«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2011-12-20 | #231, 2011-12-21 | #232, 2011-12-22


ՏԱՐԻՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԷՐ ՀԱԿ-Ի ՀԱՄԱՐ, ԿՈՐՍՎԱԾ` «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ»

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը 2011-ը բնորոշում է կորսված տարի, որովհետեւ եւս մեկ տարով խնդիրների լուծման հնարավորությունը հետաձգվեց: Նրա մեկնաբանությամբ, ընտրական օրենսգիրքը չի համապատասխանում ժողովրդի սպասելիքներին, որովհետեւ չի կարողանալու վերացնել ընտրակեղծիքների հնարավորություն տվող սողանցքերը: Մարտիրոսյանը տարին կորսված է համարում նաեւ տնտեսության ներկայիս վիճակն ամփոփելիս: Այս ոլորտում էլ ուրախանալու ոչինչ չկա, քանի որ հրապարակվող գեղեցիկ ցուցանիշներին զուգահեռ չկա արդյունավետ տնտեսական քաղաքականություն: «Առաջին անհրաժեշտության ապրանքների գները գրեթե կրկնակի ավելացել են, եւ այդ ամենն աշխատավարձերը չբարձրացնելու պայմաններում: Ահա թե ինչու աղքատությունը պաշտոնապես 35 տոկոս է, ոչ պաշտոնապես` 60 տոկոս: Եթե սրան եք գումարում քաղաքացիների անվստահությունը վաղվա օրվա հանդեպ, ինչն էլ դառնում է արտագաղթի հիմք, ապա տեսնում ենք, որ չկա լավատեսության ոչ մի հիմք»:

Ներկայացնելով «Ժառանգության» կատարած քայլերըՙ Արմեն Մարտիրոսյանն առանձնացրեց Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլն ու ընտրական օրենսգրքում փոփոխությունների հետ կապված որոշակի համաձայնությունը Դաշնակցության հետ: Ըստ պատգամավորի, անցնող տարում գրանցվեցին հաջողություններ, սակայն ոչ թե քաղաքական կամ տնտեսական դաշտում, այլ մարզական կյանքում:

Անցնող 2011-ը ամենաարդյունավետն էր ՀԱԿ-ի համար: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի ներկայացմամբ, այս տարի ընդդիմությունն անցկացրել է 22 համապետական միջոցառում` հանրահավաք, երթ եւ ութօրյա հանրահավաք:

ՀԱԿ-ի ձեռքբերումներից Զուրաբյանն առանձնացրեց Ազատության հրապարակի բաց լինելն ազատ հավաքների համար: «Մենք պարտադրեցինք իշխանություններին բաց թողնել բոլոր քաղբանտարկյալներին: Նրանց չհաջողվեց քաղբանտարկյալներին օգտագործել որպես ապրանք քաղաքական առեւտրի համար», ասաց ՀԱԿ-ի համակարգողը` հավելելով, որ կոնգրեսին հաջողվեց նաեւ իշխանություններին պարտադրել նստել բանակցային սեղանի շուրջը: Արդյունավետությանը զուգահեռՙ ՀԱԿ-ում ցավում են, որ չեն կարողացել հասնել ամենամեծ նվաճմանը` սեփական իշխանությունը ընտրելու իրավունքին: ՀԱԿ-ում համոզված են, որ արտահերթ թե հերթական, իրենք հասնելու են Սերժ Սարգսյանի հրաժարականին: Իրենք 3 տարի սպասում են այդ օրվան, Ստալինը 4 տարի հայտարարում էր, որ հաղթելու է Հայրենական պատերազմն ու վերջիվերջո հաղթեց: ՀԱԿ-ը չի կասկածում, որ լրջագույն ճակատամարտը 2012-ին է լինելու, եւ ինչպես Ստալինը հաղթեց Հայրենական պատերազմը, այնպես էլ իրենք կհաղթեն Սերժ Սարգսյանին:

Ի դեպ, ՀԱԿ-ը եւ իրեն սպասարկող մամուլը մեկ անգամ չէ, որ Ս. Սարգսյանին նմանեցրել են Հիտլերին, սակայն առաջին անգամն է, որ Լ. Զուրաբյանը ՀԱԿ-ի ղեկավարին, փաստորեն նմանեցնում է Ստալինին...

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4