«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2011-12-13 | #226, 2011-12-14 | #227, 2011-12-15


ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ՀԱՅՔ

Երեկ Համազգային թատրոնում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակումՙ սփյուռքահայ ուսանողների կողմից կազմակերպվող «Հայաստան եւ հայք» բեմադրություն-միջոցառումը, որը նվիրված է հայ ժողովրդի մեծանուն զավակներՙ Գարեգին Նժդեհին, Մոնթե Մելքոնյանին, Ջիվանուն եւ Պետրոս Դուրյանին:

«Հայաստան եւ հայք» բեմադրություն-միջոցառման հեղինակն է Սոնա Տոնականյանը, որը «Ազգ»-ի հետ զրույցում ասաց. «Այս միջոցառումը կազմակերպել եմՙ որպես սփյուռքի ուսանողական խորհրդի մշակույթի բաժնի նախագահ: Լսելով ծրագրի մասին որոշեցի կազմակերպել այս միջոցառումը, որը ըստ իս ստացվել է, չնայած ժամանակը շատ սուղ էր, որպեսզի ավելի լավ պատրաստվեինք: Բեմադրություն-ներկայացման մեջ ներգրավված են նաեւ ուսանողներ Սփյուռքից: Այն պատմում է մի սփյուռքահայ ընտանիքի պատմությունը»:

Ծրագիրն ընձեռում է Հայաստանի եւ Սփյուռքի փոխճանաչման լրացուցիչ հնարավորություններ, հայտնի հայ անհատների կյանքի ու գործունեության լուսաբանում, Հայաստանում կատարած նրանց աշխատանքների պատշաճ ներկայացում: Այն նպաստում է հետագա ծրագրերի իրականացման եւ գործակցության զարգացման շուրջ Սփյուռքի տարբեր հեղինակավոր հայ անհատների համախմբմանը: Ծրագիրն իրականացվում է 2009 թվականից: 2009-2010թթ. «Մեր մեծերը» ծրագրում ընդգրկվել են Շառլ Ազնավուրը, Քըրք Քըրքորյանը, Վազգեն Վեհափառը, Ալեք Մանուկյանը, Վարդգես Սուրենյանցը, Լեւոն Շանթը, Պողոս Նուբարը, Մխիթար Սեբաստացին, Լազարյան եղբայրները եւ Միսաք Մանուշյանը: Իսկ 2011թ. «Մեր մեծեր» են հռչակվել Գարեգին Նժդեհը, Մոնթե Մելքոնյանը, Պետրոս Դուրյանը եւ Ջիվանին:

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4