«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2011-12-20 | #231, 2011-12-21 | #232, 2011-12-22


ՎԱՆԱՁՈՐ-ՖԻՈԼԵՏՈՎՈ ԵՐԿԱԹԳԾԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸՙ ՄՈՏ 200 ՄԼՆ ԴՈԼԱՐ

Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն ամփոփեց անցնող տարին

Տարին ամփոփող մամուլի ասուլիսը երեկ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը սկսեց երկաթուղուց: Նա նշեց, որ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոները ամբողջությամբՙ 13,4 մլրդ դրամով կատարել է պարտավորությունները, իսկ նախարարությունը` վերահսկել կատարված աշխատանքները: Արագությունների բարձրացում, ենթակառուցվածքների զարգացում, ծառայությունների մատուցման կենտրոնի ստեղծումՙ մեկ պատուհան էլեկտրոնային համակարգի ներդրմամբ: Բացի վերոնշյալից, եկող տարի ձգտելու են ինտերնետի միջոցով տոմսերի գնման համակարգ գործարկել:

«Հայփոստի» վերաբերյալ Մանուկ Վարդանյանն ասաց, որ նախկինում էլ իր դժգոհությունն է հայտնել կառավարչից եւ նշել հավատարմագրային կառավարումը վարձակալությամբ փոխարինելու անհրաժեշտությունը: «Թեեւ նորոգվել եւ արդիականացվել են 103 փոստային բաժանմունքներ, բայց չպետք է մոռանալ, որ «Հայփոստը» 900 բաժանմունք ունի, որոնք պետք է արդիականացնել եւ հիմնանորոգել», ընդգծեց նախարարը:

Ճանապարհաշինական ծրագրերից տրանսպորտի եւ կապի նախարարը հիշատակեց պետական բյուջեից հատկացված 4 մլրդ դրամով 62 կմ ճանապարհների, Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ 42 կմ ճանապարհների նորոգումը, 33,5 կմ երկարությամբ Ճամբարակի ճանապարհի նորոգումը եւ այլն: Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին, Երեւան-Աշտարակ, Երեւան-Արարատ հատվածների կառուցման համար ստացված հայտերը մանրամասն գնահատվել են եւ հաստատման նպատակով ուղարկվել Ասիական զարգացման բանկին:

«Զվարթնոց» օդանավակայանի հետ կապը պետք է լինի ոչ միայն տաքսիների միջոցով: Դեպի օդանավակայան երկաթուղային կապ պետք է լինի, որը կկկառուցվի պետություն-մասնավոր համագործակցությամբՙ «Ռուսական երկաթուղու» եւ «Զվարթնոցի» կոնցեսիոների մասնակցությամբ:

Անցնող տարվա ընթացքում կատարված քայլերից Մանուկ Վարդանյանը հիշատակեց նաեւ տաքսիներին լիցենզիաներ տրամադրելու համար 10 տարվա ժամկետային սահմանափակման վերացումը, լիցենզավորման գործընթացի հեշտացումը, ավտոմեքենաների տեխզննման կարգի պարզեցումը:

Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղու հատվածի կառուցման մասին տրված հարցին պատասխանելովՙ Մանուկ Վարդանյանը նախ ընդգծեց այդ երկաթգծի ռազմավարական կարեւորությունը, քանի որ 173 կմ-ով կարճացնում է ճանապարհը դեպի Վրաստան, ապա հայտնեց, որ նրա տեխնիկատնտեսական հիմնավորումն արդեն պատրաստ է: Շուտով այն կհաստատվի եւ կսկսվի նախագծի մշակումը: Նախնական գնահատականներովՙ երկաթուղու կառուցումը կարժենա մոտ 200 մլն դոլար, որը կներդնեն պետությունը եւ երկաթուղին: Միաժամանակ, նախարարը չբացառեց, որ երկաթուղու այս հատվածի կառուցումը կարող է ավելի էժան լինել տեղական հումք օգտագործելու դեպքում:

«Ավտոկայանի» փաթեթն արդեն պատրաստ է, ըստ որի ուղեւորափոխադրումների ամբողջ երթուղային ցանցը պետք է մշակի, մրցույթներն իրականացնի այդ կառույցը, կրելով նաեւ պատասխանատվությունը, ինչպես նաեւ արդիականացնի կայարաններն ու կարգավորման կետերը: Մանուկ Վարդանյանը հայտնեց, որ փոփոխություններ պետք է իրականացվեն նաեւ Երեւանի քաղաքային տրանսպորտում, որպեսզի մարզերից կայարաններ եկող ուղեւորներին մայրաքաղաքի կենտրոն տանող երթուղիներ լինեն: Այդ հարցը քննարկվում է Երեւանի քաղաքապետարանի հետ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4