խնդրանքը կատարեցի», ասաց բարերարը` հավելելով, որ նման հոգեւոր կենտրոնի շինարարության սկիզբը դրվել է նաեւ Նյու Յորքում:

Էջմիածնի հրապարակից երեւացող նորակառույց Հրեշտակապետաց եկեղեցում պատարագ կմատուցեն Գեւորգյան ճեմարանի սաները: Եկեղեցու օծման արարողությունը համընկավ ոչ միայն Վեհափառի գահակալության 12-ամյակի, այլեւ Հրեշտակապետաց տոնին: Ջրով եւ գինով լվացվեցին եկեղեցու սեղանն ու սյուները, այնուհետեւ Վեհափառը մյուռոնով օծեց սուրբ սեղանը: Եկեղեցու ճարտարապետ Ջիմ Թորոսյանը չի ցանկանում խոսել այն դժվարությունների մասին, որոնք եղել են շինարարության ընթացքում: «Շատ եմ հավանում եկեղեցին», ասում է ճարտարապետը` հույս հայտնելով, որ այն ժամանակի ընթացքում ոչ միայն էջմիածնեցիների, այլեւ աշխարհասփյուռ հայերի սիրելի եկեղեցիներից մեկը կդառնա:

«Եկեղեցու քանակը երբեք շատ չէ, հատկապես հիմա, երբ պետության արժեքները խախտվել են: Մեր փրկությունը մեր հավատքի մեջ է, ժողովուրդ-Մայր աթոռ կապը պետք է շատ ամուր լինի», ասաց եկեղեցու բարերար Գագիկ Գալստյանը , որն արժանացավ Հայ առաքելական եկեղեցու պատվո բարձրագույն` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանին:

Հոբելյանական միջոցառումը եզրափակվեց Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հանդիսությունների դահլիճի եւ մարզասրահի բացման արարողությամբ: Բացման արարողությանը ներկա բարերաներ Պետրոս եւ Աննա Օրունջանկչիելները շնորհակալական խոսքն ուղղեցին Վեհափառին` հավելելով, որ աղոթում են, որ հայ զավակները շարունակեն իրենց ծնողների գործն ու իրենց կյանքը նվիրեն Հայ եկեղեցուն եւ հավատարիմ մնան Սուրբ Էջմիածնին: Վեհափառը հույս հայտնեց, որ կառուցվող եւ կառուցվելիք հաստատությունները պետք է նոր խանդավառություն բերեն ճեմարանի սաներին, նրանք պետք է արդարացնեն բոլոր հույսերն ու ծառայեն Հայոց եկեղեցուն եւ հայ ազգին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4