«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2011-12-08 | #223, 2011-12-09 | #224, 2011-12-10


ՀԱՍՏԱՏՎԵՑ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2012 Թ. ԾՐԱԳԻՐԸ

Քաղաքապետարանում արտահերթ նիստի ժամանակ հավանության են արժանացել Երեւան քաղաքի սեփականություն համարվող մի շարք բնակարաններ քաղաքացիներին անհատույց օտարելու որոշման նախագծերը: Ավտոտրանսպորտի պահպանության, սպասարկման, նորոգման եւ շահագործման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու, բնակչության երթեւեկն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով` ավագանին հաստատել է «Երեւանի ավտոբուս» ՓԲ ընկերություն ստեղծելու որոշման նախագիծը:

Դա պայմանավորված է վերջին տարիներին մայրաքաղաքում ավտոտրանսպորտի ավելացման հանգամանքով: Երեւանը տրանսպորտից բեռնաթափելու, հասարակական տրանսպորտի սպասարկման մակարդակը բարձրացնելու նպատակով քաղաքապետարանը որդեգրել է քաղաքային ավտոբուսները երթուղային ցանցում ավելացնելու եւ զուգահեռաբար միկոավտոբուսների թիվը նվազեցնելու քաղաքականություն: Համաձայն Չինաստանի հետ կնքված պայմանագրի` Երեւան կներկրվի 249 ավտոբուս, որի առաջին խմբաքանակը` 66 ավտոբուս, Երեւանում կլինի առաջիկա օրերին:

Ավագանին կողմ է քվեարկել մայրաքաղաքում աղբահանությունը կազմակերպելու համար տեղական վճարների գալիք տարվա դրույքաչափերի սահմանմանը: Աղբահանության վերաբերյալ Տարոն Մարգարյանը նշել է, որ որոշման ընդունումը կնպաստի վարձավճարների գանձման գործընթացի կանոնակարգմանը: Ըստ քաղաքապետի, որոշման ընդունմամբ բնակչության համար ֆինանսական որեւէ լրացուցիչ բեռ չի առաջանում: Մայրաքաղաքում 2012-ին աղբահանությունը կազմակերպելու համար ավագանին սահմանել է աղբահանության վճարի դրույքաչափեր` կենցաղային աղբի համար յուրաքանչյուր բնակչից գանձել 200 դրամ, ոչ կենցաղային եւ խոշոր եզրաչափի աղբի համար` մեկ խորանարդ մետր աղբի համար կգանձվի 2500 դրամ, իսկ շինարարական եւ խոշոր եզրաչափի մեկ խորանարդ մետր աղբի հավաքման եւ փոխադրման թույլտվության համար կսահմանվի 500 դրամ:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4