«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#221, 2011-12-07 | #222, 2011-12-08 | #223, 2011-12-09


ԱՇԽԱՐՀԻ ԵՐԳԻՉՆԵՐԸ` Ո՛Չ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ

Նոյեմբերի 1-ին մեկնարկեց ՀՀ ժողովրդական արտիստուհի, «Արթիսթս ֆոր փիս» միջազգային բարեգործական կազմակերպության հիմնադիր Ֆլորա Մարտիրոսյանի եւ «Էֆ Էմ Էս Մեդիայի» կազմակերպած «Never again»` «Այլեւս երբեք» խորագրով խաղաղության համերգաշարը, որը հովանավորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հրավիրված մամլո ասուլիսում Ֆլորա Մարտիրոսյանն ասաց. «Աստծո կողմից շնորհված ամեն մի օր արթնանալիս աղոթում եմ, որ նման ոճրագործություններ այլեւս չկրկնվեն: Ամբողջ կյանքում պայքարել եմ խաղաղության եւ արդարության համար», եւ հավելեց. «Հայոց ցեղասպանությանը նվիրված մասշտաբային միջոցառումների մեկնարկը տրվեց Լոս Անջելեսում եւ անցավ աննախադեպ հաջողությամբ: Առավել քան հուսադրող էր նաեւ այն, որ աշխարհահռչակ երաժիշտներ, համաշխարհային աստղեր իրենց ձայնը միացրին` ո՛չ ասելու Հայոց ցեղասպանությանը»:

Ընդգծենք, որ կազմակերպիչների նպատակն է Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակին ընդառաջ համախմբել համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների, արվեստագետների` միջազգային հանրության ուշադրությունը մեկ անգամ եւս սեւեռելու Հայոց ցեղասպանության եւ մարդկության նկատմամբ իրագործվող բռնությունների վրա, ինչպես նաեւ համայն աշխարհին հույս եւ խաղաղության կոչ հղելու համար: Համերգաշարը շարունակվելու է մինչեւ 2015թ., առաջիկայում տեղի կունենան Ռուսաստանում, Եվրոպայում ինչպես նաեւ արեւելյան երկրներում, իսկ Հայաստանում 2015թ.:

«Էֆ Էմ Էս մեդիայի» համահիմնադիր Արամ Սարգսյանն ասաց. «Թուրքական լոբբին փորձել է ամեն ինչ անել, որպեսզի Սթիվի Ուանդերը չներկայանա համերգին, սակայն դա չի վախեցրել իրենց եւ այն պահից, երբ աստղերը հասկացել են, թե ինչի համար ենք այս ամենը կազմակերպում, ավելի շահագրգիռ են դարձել: Եղել են ահազանգեր` Ֆլորա Մարտիրոսյանին ֆիզիկական սպառնալիքների ահաբեկմամբ»:

Միջոցառմանը ներգրավված երգիչ-երգչուհիները Հայոց ցեղասպանության մասին այսպես են արտահայտվել` «Ժամանակին թուրքերի կողմից իրականացված բռնություններին անհրաժեշտ է համապատասխան գնահատական տալ: Պատմական իրողությունները չպետք է խեղաթյուրվեն», ասել է հույն երգչուհի Ալեքսիա Վասիլիուն :

Գրեմիի միջազգային երաժշտական մրցանակաբաշխության կրկնակի մրցանակակիր, աշխարհահռչակ երգիչ Էրիկ Բենեթը ասել է. «Հայերի Ցեղասպանության վրա ուշադրություն սեւեռելով ցանկանում ենք մարդկությանը սթափեցնելու կոչ անել, հետայսու նման կարգի ոճրագործությունները իսպառ վերացնելու համար, որտեղ էլ որ լինի»:

«Արվեստի դերը մեծ է նման դեպքերում: Հատկապես երգի եւ երաժշտության միջոցով կարող ես բարձրաձայն շատ բան անել, ասել այն, ինչը այլ պայմաններում անհնար է արտահայտել, եւ սրտիդ ու հոգուդ խոսքը իրավամբ ուղղել մարդկությանը», ասել է հոլիվուդյան գերաստղ Շերոն Սթոունի եղբայրը` պոետ, դերասան Մայքլ Սթոունը :

Իսկ համաշխարհային գերաստղ Սթիվի Ուանդերը ասել է. «Այս մեծ համերգին մասնակցում եմ ոչ թե որպես խաղաղության դեսպան, ինչպես ընդունված է ինձ անվանել, այլ որպես Սթիվի Ուանդեր անհատ: Հիացած եմ եւ առանձնակի հաճույքով էի ունկնդրում Ֆլորա Մարտիրոսյանին, որն ունի եզակի եւ անկրկնելի ձայն: Ինձ համար առավել քան հաճելի է նշել այն, որ այսօր ես ծանոթացա ոչ միայն հայ համայնքի հետ, այլեւ ձեռք բերեցի նոր բարեկամներ: Շատ շուտով համագործակցությունը հայ բարեկամներիս հետ կտա իր պտուղները (մենք էլ ենք հուսով- Մ.Հ.): Խոստացել եմ երգ գրել հատուկ այս մեծ երգչուհու համար, իսկ երգն ամենայն հավանականությամբ կհնչի երկուսիս կատարմամբ»:

Ընդգծենք, որ նոյեմբերի 1-ին տեղի ունեցած համերգի ժամանակ կոնգրեսմեն Բրադ Շերմանը հատուկ պատվորգիր է հանձնել Ֆլորա Մարտիրոսյանին, հայ համայնքին առանձնահատուկ եւ անգնահատելի ծառայություններ մատուցելու եւ երգի միջոցով համայն աշխարհում խաղաղության կոչ անելու համար: Միջոցառման ընթացքում արձանագրվել է եւս մի ուրախալի փաստ`Փոփ թագավոր կնքված աշխարհահռչակ Մայքլ Ջեքսոնի ձայնը 35 տարի անընդմեջ մշակող ուսուցիչ, պրոֆեսոր Սեթ Ռիգսը պատրաստակամություն է հայտնել տաղանդավոր հայ մանուկների ձայները մշակելու եւ նրանց միջազգային մեծ բեմեր հանելու համար:

«Never again» խորագրով համերգը ավարտվել է Սթիվի Ուանդերի կողմից ստեղծված եւ հովանավորող, Միացյալ Նահանգներում մեծ ճանաչում եւ համբավ վայելող մանկական երգչախումբը «We are the world» երգի կատարմամբ:

Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, Ֆլորա Մարտիրոսյանը եւ «Էֆ Էմ Էս Մեդիան» շարունակելու են համաշխարհային ասպարեզում հանդես գալ բազմաթիվ մշակութային նախաձեռնություններով:

Թուրքիան դեռ պատասխա՛ն կտա: Հայի դատը արդա՛ր է:

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4