«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2011-11-19 | #210, 2011-11-22 | #211, 2011-11-23


«ՇԻՐԱԿԷՔՍՊՈ 2011»-ԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԹՈՒՐՔ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐ

Կանցկացվի նաեւ կանանց դերին ու ընդգրկվածությանը նվիրված ֆորում

Շիրակի մրցունակության կենտրոնի կողմից կազմակերպվող «Շիրակէքսպո» ամենամյա ցուցահանդեսն այս տարի նոր ընդգրկում ձեռք կբերի` համախմբելով ինչպես 50-ի չափ հայկական, այնպես էլ շուրջ 30 թուրքական ընկերությունների: Կցուցադրվի ծառայությունների եւ արտադրանքի բազմազան տեսականի, այդ թվում` սննդամթերք, տեքստիլ արտադրանք, շինանյութ:

2005 թվականից Գյումրիում անցկացվող ապրանքների եւ ծառայությունների ցուցահանդեսներին վերջին տարիներին տեղական արտադրողներից բացի հրավիրվել են այլ մարզերի գործարարներ եւս, իսկ «Էքսպո 2010»-ին մասնակցեցին նաեւ Վրաստանի արտադրողներ` գյուղատնտեսության, սննդարդյունաբերության եւ այլ ոլորտներից: Նոյեմբերի 24-ին Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում կայանալիք «Շիրակէքսպո 2011»-ը կազմակերպվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ, «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի, Երեւանի մամուլի ակումբի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի եւ Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների (գործատուների) միության կոնսորցիումի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի ֆինանսավորմամբ: Հայ եւ թուրք գործարարներիՙ նոյեմբերի 22-ին մեկնարկած երեւանյան երկօրյա համաժողովին հաջորդող ցուցահանդեսը, կազմակերպիչների համոզմամբ, կընձեռի երկու կողմերի գործարար շրջանակների համագործակցության խթանման եւս մեկ հնարավորություն:

Նույն օրը քաղաքի «Արաքս» հյուրանոցային համալիրում կայանալիք «Կանայք որպես տարածաշրջանային տնտեսական զարգացման առաջատարներ» ֆորումը միջոցառման մասնակիցներին հնարավորություն կընձեռի քննարկելու Հայաստանի ու Թուրքիայի տնտեսություններին, բիզնեսում կանանց դերին ու ընդգրկվածությանը, երկու երկրների արտադրության եւ ծառայությունների ոլորտներում առկա ներդրումային ռիսկերին վերաբերող եւ բազմաթիվ այլ հարցեր:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4