«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2011-11-11 | #204, 2011-11-12 | #205, 2011-11-15


«ՕՐԵՐԸ»` ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ԵՎ ԹԱՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ

Պրահայում լույս տեսնող «Օրեր» ամսագրի բացառիկ թողարկումը նվիրված է հայկական կինոյին եւ թատրոնին: Խմբագրակազմն ամսագրում ամփոփել է անկախության 20 տարվա ընթացքում հայկական կինոյի եւ թատրոնի ձեռքբերումները, նաեւ 2012-ին հայ կինոյի 100-ամյակին ընդառաջ ներկայացրել բացառիկ հարցազրույցներ հայկական կինոյի ամենահեղինակավոր դեմքերից` Վիգեն Չալդրանյան, Երվանդ Մանարյան, Հարություն Խաչատրյան:

Հայկական կինոյի եւ թատրոնի հոգսերը երբեք չեն վերջանում: Նրանք ունեն ֆինանսական, տեղի եւ այլ խնդիրներ: Քսան տարին բոլորած Համազգային թատրոնը սեփական շենք չունի: Նույն վիճակում է նաեւ Մնջախաղի պետական թատրոնը: «Հայ Ֆեստ» փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանի մեկնաբանությամբ` մշակույթը չպետք է մտցնել սոցիալական ոլորտ: «Եթե նույն հարթակի վրա դնենք երկու հարցադրում` թատրոնի՞ն պետք է գումար տալ, թե՞ աուտիզմով հիվանդ երեխաների մանկատանը, հասարակության 99 տոկոսը գումարը կտա մանկատանը: Մինչդեռ երկուսին էլ պետք է տրվի, քանի որ եթե չլինի մշակույթ, ամբողջ ազգը կհայտնվի դանդաղ աուտիզմի մեջ»:

Սփյուռքի եւ Հայաստանի տարբեր բեմերում հանդես եկած դերասանուհի Նորմա Արմանիի գնահատմամբ` հայաստանցի հանդիսատեսը շատ զարգացած է. միջազգային թատրոնին ավելի տեղյակ, չի սիրում թեթեւ կամ անիմաստ ներկայացումներ: Ֆրանսահայ դերասան Ժիրայր Փափազյանի մեկնաբանությամբ` հայկական թատրոնը 1970-ականների մակարդակի վրա է: «Հատկապես խաղաոճը: Երիտասարդները խաղում են այնպես, ինչպես 20 տարի առաջ: Տաղանդավոր ջահելներ կան: Համազգայինում Սարոյանի գործը տեսա, լավ երիտասարդներ կային, բայց ոճը հին էր»:

Թեպետ հայկական կինոն վերջին 20 տարվա ընթացքում զարգացում ապրեց, սակայն մայրաքաղաքում գործում է ընդամենը 2 կինոթատրոն: Կինոգետ Սիրանույշ Գալստյանին անհանգստացնում է, որ երիտասարդները հայկական կինոյից պատկերացում չունեն, թեպետ արդեն մի քանի տարի անցկացվում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, իսկ այս տարվա ամենաբարձր մրցանակին արժանացել է հայ երիտասարդ ռեժիսորի ֆիլմը: «Մայրիկ», «Արարատ», «Դրախտի թռչուններ», «Ջրահարս», «Շների կղզին», «Ճչացողները». սրանք անկախության տարիներին սփյուռքում ստեղծված այն ֆիլմերն են, որոնք կինոգետ Ֆելիքս Բախչինյանն առաջարկում է դիտել: Սիրանույշ Գալստյանն էլ առանձնացրել է անկախության տարիներին Հայաստանում նկարահանված 20 լավագույն ֆիլմերը` «Ընկեր Փանջունի», «Ուրախ ավտոբուս», «Պոետի վերադարձը», «Քրմուհին», «Խճճված զուգահեռներ», «Պիեռլեկինո կամ օդից թեթեւ»:

Ամսագիրը հետաքրքրական եւ արժեքավոր տեղեկություններ է հաղորդում ամերիկյան կինոյի, թատրոնի եւ հեռուստաընկերության դերասանուհի, երգչուհի Ադրիեն Բարբյոյի հայկական արմատների մասին: «Շատ բան գիտեմ իմ նախնիների ողբերգության մասին: Դառնալով դերասանուհի` որոշեցի երբեք չխաղալ զոհերի, այլ միայն ուժեղ եւ հաստատակամ կանանց դերեր: Ես հայ եմ: Այնքանով, որքանով դա ինձ հետաքրքրում է, ամեն ինչ բացատրելի է դառնում: Բացառությամբ իմ քթի, այն ֆրանս-կանադական է, իմ մեջ մնացածը հայկական է` գանգուր մազերը, մեծ կրծքերը, շոու-բիզնեսում 45 տարի դիմանալու կարողությունը, որոնք ինձ փոխանցել են 1915-ի թուրքական եղեռնից փրկված իմ նախնիները: Իրականում իմ կեսն է հայ, սակայն դա այն կեսն է, որի մեջ ես մեծացել եմ... Ինձ դուր է գալիս մարդկանց ասել, որ ես հայ եմ: Մենք ինքնատիպ ենք, հուզիչ խորհրդավոր: Գիտենք ինչպես պետք է պարել»:

1989-ին Ադրիենը միացավ այն հարյուրավոր ամերիկացի երգիչներին, ովքեր անգլերենով կատարեցին Շառլ Ազնավուրի «Քեզ, Հայաստան» երգը: Նույն թվականին Լոս Անջելեսում նա վարեց Հայ օգնության միությանն առընթեր գործող Հայաստանի երկրաշարժից տուժածների օժանդակության հիմնադրամի կազմակերպած հանդիսությանը:

Հայ-չեխական հավելվածում ամսագիրն անդրադառնում է մանկատանն ապրող երեխաների խնդրին Հայաստանում եւ Չեխիայում, Պրահայում Հայաստանի անկախության 20-ամյակին եւ Չեխիայում ՀՀ նոր դեսպան Տիգրան Սեյրանյանին:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4