«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2011-12-02 | #219, 2011-12-03 | #220, 2011-12-06


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԵՎՐՈՊԱՅԻՆ

Այս տարի «Մանկական Եվրոտեսիլ» երգի մրցույթը տեղի ունեցավ 9-րդ անգամ, առաջին մրցույթը տեղի է ունեցել 2003 թ. նոյեմբերի 5-ին Դանիայում եւ միանգամից դարձել միջազգային հիթ, որից հետո անցկացվել է Նորվեգիայում, Բելգիայում, Ռումինիայում, Հոլանդիայում, Կիպրոսում, Ուկրաինայում եւ Բելառուսում, իսկ այս տարի` Հայաստանում:

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեց «Մանկական Եվրոտեսիլ-2011»-ը, ամենաքաղցր խումբը` Վրաստանի «Քենդին» հաղթանակեց իր ակումբային երաժշտությամբ, հավաքելով 108 միավոր: Հաջորդը Նիդեռլանդներն էր 103 միավորով, 99 միավորով երրորդ տեղում հայտնվեցին Ռուսաստանը եւ Բելառուսը: Հայաստանը գրավեց հինգերորդ տեղը:

«Քենդի» խմբի 5 անդամներն են Աննա Խանչալյանը, Իրինան, Մարիամը, Գվանցան եւ Իրան: «Քենդի մյուզիք» երգի բառերի հեղինակը «Քենդի» խումբն է, երաժշտության հեղինակըՙ Գեորգի Կուխիանիձեն:

Մեր հայրենակցուհի Աննա Խանչալյանն «Ազգի» հետ զրույցում ասաց. «Շատ ուրախ եմ, որ մասնակցեցինք այս մրցույթին, հաղթեցինք Հայաստանում` իմ երկրորդ հայրենիքում: Վրաստանում ես արդեն հայտնի եմ եւ ինձ շատ են սիրում: Ստացվեց այնպես, որ ընտրության արդյունքում մենք դարձանք խումբ, այն ել «շատ քաղցր»:

Մրցույթից հետո հաղթանակած խումբը հանդես եկավ մամլո ասուլիսով, որի ժամանակ «Ազգի» հարցին, թե ինչով է առանձնանում այս հաղթանակը իրենց մյուս հաղթանակից, «Քենդիի» ներկայացուցիչը պատասխանեց. «Սկզբում կցանկանայինք ասել, որ «Մանկական Եվրոտեսիլը» շատ առանձնահատուկ մրցույթ է, եւ մենք ցանկանում ենք, որ բոլոր երեխաները հասնեն նման հաջողությունների»:

Մրցույթի ավարտից հետո Եվրոպական հեռարձակողների միության համակարգող, «Մանկական Եվրոտեսիլ»-ի գլխավոր ղեկավար Սիթսե Բեքերն ասաց. «Սա մրցակցային համերգ է եւ այսպիսի համերգ կազմակերպելը մեծ նվեր է լրատվամիջոցների համար` շոուն ունեցավ 30 հեռարձակող: Հիասքանչ շոու էր կազմակերպված, հիացած ենք Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական թիմով, եւ հաղթողն էլ արժանի էր հաղթանակին»:

«Ազգի» հետ զրույցում անդրադառնալով մեր մասնակցին` Դալիթային, հատուկ հյուրերից Մոլլի Սանցեն նշեց, որ Հայասատանի երգը ինքը լսել է ու իրեն դուր է եկել: Մրցույթն իրեն շատ հարազատ էր եւ կցանկանար հաղթողի դերում տեսնել Շվեդիայի մասնակցին: Նա բոլոր երկրների ներկայացուցիչներին հաջողություն մաղթեց:

Մինչեւ մրցույթը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակիցներին ընդունել է Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը : Ողջունելով մասնակիցներին, Վեհափառ հայրապետն ասել է. «Վստահ ենք, որ բոլորդ էլ ուրախ ու խանդավառ եք: Համերգի ժամանակ տարբեր բարձունքներ պիտի նվաճեք: Ցանկանում եմ, որ ձեր մեջ ուրախությունն անպակաս լինի, անկախ նրանից, թե ինչ բարձունքի պիտի հասնեք, որովհետեւ արդեն իսկ բարձունք եք նվաճել` մասնակցելով այս մրցույթին», որից հետո Վեհափառը իր օրհնությունն է տվել պատանիներին:

Հանդիպման ավարտին նրանք այցելել են Մայր աթոռի թանգարան` ծանոթանալով հայ ժողովրդի ազգային-հոգեւոր արժեքներին:

Հայաստան այցելության շրջանակում, ինչպես տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչությունը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է պատվիրակության անդամների հետ: Ողջունելով մասնակիցներին` քաղաքապետը կարեւորել է հանրաճանաչ միջազգային մրցույթը Երեւանում անցկացնելու փաստն ու ընդգծել, որ պատմամշակութային հազարամյա ավանդույթներ ունեցող մեր մայրաքաղաքն այսօր ապրում է ակտիվ մշակութային կյանքով եւ հավելել է. «Համոզված եմ, որ մրցութային ծրագիրը, որն ամեն տարի հիացնում է տարբեր երկրների քաղաքացիների, այս տարի եւս հաճույք եւ հիացմունք կպատճառի ամբողջ աշխարհին: Հաջողություն եմ մաղթում մեր բոլոր տաղանդավոր փոքրիկներին եւ հուսով եմ, որ Երեւանի ջերմությունը կտանեք ձեզ հետ ու անպայման կցանկանաք կրկին այցելել մեր քաղաք»: Տարոն Մարգարյանը մաղթել է նրանց նորանոր հաղթանակներ եւ հանձնել է մայրաքաղաքի զինանշան-խորհրդանիշը, իսկ պատվիրակության անդամները Երեւանի քաղաքապետին են փոխանցել ազգային հուշանվերներ:

«Մանկական Եվրոտեսիլի» առթիվ ստեղծվել է նամականիշ, որը 230-րդն է հայկական նամականիշների պատմության մեջ, այն պատկերում է մրցույթի լոգոն: Նամականիշը թողարկվելու է 40.000 օրինակով: «Մանկական Եվրոտեսիլի պատմության մեջ այսպիսի իրադարձություն առաջին անգամ է տեղի ունենում, եւ ես շատ ուրախ եմ այդ առթիվ: Այս նվերը շատ թանկ եւ կարեւոր է ինձ համար», ասաց Ջարմո Սիմը :

«Ազգը» զրուցեց նաեւ Սինոփսիս Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Հովիկ Մուսայելյանի հետ, որը իր մասնակցությունն է ունեցել նամականիշի ստեղծմանը. «Կապի նախարարությունում հանձնաժողով կա, որը տարին դեռ չսկսած հաստատում է հաջորդ տարվա պլանը, թե ինչ նամականիշներ են լինելու: «Մանկական Եվրոտեսիլի» նամականիշները արտապլանային էին: Ամեն դեպքում մեր երկիրը փոքր է, եւ նման կարեւորագույն իրադարձության անցկացումը շատ կարեւոր է, եւ որոշեցինք նամականիշի միջոցով անդրադառնալ այս թեմային: Հետաքրքրական լուծումներով այս նամականիշները, ըստ իս լավ են ստացվել եւ դրական արձագանքներ կլսենք»:

Մրցույթի համաեվրոպական քվեարկության ամբողջ հասույթը կտրամադրվի World Vision բարեգործական կազմակերպությանը, որը 1998 թ.-ից գործում է նաեւ Հայաստանում: Այս կազմակերպությունը ձեռնարկում է միջոցառումներ ի նպաստ երեխաների:

«Մանկական Եվրոտեսիլին» չէին մասնակցում Ադրբեջանը եւ նրա ավագ եղբայրը` Թուրքիան, որը հավակնում է Եվրոպական ընտանիքի անդամակցությանը, սակայն անգամ մանկական երգն է քաղաքականացնում: Ավելի վատ իրենց համար:

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4