«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#231, 2011-12-21 | #232, 2011-12-22 | #233, 2011-12-23


ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԵՑ

Հանրային սննդի ոլորտում սերտիֆիկացման պահանջի կառավարության երեկ ընդունած որոշման մասին լրագրողներին մանրամասներ հաղորդեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը : Նա նշեց, որ գործող համակարգը, ոչ մի էական հարց չլուծելով, լրացուցիչ ծախսեր էր առաջացնում գործարարների համար եւ ստեղծում կոռուպցիոն մեծ ռիսկեր: Սերտիֆիկացման 4 կառույցները, որոնցից 1-ըՙ պետական, 3-ըՙ մասնավոր, տարեկան շուրջ 400-500 սերտիֆիկատ էին տրամադրում: Ըստ նախարարիՙ կարելի է ենթադրել, թե այս ամենի վերացումը որքան կթեթեւացնի գործարարների հոգսերը:

Տիգրան Դավթյանն անդրադարձավ նաեւ կառավարության ընդունած մեկ այլ որոշման, որն առնչվում էր գործարար միջավայրի բարեփոխումների եկող տարվա միջոցառումներին, նշելով, որ կշարունակվեն այս տարի իրականացված փոփոխությունները հարկային մաքսային վարչարարության, ընթացակարգերի պարզեցման եւ այլ ոլորտներում:

«Ազգի» հարցին, թե նախատեսվո՞ւմ է արտոնավճարների համակարգում ընդգրկել մինչեւ 6 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող գործունեության բոլոր տեսակները, քանի որ դրանց մի մասի ընդգրկումը, մյուսների չընդգրկելն անհավասար դաշտ են ստեղծել, Տիգրան Դավթյանը պատասխանեց, որ այդ դաշտը կընդլայնվի, բայց քայլ առ քայլ: Նա հաջողված համարեց արտոնավճարների համակարգի ներդրումը, միաժամանակ ավելացնելով, որ դեռեւս 1-1,5 տարին բավարար չէ առավել հիմնավոր եզրակացություններ կատարելու համար:

Այս տարիՙ 800 հազար զբոսաշրջիկ

Պատասխանելով Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի վերաբերյալ հարցինՙ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը երեկ կարծիք հայտնեց, որ այս տարի մեր երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը կհասնի 800 հազարի: Ըստ նախարարի, առաջիկա 2-3 տարում կհասնենք Հայաստան տարեկան 1 մլն զբոսաշրջիկների այցելության թվին:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4