«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2011-11-12 | #205, 2011-11-15 | #206, 2011-11-16


ՆՈՐԱՍՏԵՂԾ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿՔՆՆԻ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԸ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ երեկ նախարարությունում տեղի է ունեցել զինված ուժերի գործունեությունը կարգավորող իրավական ակտերի վերանայման եւ առաջարկությունների մշակման համար ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը: Աշխատանքային խմբի գործունեությունը համակարգում է փոխնախարար Արա Նազարյանը` նպատակն է պաշտպանության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն արդյունավետ իրականացնելու համար շահագրգիռ եւ կայուն ուժեր համախմբել: Խմբում կընդգրկվեն նաեւ ՀՀ զինդատախազության, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի եւ քաղաքացիական հասարակության շահագրգիռ ներկայացուցիչներ: Հանձնաժողովի անդամները քննարկելու են զորամասերում տեղի ունեցած դեպքերն ու արտակարգ պատահարները, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի վրա ազդող կարգապահական եւ իրավական խախտումները, դրանց նպաստող պայմաններն ու պատճառները, դեպքերի ու արտակարգ պատահարների աճի կամ նվազման միտումներն ու օրինաչափությունները, ինչպես նաեւ կոռուպցիոն ռիսկի նվազեցման ուղիները:

Նախարար Օհանյանի ներկայացմամբ` խմբի գործունեությունն ուղղված է զինված ուժերի գործունեությունը կարգավորող կամ ոլորտին առնչվող այլ իրավական ակտերի վերանայմանը, իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունների մշակմանն ու զինված ուժերում հանցավորության մակարդակի բարձրացմանը նպաստող գործոնների հայտնաբերման ուղղությամբ ուսումնասիրությունների իրականացմանն ու դրանց վերացմանը:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4