«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2011-11-30 | #217, 2011-12-01 | #218, 2011-12-02


«ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ»-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ

«Մանկական Եվրոտեսիլ»-ի նախաշեմին «Ազգ» օրաթերթը զրուցեց Մոլդովայի, Բուլղարիայի, Հայաստանի եւ Լիտվայի ներկայացուցիչների հետ: Չորս մասնակիցներն էլ ունեն նույն նախասիրությունները` շատ են սիրում երաժշտություն, պարել, զվարճանալ ընկերների հետ եւ իրենց կյանքը չեն պատկերացնում առանց դրանց, այդ մասին է Մոլդովայի ներկայացուցչի` Լերիկայի երգը, որն անկեղծանալով, ասաց. «Երգում խոստովանում եմ, որ ես շատ եմ սիրում պարել, զվարճանալ ընկերներիս հետ, եւ առանց երգի չեմ կարող ապրել եւ երգը հենց իմ մասին է»: Անդրադառնալով Բուլղարիայի մասնակցին` Իվան Իվանովին , նշենք, որ նա սիրում է խաղեր, եւ իր երգը գրել է վիդեո խաղերի ազդեցության տակ. «Ես շատ եմ սիրում վիդեոխաղեր, որոնց շնորհիվ էլ գրեցի երգս (երգը կոչվում է «Superhero» - Մ.Հ.)»: Հավելենք, որ «Ազգի» զրուցակիցներից միայն Իվան Իվանովը անկեղծացավ եւ ասաց, որ նրան ամենաշատը դուր է եկել իր երգը, իսկ Լիտվայի մասնակցուհին` Պաուլինան ասաց, որ երգերը նորից կլսի եւ մրցույթի ավարտից հետո կբարձրաձայնի, թե որ երկրի երգն է ամենալավը: Այն հարցին, թե ի՞նչ է տալիս «Մանկական Եվրոտեսիլ»-ի մասնակիցներին, Բուլղարիայի ներկայացուցիչ Իվան Իվանովը պատասխանեց` ուժ, իսկ Լիտվայի մասնակից Պաուլինիան` մեծ փորձ եւ հնարավորություն բացահայտելու ինքս ինձ, մինչ Մոլդովայի ներկայացուցիչ Լերիկան հավելեց. «Առաջին հերթին փորձառություն, երկրորդը` հուզականություն, որը քեզ օգնում է աճել եւ նոր ընկերներ ձեռք բերել»:

Մասնակիցներն ասացին, որ հետագայում ցանկանում են մասնակցել նաեւ «Եվրոտեսիլ» երգի մրցույթին, իսկ Լերիկան նշեց նաեւ, որ դրա համար անհրաժեշտ է աճել եւ շատ աշխատել:

Հայաստանը դուր է եկել բոլոր մասնակիցներին, որոնք ջերմ խոսքեր ասացին մեր երկրի մասին, իսկ Պաուլինան առանձնացրեց իրեն շատ դուր եկած վայրերը. «Եղել եմ Հայաստանի տարբեր գեղատեսիլ վայրերում, այցելել եմ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Ժամանակակից արվեստի թանգարան, Գեղարդ, որտեղ հանդիպել եմ հայ քահանայի, որն էլ օրհնել է ինձ»: Հավելենք, որ վերջին շաբաթվա ընթացքում պատվիրակությունները բացի սահմանված օրակարգից, ամեն օր մասնակցում են հատուկ եվրոտեսիլյան ճաշ-երեկոների:

Մեր մասնակցի` Դալիթայի տրամադրությունը շատ բարձր է եւ մարտական, չնայած ինչպես նշեց, շատ է հուզվում. «Ցանկանում եմ լավ ելույթ ունենալ եւ ուրախ կլինեմ, որ այս տարի եւս Հայաստանը հաղթի»:

Սեպտեմբերի 17-ին «Մանկական Եվրոտեսիլ 2011»-ի Հայաստանյան ընտրության ժամանակ Դալիթան «Բարի գալուստ Հայաստան» երգով դարձավ առաջատար:

Հավելենք, որ Լիտվայի 10-ամյա մասնակից Պաուլինան երգում է 5 տարեկանից, նվագում է ֆլեյտա, դաշնամուր: Նրա նպատակն է դառնալ արհեստավարժ երգչուհի: Հաղթել է մի շարք երաժշտական նախագծերում եւ փառատոներում: Առաջին տեղ է գրավել միջազգային այնպիսի մրցույթներում, ինչպիսիք են «Baltic Transit» եւ «Baltic Talants»-ին: Պաուլինան շատ է սիրում լսել Քրիստինա Ագիլերա եւ Էլիզա Դոլիթլ:

Բուլղարիայի ներկայացուցիչ Իվան Իվանովը 11 տարեկան է: Նա 6 տարեկանից ընդգրկվել է Բուլղարիայի տեղական մանկական երգչախմբում, մեկ տարի անց դարձել մենակատար, իսկ այժմ «New Music» խմբի անդամ է: Ավելի քան 3 տասնյակից ավելի ազգային եւ միջազգային մրցույթների դափնեկիր է: Երազում է դուետով հանդես գալ Ադամ Լամբերդի հետ: Նշանաբանն է Superhero:

Մոլդովայի ներկայացուցչի իրական անունը Վալերի Ինգալչեւա է, բայց նա հանդես է գալիս կեղծանունով` Լերիկա: Մասնակցել է տարբեր մանկապատանեկան երաժշտական փառատոների: Այս տարի առաջին անգամ ներկայացնում է Մոլդովան Եվրոտեսիլում:

Հայաստանը ներկայացնող 11-ամյա մասնակիցը` Դալիթա Ավանեսյանը սովորել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, երեք տարբեր ուղղություններով` դաշնամուր, կիթառ եւ վոկալ: Նա հեղինակել է վեց երգ: Մասնակցել է մի շարք մրցույթների, որտեղ գրավել է առաջին տեղ: Այժմ հաճախում է Արտաշես Ալեքսանյանի թատրոն-ստուդիան:

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4