«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2011-11-05 | #200, 2011-11-08 | #201, 2011-11-09


ԹԵՐԹԸ ՊԵ՞ՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՐԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշել է «Հրապարակ» օրաթերթի գույքի վրա արգելանք դնել: Մինչ այդ դատարանը արգելանք էր դրել թերթի դրամական միջոցների վրա, սակայն բողոքարկմամբ որոշումը չեղյալ համարվեց: «Հրապարակն» այս անգամ հայտնվել է աբսուրդ իրավիճակում, նրա դեմ դատական հայց է ներկայացվել թերթի ընթերցողների մեկնաբանությունների պատճառով: Պարզվում է, որ թերթը պատասխանատվություն պետք կրի նաեւ իր ընթերցողների մեկնաբանությունների համար: Օգոստոսին թերթը հոդված է հրապարակել փաստաբան Արթուր Գրիգորյանի մասին: Հոդվածը ներկայացրել է փաստաբանի ծառայություններից դժգոհ մնացած քաղաքացիների բողոքը: «Մեկնաբանություն» բաժնում թերթի հոդվածը կարդացած մի քանի քաղաքացիներ նույնպես դժգոհել են փաստաբանի գործողություններից եւ իրենց կարծիքը ներկայացրել: «Արթուր Գրիգորյանի պատճառով կորցրինք բողոքարկելու իրավունքը` զուտ իր բողոքը ուշացնելու պատճառով»: «Մեր գործով նույն սցենարով սկզբից պայմանագիր կնքեց 150.000 դրամի, վերջում 600.000 դրամի հասցրեց ու ընդամենը փորձեց հարցը դատավորի հետ միջնորդությամբ լուծել»: Սրանք հատվածներ են ընթերցողների թողած մեկնաբանություններից: Այս եւ մի շարք այլ մեկնաբանություններում փաստաբանն իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորող խոսքեր, արտահայտություններ է գտել: Նա դատարանին է ներկայացրել 6 բառ, որոնք, ըստ իրեն, վիրավորական են: Յուրաքանչյուր բառը գնահատել է 3 միլիոն դրամ եւ թերթից պահանջում 18 միլիոն դրամ:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանն էլ բավարարել է փաստաբանի պահանջը: «Մեր դատավորները կարծում են, որ թերթը պատասխանատվություն է կրում նաեւ ընթերցողների արտահայտած կարծիքների համար: Դատավորի մեկնաբանությամբ` օրաթերթը ինտերնետում որոշակի տարածք է տրամադրել ազատ խոսքի համար, հետեւաբար պետք է գրաքննություն մտցնի եւ մեկնաբանությունները խմբագրի», «Ազգ» -ի հետ զրույցում ասաց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը : Նա դատարանի որոշումը որակում է խոսքի ազատությունը ճնշելու փորձ: «Խնդիրն այն է, որ Հայաստանում ինտերնետ տարածությունն օրենքով կարգավորված չէ, հետեւաբար այս առումով որեւէ օրենք չկա: Սա գրեթե նույնն է, թե ընթերցողները Facebook-ում իրենց կարծիքն արտահայտեին փաստաբանի եւ նրանց աշխատանքի մասին: Պատկերացնո՞ւմ եք` ինչ աբսուրդ բան կստացվեր, եթե որոշեին Facebook-ի մեկնաբանությունների համար թերթին դատի տալ», ասում է խմբագիրը:

Նա հույս ունի, որ Սահմանադրական դատարանը «Զրպարտության եւ վիրավորանքի մասին» օրենքի հոդվածը կորակի հակասահմանադրական: Խմբագրի գնահատմամբ` վերոնշյալ օրենքը լղոզված է, խառն ու չի տալիս հստակ պատասխաններ, թե ինչ իրավունքներ եւ պարտականություններ ունի թերթը, եւ ինչ իրավունքներով են օժտված լրատվամիջոցների դեմ դատական հայցեր ներկայացնողները:

Նշենք, որ լրատվամիջոցների դեմ ուղղված մյուս բոլոր դատական հայցերի քննությունն այս օրերին դատարաններում կասեցվում կամ հետաձգվում է, քանի որ ՍԴ-ն պատրաստվում է նոյեմբերի 15-ին քննել մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հայցը` համապատասխանո՞ւմ է արդյոք «Զրպարտության եւ վիրավորանքի մասին» օրենքի հոդվածը սահմանադրությանը:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4