«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2011-11-11 | #204, 2011-11-12 | #205, 2011-11-15


ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ 0,6%-ՈՎ ՆՎԱԶԵԼ Է. ԱՇԽԱՏԱՆՔ Է ՓՆՏՐՈՒՄ 83.900 ՄԱՐԴ

Զբաղվածության պետական ծառայության գործակալության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանի գնահատմամբ` զբաղվածության շուկայում վերջին տարում փոփոխություն է գրանցվել: Այս տարվա հոկտեմբերին տարեսկզբի համեմատ գործազրկության մակարդակը նվազել է 0.6 տոկոսով եւ կազմում է 6.4 տոկոս: Գործազրկության հատկապես բարձր մակարդակ է նկատվում Լոռիում, Սյունիքում, Շիրակում, Կոտայքում, Տավուշում եւ մայրաքաղաքում:

«Ընտրված հատուկ մեթոդաբանությամբ գործազրկության մակարդակը հանրապետությունում կազմում է 19 տոկոս», «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց Սիմոնյանը: Նոյեմբերի 1-ի դրությամբ, աշխատանք փնտրողների թիվը կազմում է 83.900 մարդ: Թիվը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է 13.1 տոկոսով, իսկ տարեսկզբի նկատմամբ` 10 տոկոսով:

«Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 84 տոկոսը կամ 70.5 հազար»: Չի նվազում գործազուրկ կանանց տոկոսը: Աշխատանք է փնտրում 49.900 կին: Նոյեմբերի 1-ի դրությամբ գործազրկության նպաստի ստացման իրավունք ունի 15.932 գործազուրկ: Այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 24.6 տոկոսով: Գործազրկության մակարդակը փաստում է երկրի տնտեսական վիճակն ու հասարակության կենսամակարդակը: Սակայն գործազրկությունը նաեւ երիտասարդների` մասնագիտության հարցում սխալ ընտրություն կատարելու պատկերն է արտացոլում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի տնօրեն Հայկուհի Գեւորգյանի ներկայացմամբ` գործազրկությունը երիտասարդների շրջանում շատ բարձր մակարդակ ունի: Դա «մոդայիկ մասնագիտություն» ընտրելու հանգամանքով է պայմանավորված: Բուհի դիմորդները հաշվի չեն առնում ոչ միայն սեփական կարողությունները, այլեւ տվյալ մասնագիտության պահանջարկը:

Ծրագրավորող, մենեջեր, հաշվապահ, եռակցող, շուկայագետ, վարսահարդար, մատնահարդար, դիմահարդար, հրուշակագործ: Սրանք այն 10 մասնագիտություններն են, որոնք ամենապահանջվածն են հանրապետությունում:

Մասնագետի հավաստիացմամբ` սխալ ընտրության պատճառով է, որ երիտասարդության գործազրկության մակարդակի ցուցանիշն ավելի բարձր է, քան հանրապետության տարածքում ընդհանուր գործազրկության մակարդակը:

«Ես ցանկանում եմ դառնալ նախարար»: Հայկուհի Գեւորգյանի «Ի՞նչ ես ուզում դառնալ» հարցին դպրոցներում եւ մանկապարտեզներում ամենից շատ հենց այս արտահայտությունն է լսել: «Կապ չունի, թե ինչ մասնագիտություն կամ որ բնագավառում, գլխավորը նախարարի պաշտոնն է»:

Կենտրոնն աշակերտների շրջանում կատարել է հետազոտություն եւ պարզել` մեծամասնությունը մասնագիտության ընտրության հարցում կողմնորոշված չէ: Բժշկություն, ծրագրավորում, տնտեսագիտություն, իրավաբանություն եւ դիզայներական գործ: Սրանք մասնագիտությունների թոփ հնգյակն են, որոնք նախընտրում են դպրոցականները: Նրանց միայն 34.1 տոկոսը տեղեկատվություն ունի բուհերի, մասնագիտությունների, աշխատանքի շուկայի առաջարկի եւ պահանջարկի մասին: 58.7 տոկոսի մեջ այդ տեղեկատվությունը թերի է, 2.1 տոկոսը ընդհանրապես պատկերացում չունի:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4