«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2011-12-09 | #224, 2011-12-10 | #225, 2011-12-13


ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑԸ «ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է ՎԻՃԱՐԿՈՒՄ

Մարտի 6-ին ՀՀ Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննության կառնի «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի դիմումը «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասին զ) ենթակետի, 12-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերի` ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացված հիմնավորմամբ` «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով օրենսդիրը գործադիր իշխանության մարմիններին լիազորություն է վերապահել, որ վերջիններս մշակեն եւ իրենց կողմից ընդունվող իրավական ակտերով հաստատեն գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկեր, որոնց տնօրինելու լիազորությամբ օժտված են իրենք: «Փաստորեն, գերատեսչության գաղտնի` հրապարակման ոչ ենթակա իրավական ակտով սահմանվում են տեղեկություններ, որոնք գաղտնի են: Այսպիսի պայմաններում քաղաքացիական վերահսկողությունից դուրս է մնում հանրային իշխանության մարմինների գործունեության մի կարեւոր եւ ծավալուն ոլորտ, ինչն անհամատեղելի է իրավական եւ ժողովրդավարական հասարակությունում գործող հիմնարար սկզբունքների հետ», ասված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Մեր կողմից ավելացնենք, որ ամեն տեսակի պետական եւ ծառայողական գաղտնիք, տեղեկատվություն, թվեր եւ անուններ հատկապես պետք է գաղտնի պահել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարությունից:

Հիշեցնենք, որ նոյեմբերին 17-18-ին հանրային դիվանագիտության ծրագրի շրջանակում Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի սեմինարի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, խոսելով բանակում առկա կոռուպցիայի, իրավախախտումների եւ խաղաղ պայմաններում առկա զոհերի քանակի մասին, հայտարարել էր, որ Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի դրույթները Հայաստանն ու Ադրբեջանը խախտում են: Բացի դրանիցՙ իբր Ռուսաստանը վտանգավոր երկիր է Հայաստանի համար եւ հայ-թուրքական սահմանն իրականում ռուս-թուրքական սահման է, որովհետեւ սահմանը հսկում են ռուս սահմանապահները: Կարծում ենք` պետության շահերից է բխում, որ Ադրբեջանի շահերից ակնհայտ խոսող անձանց չտրամադրվի որեւէ տեսակի տեղեկատվություն: Առաջին հերթինՙ Արթուր Սաքունցին:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4