«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2011-12-03 | #220, 2011-12-06 | #221, 2011-12-07


ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՆ ՈՒ ԴՊՐՈՑՆԵՐԸ ՀՈԳԵՈՐՍՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՉԵՆ

Երեւանի թիվ 161 մանկապարտեզում միջոցառման ժամանակ «Հիսուսի վերջին օրերի սրբերը» կամ, այլ կերպ ասած, «Մորմոններ» կրոնական շարժումը քարոզչական բնույթի տեսանյութ է տարածել, որն անմիջապես կանխվել է:

«Ազգ» օրաթերթի հետ զրույցում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը , հաստատելով տեղեկատվությունը ասաց. «Միջոցառման ժամանակ նրանք փորձել են ներկայանալ հյուրերին եւ տեսանյութեր բաժանել, ինչն անմիջապես նկատվել է: Վերջիններիս բարեկիրթ ձեւով բացատրել են, որ այդ ամենը կդիտվի իբրեւ քարոզչություն, եւ նրանք տարածքից հեռացել են: Կա Տարոն Մարգարյանի հստակ հանձնարարականըՙ վարչական շրջանի ղեկավարներին եւ քաղաքապետարանի ենթակայության տակ գործող հանրակրթական ոլորտի պատասխանատուներին, խիստ հետեւողական լինել եւ կանխել կրոնական, աղանդավորական քարոզչության ներթափանցման դեպքերը նախադպրոցական ուսումնական հաստատություններում եւ հանրակրթական դպրոցներում»:

Մեզ հետ զրույցում Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության, վերականգնողական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանն ասաց, որ կատարվածը չի կարելի անվանել հոգեորսություն, որովհետեւ նրանք ոչ թե գրականություն են բաժանել, այլ հարցին, թե ովքե՞ր են եւ ի՞նչ կազմակերպություն են ներկայացնում, իրենց կառույցի մասին տեղեկատվական տեսանյութ են տրամադրել:

«Այլ բան է, որ Հայաստանում չկա օրենք, որը կտա հոգեորսության հստակ պատասխանը: Մենք պետք է կարողանանք տարբերել տեղեկատվության տրամադրումը հոգեորսությունից, սակայն այս առումով օրենքը կաղում է: Կրոնական կազմակերպությունները պետություն են պետության մեջ»:

Ամարյանն ասաց, որ հանրապետության բազմաթիվ մանկապարտեզներում կատարվում է հոգեորսություն, երբ դաստիարակները երեխաներին իրենց կրոնական կազմակերպության երգերն ու բանաստեղծություններն են սովորեցնում: Նույնը կատարվում է նաեւ հանրակրթական դպրոցներում:

«Մեր ուսումնական հաստատություններն ընդհանրապես պաշտպանված չեն, եւ բազմաթիվ են դեպքեր, երբ հենց երեխաներն են ենթարկվում հոգեորսությանՙ առանց այդ մասին տեղյակ լինելու», ասաց Ամարյանը` հիշեցնելով, որ տարիներ առաջ արտասահմանից հաճախ դպրոցականներին կոշիկի տուփերով նվիրատվություն բաժանելիս նաեւ կրոնական քարոզչական նյութեր են տրամադրել:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4