«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2011-12-13 | #226, 2011-12-14 | #227, 2011-12-15


ՔԱՋԱՐԱՆԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԻՆ ՎԱԽԵՑՆՈ՞ՒՄ ԵՆ

«Էկոլուր» հասարակական կազմակերպությունը երեկ ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի գյուղապետ Ռաֆիկ Աթայանի տուն են մտել երկու ոստիկաններ եւ նրան տարել Քաջարանի միլպետի մոտ: 2-3 ժամ անց պարզվել է, որ գյուղապետին տարել են Կապանի ոստիկանություն: Որոշ ժամանակ անց Կապանի ոստիկանության շենքի մոտ են հավաքվել գյուղի բնակիչները: Նրանք մտավախություն ունեն, որ սա ճնշման ձեւ է, որպեսզի ստիպեն գյուղապետին ստորագրել համաձայնագիրը, որով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին է տրվելու կառավարության որոշմամբ հանրային գերակա շահ ճանաչված գյուղի 27 հա հողը: Մեզ հասած տեղեկություններովՙ երեկոյան Աթայանին ազատ են արձակել:

Հիշեցնենք, որ օրերս «Ազգ» օրաթերթը զրուցել էր Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանի հետ, որը քննադատելով կառավարության եւ բնապահպանության նախարարության գործունեությունըՙ ասել էր, որ ինքն էլ գյուղացիների հետ պայքարելու է, որպեսզի իրենց հողատարածքը չանցնի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տիրապետության տակ: Կառավարությունը գյուղի տարածքի մի հատվածը տրամադրում է կոմբինատին հանքարդյունաբերության համար: Արդեն մի քանի ամիս սահմանամերձ Քաջարան գյուղի բնակիչները պայքարում են հսկայական կոմբինատի եւ կառավարության որոշման դեմ եւ արգելում, որ շինտեխնիկան գյուղ մտնի:

Սա թերեւս եզակի դեպքերից է, երբ գյուղապետը դեմ է գնում կառավարության որոշմանն ու պայքարում, որ իր եւ իր գյուղացիների իրավունքները չոտնահարվեն: Երեկ մենք փորձեցինք կապ հաստատել Քաջարանի գյուղապետի հետ, սակայն նրա հեռախոսն անջատված էր:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4