«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2011-12-14 | #227, 2011-12-15 | #228, 2011-12-16


ԱՆԳԼԵՐԵՆ ԵՐԿՈՒ ԳԻՐՔ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆԻ ՄԱՍԻՆ

Հայերի ընդգրկվածությամբ

«Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթում Առաջին համաշխարհային պատերազմի մասին գրված երկու վեպերի գրախոսականներին արժե հակիրճ անդրադառնալ: Գրքերի հեղինակները, ինչպես նաեւ գրախոսողները, օտարներ են: Առաջինը վետերան լրագրող Դարել Դելամայիդեի «Մեծ պատրանքը» (The Grand Mirage by Darrell Delamaide) գիրքն է, որը գրախոսել է Նորմ Գոլդմենը : Գրախոսականը նախքան «Միրորում» հայտնվելը զետեղված է եղել «Examiner.com» կայքում:

Պատմությունը գեղարվեստականորեն ներկայացնելու ձեւը միշտ էլ հրապուրել է ինձ: Այս անգամ էլ կարդալով այս գիրքըՙ ես բառացիորեն տեղափոխվեցի 1900-ականների Օսմանյան կայսրություն, որն այդ ժամանակ Գերմանիայի հետ նախաձեռնել էր կառուցել Բաղդադի երկաթգիծը, գրում է Գոլդմենը եւ շարադրում վեպի սյուժենՙ սկսելով այն փաստից, որ երկաթուղու կառուցումը խիստ կարեւոր էր Գերմանիայի համար, քանի որ Թուրքիայի, Սիրիայի եւ Իրաքի միջով անցնելով հասնելու էր մինչեւ Բասրա եւ Պարսից ծոցՙ սպառնալիք ստեղծելով Մեծ Բրիտանիայի համար: «Դրա շուրջը վեճերն այնքան թեժ էին, որ ոմանք նույնիսկ պնդում են, թե դա պատերազմի բռնկման գլխավոր պատճառներից մեկն էր», նշում է, նաեւ ավելացնում, որ այդ շրջանում երիտթուրքերի շարժումը թափ հավաքելով սուլթանի կառավարության դեմ, սկսեց գործել, օտագործելով նաեւ էթնիկական խմբավորումների թշնամական հարաբերություններըՙ մահմեդական քրդերը քրիստոնյա հայերին էին սպանել 1894-ի կոտորածների ժամանակ:

Վեպի գլխավոր հերոսը անգլիացի Ռիչարդ Լեյտոնն է, այդ գերդաստանի 9-րդ բարոնը, մասնագիտությամբՙ արեւելագետ: Բրիտանական արտգործնախարարությունը նրան հավաքագրում է, որպեսզի լրտեսի երկաթգծի շինարարական աշխատանքները: Վերջինս, հանուն հայրենիքի հավատարմության, համաձայնում է, պարզում որոշ մանրամասներ կապված այդ ծրագրի հետ եւ քանի խորանում է դիվանագիտական խաղերի եւ կրկնակի խաբեությունների մեջ, այնքան ավելի պարզ է դառնում իր համար, որ գերմանացիները ամեն ինչ կանեն իրեն ոչնչացնելու: Կարեւոր դեր են խաղում վեպում Լեյտոնի հավատարիմ ամերիկացի ընկերն ու հայազգի ընկերուհին:

Երկրորդ վեպը Փիթեր Ինգլանդի «Գեղեցիկն ու թախիծը» (The Beauty and the Sorrow by Peter England) վերնագրով հատորն է, որ գրախոսել է Քրիստոֆեր Սիլվեստերը «Դեյլի էքսպրես» թերթում: «Զարմանալիորեն ինքնատիպ է» որակել Սիլվեստրը շվեդ պատմաբանի այս հատորը, որտեղ մեկտեղված են տարբեր երկրներից 20 անձնավորությունների (մեծ մասը 20-ամյակը նոր ավարտած) նամակները, հիշողությունները եւ օրագրային նշումները Առաջին համաշխարհայինի վերաբերյալ: Բայց նրանք նաեւ գործող անձինք են վեպում: Նրանցից մեկը Օսմանյան կայսրության հյուսիսարեւելյան մասում գտնվող հայկական Վան քաղաքում է, որտեղ բռնության հոտ է փչում, մյուսը Վենեսուելայից Եվրոպա եկած մի արկածախնդիր է, որը նախ միանում է բելգիական բանակին, այնուհետեւՙ ֆրանսիական, սերբական, ռուսական եւ, ի վերջո, նաեւ թուրքական բանակներին եւ կռվում ռուսների ու հայերի դեմ կովկասյան ռազմաճակատում, իսկ բրիտանացիների դեմՙ Միջագետքում, Գազայում եւ Երուսաղեմում:

«Վեպի ամեն մի էջը նոր բացահայտումներ է առաջացնում, իսկ հեղինակի պատմելաոճը խիստ գրավիչ է, առինքնող, եւ անշուշտ հուզիչ», եզրակացնում է Քրիստոֆեր Սիլվեստրը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4