«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2011-11-26 | #215, 2011-11-29 | #216, 2011-11-30


ՆԱ ՆՈՐ ԱՍՏԻՃԱՆ Է ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԱՐՎԵՍՏՈՒՄ...

Դեկտեմբերի 11-ին «Հայկական ջազ 70»-ի «Մալխաս ջազ ակումբը»-ի եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի կունենա բրազիլացի դաշնակահար եւ վոկալիստ, բրազիլական ջազի թագուհի Տանյա Մարիայի համերգը:

Տանյա Մարիան ծնվել է 1948թ. մայիսի 9-ին` Բրազիլիայում եւ նրա իրական անունն է Մարիա Ռեյիշ: Մանուկ հասակից հետաքրքրվել է երաժշտությամբ, զբաղվել հատկապես դասական երաժշտությամբ: Մարիայի հայրն է առաջին անգամ նրա համար խումբ հավաքել, որը տաղանդավոր դաշնակահար-կոմպոզիտոր էր եւ հենց նա է Մարիային ծանոթացրել ջազի, սամբայի եւ էթնիկ երաժշտության նրբությունների հետ: Ջազային ասպարեզում նրա կուռքերն են Օսկար Պիտերսոնը, Նեթ Քինգ Քոլը, Բիլ Էվանսը, Սառա Բոուենը եւ Անտոնիո Կարլոսը Ջոմբը:

Նա աշխատել է աշխարհում հայտնի խմբերի եւ կատարողների հետ` Սթիվ Գէդ, Էնթոնի Ջեքսոն, Սեմմի Ֆիգեիրո: Երբ նա նվագում էր Ռիոյի եւ Սան-Պաուլոյի ջազ ակումբներում, այդ ժամանակ նրա ձայնը հաճախ էր լսվում տեղի ռադիոյով:

Տանյա Մարիան ձայնագրել է մի շարք ձայնասկավառակներ` «Olha Quem Chega» (1971), «Come With Me» (1983), «Bela Vista» (1990), «Bluesilian» (1996), «Europe» (1997), «No Comments» (1997), «Viva Brazil» (1999): Նա հայտնի դարձավ 80-ական թվականներին` Եվրոպական հյուրախաղերից, հատկապես ԱՄՆ-ում Էդի Գոմեզի հետ ելույթից հետո:

Ամերիկացի հայտնի կիթառահար Չարլի Բերդը Տանյայի կատարումների մասին ասել է. «Նա նոր աստիճան է երաժշտական արվեստում...»:

Տանյա Մարիան մասնակցել է ջազային բազմաթիվ փառատոների, ռադիոհեռուստաշոուների եւ եղել է առաջադրված «Գրեմմի» մրցանակաբաշխությանը` «կանացի ջազային վոկալ» անվանակարգում:

Նա ժամանակակից ջազային աշխարհում ստեղծել է իմպրովիզացիոն ուրույն ոճ, որը խորը հուզական եւ միեւնույն ժամանակ շատ թեթեւ է ու տպավորիչ:

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4