«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#212, 2011-11-24 | #213, 2011-11-25 | #214, 2011-11-26


ՀԱՆՔԱՎԱՆՈՒՄ ԿՇԱՀԱԳՈՐԾՎԻ ՄՈԼԻԲԴԵՆԻ ԲԱՑ ՀԱՆՔ

«Գոլդեն Oրե» ՍՊԸ-ն նախապատրաստվում է մոլիբդենի բաց հանք շահագործել Հանքավանում: Նախագիծն իրականացնում է «Ռակե» ՍՊԸ-ն: Արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, կազմակերպության ներկայացուցիչներն էլ վերջերս Հանքավանում ներկայացրել են բաց հանքի շահագործման ծրագիրը:

Մոլիբդենի հանքավայրը գտնվում է Կոտայքի մարզի Հրազդանի շրջանի Հանքավան գյուղից ընդամենը 0.5 կմ, իսկ Հրազդանից` 37 կմ հեռավորության վրա: Տվյալների համաձայն` հանքավայրը զբաղեցնում է 10 քառ. կմ տարածք, որտեղ կտեղակայվեն բաց հանքը, ջարդիչ արտադրամասը, արտադրական հրապարակը, լցակույտերը: Արտադրական հրապարակը կառուցվելու է Հանքավան գյուղից 250 մ դեպի հարավ-արեւմուտք` Մարմարիկ գետի աջ ափին:

Բացի մոլիբդենից եւ խալկոպիրիտից, հանքավայրը պարունակում է ոչ արդյունաբերական նշանակության մի շարք մետաղներ եւ միացություններ:

«Գոլդեն Օրե» ՍՊԸ-ն նախատեսում է հանքի շահագործման առաջին փուլի համար օգտագործել 715 տոննա պայթուցիկ նյութ, իսկ երկրորդ փուլում` 262 տոննա: Տարածքի հիմնական ջրային զարկերակը Մարմարիկ գետն է: Նախագծի հեղինակները հասարակական լսումների ժամանակ նշել են, որ հենց Միսիխանա եւ Մարմարիկ գետերի ջուրը կօգտագործվի հանքի աշխատանքների համար: Սակայն նրանք չեն նշում, թե աղբյուրներին ինչպիսի ճակատագիր է սպասում, երբ պայթեցումները սկսվեն: Հանքի շահագործման ընթացքում կազմակերպությունը մտադիր է բաց հանքի տարածքում ընդգրկել Դամիր-Մողարա գետի ներքին հոսանքները, ինչի համար էլ շեղելու են գետի հունը` կառուցելով ջրահեռացնող ջրատար: Նախագծում մասնագետները չեն անդրադառնում, թե բաց հանքի շահագործումն ինչ ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա: Որեւէ խոսք չկա նաեւ թունավոր փոշու տարածման, ջրի, անտառների, արոտավայրերի, էկոհամակարգերի, բնակչության առողջության եւ այլ ռիսկերի վերաբերյալ: Հետեւաբար ռիսկերի նվազեցման որեւէ միջոցառում նրանք չեն նախատեսում ձեռնարկել: Մինչդեռ խնդիրներ կան ու բազմաթիվ են: Նախ տարածքը շատ մոտ է բնակավայրին, բացի դրանիցՙ Հրազդանում կառավարությունն արդեն մտադիր է երկու հանք շահագործել, քաղաքից 37 կմ հեռավորության վրա նոր հանքի շահագործումն աղետալի հետեւանքներ կունենա: Թեղուտի օրինակով կկտրվեն բազմահազար ծառեր, կաղտոտվեն արոտավայրերը, գյուղատնտեսական հողամասերն ու ջուրը: «Ազգ»-ը բազմիցս ներկայացրել է օրինակներ, երբ Սյունիքի եւ Լոռու մարզերում բաց հանքերի շահագործումից ոռոգման ջուրը կեղտոտվել է, հետագայում գյուղատնտեսական ապրանքներում մասնագետները հայտնաբերել են ծանր մետաղներ եւ միացություններ, որոնք վնասակար են առողջությանը: Կառավարության եւ հատկապես բնապահպանության նախարարության նման գործելակերպի հետեւանքով Հայաստանը մի քանի տասնամյակ անց կվերածվի մեծ հսկայական պոչամբարի` աղտոտված գետերով, թունավորված հողով, իսկ «երկրում» ծնվող երեխաների հսկայական մասը կդառնա հիվանդ:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4