«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2011-12-15 | #228, 2011-12-16 | #229, 2011-12-17


ԳՅՈՒՄՐԻ-ԿԱՐՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՖՈՐՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵՑ

Հայ եւ թուրք շուրջ երեք տասնյակ գործարարներ էին մասնակցում երեկ Շիրակի մարզկենտրոնում աշխատանքն ավարտած Գյումրի-Կարս եռօրյա երկրորդ տնտեսական ֆորումին, որի նպատակը վերջին տարիներին երկու կողմերի գործարար եւ տեղական արտադրող որոշ շրջանակի միջեւ սկիզբ առած մասնավոր շփումների ու գործակցության հետագա զարգացումն էր, դրա համար նոր հեռանկարների որոնումը:

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Եվրասիա համագործակցության հիմնադրամի աջակցությամբ, բրիտանական «Միջազգային տագնապ» կազմակերպության համաֆինանսավորմամբ կազմակերպված միջոցառման օրերին երկու կողմերի ներկայացուցիչներից ստեղծված աշխատանքային խմբերն ըստ մասնագիտական ոլորտների այցելել են Շիրակի եւ հայաստանյան այլ պանրագործական, գինեգործական, մեղվաբուծական ընկերություններ ու տնտեսություններ, ծանոթացել արտադրատեսակներին ու տեխնոլոգիական գործընթացներին, զբոսաշրջության ոլորտի զարգացման հնարավորություններին ու խնդիրներին: Ամփոփիչ հանդիպման ժամանակ խմբերի ներկայացուցիչներն իրենց տպավորություններն ու նկատառումները հայտնեցին այդ ոլորտներում փորձի փոխանակման եւ գործարար համագործակցության հնարավորությունների վերաբերյալ: Թուրք գործարարները մասնավորապես նշեցին Հայաստանում գինեգործության մշակույթի զարգացման բավական բարձր մակարդակը, միեւնույն ժամանակ տեխնոլոգիական առումով կարեւորելով գինի հանելուց հետո գինենյութի սննդային մնացուկների օգտագործումը տարբեր նպատակներով, ինչը մեզ մոտ չեն տեսել: Նշվեց նաեւ իրենց մոտ խաղողի կորիզից ստացվող յուղի օգտակարությունը, որը որպես հակաօքսիդանտներ պարունակող` ունի նաեւ բուժական հատկություններ:

Այս եւ այլ ոլորտների վերաբերյալ եղան ճանաչողական փոխայցելությունների, տեխնոլոգիական ծրագրերի փոխանակման եւ համատեղ աշխատանքը շարունակելու տարբեր այլ առաջարկություններ, արտահայտվեցին հետաքրքրական գաղափարներ` ուղղված առեւտրի եւ զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4