«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2011-12-21 | #232, 2011-12-22 | #233, 2011-12-23


ԱՊՕՐԻՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՆԱՅՎԵՆ, ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆՈՂՆԵՐԸ` ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԵՆ

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի մասնակցությամբ երեկ դատաիրավական համակարգի խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն էր հրավիրել նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահը շեշտել է, որ ոլորտում իրականացվող բարեփոխումները պետք է բարձրացնեն հանրության վստահությունը համակարգի նկատմամբ:

«Այստեղ մենք տարակարծություններ չենք ունեցել: Եվ ճանապարհն այն է, որ մենք վեր հանեինք, վերացնեինք այն խնդիրները, որոնք խոչընդոտում են հանրության վստահության բարձրացմանը: Իսկ հանրային վստահությունը երեւակայական բան չէ. այն չափելի է, հանգիստ կարելի է ուսումնասիրել եւ եզրակացությունների գալ: Տրվել են հանձնարարականներ, ներկայացվել են առաջարկություններ, որոնց պատշաճ իրագործումը պետք է բարելավեր ձեր ղեկավարած կառույցների գործունեությունը, հենց դրանով հանդերձ բարձրացներ հանրային վստահությունը: Արդյունքներն այսօրվա դրությամբ գոհացուցիչ չեն, եւ չենք կարող արձանագրել լուրջ փոփոխություններ ոլորտում», ասել է նախագահը` հավելելով, որ նման գնահատականի համար հիմք են հանդիսացել ոչ միայն ներկայացված հաշվետվությունները, այլեւ իր հանձնարարականով իրականացված ուսումնասիրությունների արդյունքները:

Երկրի ղեկավարն ասել է, որ քրեական արդարադատության բնագավառում շատ հաճախ կարելի է հանդիպել ապօրինի որոշումների: Նման երեւույթների պատճառներն ավելի խորն են, քան միայն կոնկրետ խախտում թույլ տված պաշտոնատար անձի անբերախղճությունը կամ անփութությունը: «Կան երեւույթներ, որոնք խնդիրը դարձնում են համակարգային: Այստեղ մտածելու շատ բան ունենք եւ լրջորեն պետք է զբաղվենք դրանցով»:

Նախագահը կարեւորել է ապօրինի որոշումների վերանայումը` վերականգնելով անձանց խախտված իրավունքները: Նա նաեւ առաջարկել է անօրինական որոշումներ կայացրած կամ հաստատած քննիչների, դատախազների, դատավորների նկատմամբ նախաձեռնել ծառայողական քննություն` նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու, իսկ քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ հայտնաբերելու դեպքում համապատասխան նյութերն ուղարկել հատուկ քննչական ծառայություն: Նախագահը կարեւորել է վարույթների իրականացման հարցում համապատասխան անձանց նկատմամբ միասնական ու ոչ խտրական մոտեցման ապահովման կարեւորությունը:

Հաշվի առնելով ծրագրի կարեւորությունըՙ Սերժ Սարգսյանն առաջարկել է բարեփոխումների նախագծի կապակցությամբ խորհրդարանական լսումներ նախաձեռնել: Այս խորհրդակցությամբ եզրափակվեց ընթացիկ տարում դատաիրավական համակարգի խնդիրներին նվիրված հանդիպումների շարքը նախագահի մոտ: Հիշեցնեք, որ նախորդ քննարկումներին խորհրդակցության մասնակիցներն անդրադարձել էին նախաքննության որակին, դատախազական հսկողության արդյունավետությանը, դատարանների արդարադատությանը վերաբերող խնդիրներին:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4