«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2011-11-29 | #216, 2011-11-30 | #217, 2011-12-01


ԱՆՑՅԱԼ ՏԱՐԻ ՄԵԶԱՆԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ ՇՆՉԵԼ Է 30 ԿԳ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐ

ՄԱԿ-ի օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպությունն իր ամենամյա զեկույցում ահազանգում է, որ դեպի մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումները հասել են ռեկորդային քանակի: Վնասակար նյութերով օդի աղտոտվելու արագությունը գերազանցում է վերջին 10 տարվա միջին արագությանը: Միջազգային էներգետիկ գործակալության փոխանցմամբ էլ` մթոլորտում ածխածնի երկօքսիդի, մեթանի, ազոտի օքսիդի կուտակումները ավելացել են համապատասխանաբար 39, 158 եւ 20 տոկոսով: Ըստ գործակալությանՙ օդի աղտոտվածության գլխավոր պատճառը մեքենաների թվի հսկայական աճն է, եւ դրա դեմ անկարող են պայքարել պետությունները:

«Ազգ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է հանրապետությունում օդի աղտոտվածության խնդրին: Երեւանում վերջին տարիներին օդի աղտոտվածությունը մի քանի անգամ գերազանցում է նորման: Մայրաքաղաքի օդի մոնիտորինգի ստացիոնար դիտարկումները պարզել են, որ մայրաքաղաքի Կենտրոն եւ Շենգավիթ համայնքներն ամենակեղտոտվածներն են: Այդ համայնքներում բարձր են հատկապես փոշու եւ ազոտի երկօքսիդի պարունակությունները: Ազոտի երկօքսիդի սահմանային թույլատրելի նորման գերազանցվել է 2.4, գետնամերձ օզոնինը` 1.7 անգամ: Փոշու միանվագ առավելագույն կոնցենտրացիայի թույլատրելի նորման գերազանցել է 3.5 անգամ, ազոտի երկօքսիդինը` 5:

Ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ` 2010-ին մթնոլոտային արտանետումները երկրում կազմել են 263.9 հազար տոննա, որի 63 տոկոսըՙ տրանսպորտից, իսկ 36.9 տոկոսը` արտանետման անշարժ աղբյուրներից: Ըստ վերլուծությանՙ Հայաստանում մեկ բնակչի հաշվով արտանետումները կազմել են 30 կգ: Մթնոլորտը արտանետած վնասակար նյութերի կազմում են ածխածնի եւ ազոտի օքսիդներն ու ծծմբային անհիդրիդը:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4